«Մեծ հեքիաթը»՝ մեծ փառատոնի խորհրդանիշ երգ

Հունիսի 21-ին Հայաստանում մեկնարկող «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համար գրվել է հիմն, որի հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է:

Ինքը՝ կոմպոզիտորը, այն անվանում է ոչ թե հիմն, այլ փառատոնի խորհրդանիշ երգ, որովհետև այն ունի էմոցիոնալ շատ լիցքեր ու փառատոնի գաղափարներն ընդգրկող բովանդակություն:

«Քանի որ երգը գրվել է կինոփառատոնի համար, պետք է մի քիչ էլ կադրային, ֆիլմային թեքում ունենար: Պատահական չեն նաև երգի տողերի սկզբնաբառերը՝ մենք…, մեզ…, բայց…, և…, իսկ կրկներգում՝ բա՛ց…ով…, կա…, ուր…: Հիմքում բարությունն է, սերը, հավատքը և այլն»,- պատմում է մաեստրոն:

Երգի երաժշտությունը ծնվել է այն ժամանակ, երբ կոմպոզիտորը լսել է փառատոնի գաղափարի մասին ու զրուցել նախաձեռնողներից մի քանիսի հետ: Խոսքը և երաժշտությունը գրելու համար նրանից պահանջվեց երկու շաբաթ:

«Մեծ հեքիաթ» երգի գործիքավորումը ևս կատարել է Վահե Հայրապետյանը, ինչից հետո փառատոնին միանալու ցանկություն հայտնեց նաև Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

«Ո՞նց կարող է լավ երաժշտությունը վատ գաղափարի համար լինել: Սա իմ՝ որպես քաղաքացու, որպես քրիստոնյայի վերաբերմունքն է փառատոնին»,- ասում է Երվանդ Երզնկյանն ու խոստովանում, որ համաձայնել է միանալ փառատոնին հենց երգը լսելու պահին:

Այս օրերին ընթանում են երգի ձայնագրման աշխատանքները: Առաջին անգամ այն հնչելու է հունիսի 21-ին՝ «Ֆրեսկո» փառատոնի բացման արարողության ժամանակ, որը տեղի կունենա Կարապի լճի տարածքում: Երգի կատարման ընթացքում բեմում կլինեն նաև լսողության խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր երգի բովանդակությունը հանդիսատեսին կփոխանցեն ժեստերի լեզվով:

«Հայերն այսօրը» Ֆրեսկո փառատոնի ինֆորմացիոն աջակիցն է:

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed

Scroll Up