Հայերը Սպիտակ տան դիմաց ցույցով Օբամայից պահանջել են դադարեցնել հալեպահայերի դեմ հարձակումները

ԱՄՆ Վաշինգթոն քաղաքի ամերիկահայությունը սիրիահայերին սատարելու կոչով բողոքի ցույցեր է անցկացրել Սպիտակ տան դիմաց: Ցուցարարները կոչ են արել նախագահ Բարաք Օբամային անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու թիրախավորված ռմբակոծությունները Հալեպի հայ բնակչության դեմ և բարձրացնելու իրազեկվածությունը հայ համայնքի զգալի հատվածի համար հայրենիք հանդիսացող սիրիական հյուսիսային քաղաքների վերահաս ոչնչացման մասին: «Հալեպի բնակչությունը տառապում է անողոք ռմբակոծությունների հետևանքով, իսկ Նոր գյուղի հայկական համայնքը գտնվում է թուրքական կառավարության կողմից օժանդակվող ջիհադիստական խմբերի հարձակումների ողջ ծանրության տակ: Ժամանակն է, որպեսզի նախագահ Օբաման արագ ճնշումներ գործադրի Թուրքիայի վրա` ստիպելով դադարեցնել այս դաժանությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ներկայացուցիչ Ռազմիկ Լիբարյանը:
Բողոքի ցույցերը շարունակությունն էին հունիսի 12-ին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանի նամակի` ուղղված Բարաք Օբամային: Նամակում Խաչիկյանը հորդորել էր Սպիտակ տանը «հարկադրաբար միջամտել` օժանդակելու Հալեպի արիաբար մաքառող և անպաշտպան բնակչությանը»: Նա նաև պահանջել է Օբամայից «եկող շաբաթվա ընթացքում արտակարգ նիստ հրավիրել ամերիկահայ համայնքի կրոնական, քաղաքացիական, բարեգործական ընկերությունների և համայնքային առաջնորդների հետ` քննարկելու Հալեպի փրկության գործողությունների պլանը»:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: