Դուդուկի հայրենիքում փորձություն է ցանկացած ելույթ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/download-11.jpg)
Գեորգի Ազատովը Կալուգայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է: Նրա գլխավորած նվագախումբն արդեն Հայաստանում է և պատրաստվում է առաջին անգամ հանդես գալ հայաստանյան երաժշտասերների առջև: Համերգի նախաձեռնողն ու հովանավորը ՀՀ Սփյուռքի նախարարությունն է: Իսկ նվագախմբի հայաստանյան այցելության բոլոր խնդիրները կարգավորել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը: Մեր զրույցը Գեորգի Ազատովի հետ տեղի ունեցավ փորձից առաջ:
–Պարոն Ազատով, ցավոք, Հայաստանում չգիտեն Ձեր մասին, Ձեր գլխավորած նվագախմբի մասին: Իհարկե, ճանաչելու համար քարոզչություն և ստեղծագործական շփումներ են պետք, որոնք բացակայել են:
– Միանգամայն իրավացի եք, քանի որ մեր նվագախումբը որքան հայտնի է Կալուգայում և Ռուսաստանի այլ բնակավայրերում, այնուհանդերձ Հայաստանում ճանաչում չունի: Պատճառն այն է, որ մենք հյուրախաղերով այստեղ հանդես չենք եկել, չեն եղել գործուն շփումներ հայաստանյան երաժշտական աշխարհի հետ: Սակայն, հույս ունեմ, որ մեր այս անդրանիկ հանդիպումը հայ երաժշտասերի հետ հնարավորություն կընձեռի երկուստեք ձևավորելու սերտ կապեր և համագործակցություն:
– Ինչո՞վ է ուշագրավ ձեր նվագախմբի համերգային հայտագիրը, ինչու՞ ցանկացաք այն ներկայացնել Հայաստանում:
– Որևէ մեկին գաղտնիք չէ, որ Հայաստանը դուդուկի հայրենիքն է: Այսօր դուդուկն արդեն տեղ է գտնում աշխարհի ճանաչված նվագարանների շարքում, ներգրավվում տարբեր նվագախմբերում, մասնավորաբար իր ներկայությունը հաստատում հոլիվուդյան կինոերաժշտության մեջ: Չափազանց մեծ են այս նվագարանի հնարավորությունները, նրա միջոցով կարելի է հետաքրքիր ծրագրեր կազմել: Մենք որոշեցինք փոքր-ինչ ընդլայնել դուդուկի հնարավորություններն ու այն օգտագործել հատկապես դասական երաժշտության մեջ: Մեր ծրագիրը կազմված է ինչպես խորհրդային շրջանի դասականների, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորական դպրոցի ականավոր ներակայացուցիչների ստեղծագործություններից: Մենք դուդուկի միջոցով հնչեցնելու ենք նրանց երաժշտությունը: Մենք առաջինն ենք խիզախել և դիմել նման քայլի:
–Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ: Սա առաջին փորձը չէ: Արդեն իսկ այն հանգամանքը, որ Ավետ Տերտերյանը իր սիմֆոնիաներից մեկում օգտագործել է դուդուկը, վկայությունն է այն բանի, որ դուդուկը վաղուց ներգրավված է նաև սիմֆոնիկ երաժշտության մեջ:
-Տեղյակ եմ Ավետ Տերտերյանի սիմֆոնիայի մասին: Սակայն հայ նշանավոր կոմպոզիտորը երաժշտություն է գրել հատուկ դուդուկի համար,մինչդեռ մենք դիմել ենք համադրության, այլ նվագարանի համար գրված երաժշտությունը հնչեցնում ենք դուդուկով: Սա է մեր նորույթը և ստեղծագործական խիզախումը:
– Իսկ արդյո՞ք չեն հնչելու մեզ համար ավանդական դարձած կոմպոզիտորների ստեղծագործություններ:
– Ցավոք սրտի, այսօր Ռուսաստանում գրեթե չգիտեն Կոմիտասին և Ալեքսանդր Սպենդիարյանին: Նրանք մեծ կոմպոզիտորներ են, ստեղծել են հարուստ ավանդույթներ, մինչդեռ որոշակիորեն մոռացության են մատնված: Մեր հայտագրում տեղ են գտել նաև նրանց ստեղծագործությունները: Ասեմ, որ դուդուկի հայրենիքում հանդես գալը մեծ պատասխանատվություն է, մեծ փորձություն: Գիտեմ, որ Հայաստանն ունի դուդուկի հրաշալի վարպետներ, ուստի շատ կուզենայինք լսել նրանց կարծիքներն ու գնահատականները: Ավելացնեմ, որ այս ծրագիրը մենք կյանքի կոչեցինք տաղանդավոր դուդուկահար Աշոտ Ղազարյանի հետ: Նա դարձավ նախաձեռնողներից մեկը, նրա ջանքերով ամբողջացավ մեր հայտագիրը:
–Ի՞նչն է պատճառը, որ սերտ չեն եղել ձեր առնչությունները Հայաստանին:
-Ես ծնվել եմ Թբիլիսիում: Եվ, ինչպես շատ վիրահայեր, ստացել եմ ռուսական կրթություն, աստիճանաբար հեռացել եմ լեզվից, մշակույթից: Հետո ընդունվել եմ Սարատովի կոնսերվատորիա և գործունեությունս ծավալել հենց այդ քաղաքում: Վերջին տարիներին հրավիրվել եմ Կալուգա հենց հայ համայնքի շնորհիվ ու առաջարկությամբ: Հայերեն չեմ խոսում, սակայն իմ մեջ նստած է հայ երաժշտությունը: Ինչպես ասում են, նյարդերով եմ զգում այն: Ասեմ, որ Հայաստան եմ գալիս իմ կյանքում երկրորդ անգամ: Պատանությանս տարիներին եմ մեկ անգամ եղել Հայաստանում: Դեռ Երևանին չեմ ծանոթացել, սակայն զգում եմ, որ հրաշալի հայրենիք ունենք:
–Ուրեմն, թույլ տվեք հաջողություն մաղթել ձեզ և հուսալ, որ հայ երաժշտասերը սիրով կընդունի ձեր նվագախմբի ելույթը:
– Հուսանք:
Զրուցեց Լևոն Մութաֆյանը