Իր մահկանացուն է կնքել ականավոր մտավորական Պողոս Սնապյանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/1406Boghos-Snabian1.jpg)
Հունիսի 14-ին իր մահկանացուն է կնքել «Բագին» ամսագրի բազմամյա վաստակավոր խմբագիր, հայ ժամանակակից գրականության իր ուրույն ներդրումը ունեցած գրականագետ, դաշնակցական ականավոր մտավորական Պողոս Սնապյանը: Նա ժամանակակից Սփյուռքի մեծագույն մտավորականներից էր, ով երկար տարիներ դարձել էր արեւմտահայ գրականության ու գրականագիտության տարածողն ու վերծանողը։ Պողոս Սնապյանը ծնվել էր 1927 թվականին պատմական Մուսա լեռում, ապա իր հայրենակիցների հետ բռնել տարագրության ուղին ու հաստատվել Լիբանանի Այնճար գյուղաքաղաքում։ Ավարտել էր Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը, ուսանել Փարիզի Սորբոնի համալսարանում։
1951-ից աշխատակցել է սփյուռքի տարբեր պարբերականների: 1958-ից՝ Բեյրութում հրատարակվող համասփյուռքյան «Բագին» հանդեսի խմբագրակազմի հիմնադիր-անդամ էր Կարո Սասունու եւ Էդվարդ Բոյաջյանի հետ, 1966-2006-ին՝ գլխավոր խմբագիրը: Դասավանդել է Լիբանանահայ մի շարք ուսումնական հաստատություններում։
Հեղինակ էր «Ժամանակ չկայ» վիպակի, «Յեղափոխութեան համար», «Ես այդ շունն եմ», «Կորստյան թույներ», «Աղքատներուն ավանդութիւնը», ժողովածուների եւ այլ գրքերի, գրականագիտական մենագրությունների, դիմանկարների, տարեգրքերի, բազմաթիվ գրախոսական հոդվածների:
Արժանացել է Հայաստանի գրողների միության Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի, ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։
«Հայերն այսօրը» խորապես ցավակցում է մեր ժամանակների սփյուռքահայ անվանի գրող վաստակաշատ մտավորական Պողոս Սնապյանի հարազատներին, բարեկամներին, ընկերներին և ողջ հայ ժողովրդին: