«Կարմիրի 60 երանգները». նոր ցուցադրություն Հայաստանի ազգային պատկերասրահում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/middle_8984439333b3267e04c345d79ddfbf45-300x225.jpg)
Հունիսի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կարմիրի 60 երանգները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Սանկտ Պետերբուրգում բնակվող անվանի հայ նկարիչ Աշոտ Խաչատրյանի ստեղծագործությունները:
Աշոտ Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության վարչության անդամ է, «Սանկտ Պետերբուրգի նկարիչ» լրագրի համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրը, նա հասարակական ակտիվ գործիչ է, ինչպես նաև` Ռուսաստանում և արտերկրում մի շարք ցուցահանդեսների կազմակերպիչ և մասնակից:
Աշոտ Խաչատրյանի վաղ շրջանի ստեղծագործություններն աչքի են ընկնում կատարման թեթևությամբ և ազատությամբ: Նրա արվեստին նվիրված հոդվածները վերնագրված են` «Կարմիր երանգների աշխարհ», «Կարմիրը և կանաչը»:
Նկարիչն իր վերջին կտավներում հանգում է մտահղացումների մարմնավորման ավելի ընդգծված ամբողջականության: Մանրուքներն ու մանրամասները չեն թաքցնում ամենակարևորը` կերպարի հուզական ներքին լարվածությունը: Նույնիսկ վերացական նկարները ճանաչելիության և ճշմարտության զգացմունք են արթնացնում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից: