Դեսպան Վարդանյանը հանդիպեց Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղարին

Հունիսի 11-ին Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հանդիպեց Ֆիլիպինների արտաքին գործերի քարտուղար Ալբերտ Դել Ռոսարիոյին:

Հանդիպման սկզբում դեսպան Վարդանյանը քարտուղար Դել Ռոսարիոյին փոխանցեց ՀՀ ԱԳ նախարարի ջերմ ողջույնները և Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը:

Քարտուղար Դել Ռոսարիոն շնորհավորեց դեսպան Վարդանյանին նշանակման կապակցությամբ` հույս հայտնելով, որ այն թափ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը:

Զրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց` քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղղությամբ:

Քննարկվեցին նաև ներդրումների խրախուսման, գիտակրթական, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, առողջապահության, շինարարության, տուրիզմի ոլորտներում փոխգործակցության ձևավորման հնարավորությունները: Երկուստեք ընդգծվեց երկու երկրների հարաբերությունների ընդլայնման համար մեծ կարևորություն ունեցող փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը:

Դեսպան Վարդանյանը քարտուղար Դել Ռոսարիոյին հանգամանալից ներկայացրեց Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը` նշելով, որ Ադրբեջանը հաճախ աղավաղում է ինչպես պատմական փաստերը, այնպես էլ բանակցությունների բովանդակությունը և էությունը` խոչընդոտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից որդեգրած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման վերջում կողմերը մտքեր փոխանակեցին ԱՍԵԱՆ միջազգային կազմակերպության` տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման դերի շուրջ: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

g_image (4) g_image (5)

Scroll Up