Ադրբեջանում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցող հայկական կողմը հարցեր է բարձրացրել խաղաղությանը խոչընդոտող գործոնների մասին
ՆԱՏՕ-ի խորհրդարական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը «Արմենպրես»-ին է ներկայացրել Ադրբեջանում ընթացող Rose-Roth սեմինարին հայկական կողմի բարձրացրած հարցերը: Նրա խոսքով` քննարկումներն ընթանում են թեժ մթնոլորտում, որոնց առանցքում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացն է: «Մեր բանավեճի առանցքում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն է, և ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հստակ ներկայացրել է իր դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ՝ մասնավորապես նկատելով, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին: Մենք նաև նշել ենք, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի անմիջական ներգրավման արդյունքում»,- ասաց Կորյուն Նահապետյանը:
ԱԺ պատգամավորի հավաստմամբ` հայ պատվիրակները մի շարք շեշտադրումներ են կատարել` կապված զինադադարի բազմակի խախտման դեպքերի, շփման գծից դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման, թշնամական քարոզի դադարեցման, տնտեսական շրջափակման և բազում այլ հանգամանքների վերաբերյալ, որոնք խոչընդոտում են այսօր խաղաղության հաստատմանը, հակամարտության կարգավորմանը, կողմերի միջև վստահության ամրապնդմանը: «Քննարկման ընթացքում հիմնականում ակտիվ են Հայաստանի և ադրբեջանական պատվիրակները, խորհրդարանական վեհաժողովի մյուս պատվիրակները մեծ հետաքրքրություն չունեն քննարկումների նկատմամբ և հազվադեպ են արձագանքում»,- հայտնեց Կորյուն Նահապետյանը:
Հարցին ի պատասխան, արդյոք Ադրբեջանը պահել է տված խոստումն ու ապահովել հայ պատվիրակների անվտանգությունը, Կորյուն Նահապետյանը նշեց. «Այո՛, իր խոստումը պահպանել է մինչ այս պահը, որը կարող եմ արձանագրել: Օդանավակայանից սկսած՝ մեզ տրամադրվել են անվտագության միջոցներ թե’ միջոցառման վայրում և թե՛ հյուրանոցում: Մեզ ուղեկցում են անվտանգության ծառայողներ, և այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում»:
ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth 84-րդ սեմինարին մասնակցելու համար Բաքու են մեկնել Հայաստանի խորհրդարանի պատգամավորներ` ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը եւ Երեւանում Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: