Երեք խնձոր «Գավիթից». մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթ լսողին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/06/unnamed-35.jpg)
Հունիսի 1-ին`Երեխաների պաշտպանության միջազգային օրը, մոսկվաբնակ հայության համար հաճելի անակնկալ էր պատրաստել Մոսկվայի Հայորդյաց տան «Գավիթ» թատրոնը:
Մոսկվայի նորակառույց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու բակում նրանք բացօթյա ներկայացում էին կազմակերպել հայ մանուկների և նրանց ծնողների համար: Հայ մեծ գրող Հովհ. Թումանյանի երեք նշանավոր հեքիաթների այսօրինակ մատուցումը նորություն էր բոլորի համար. չկար բեմ, չկային դեկորացիաներ, իսկ նստատեղերին փոխարինել էր հայկական կարպետը:
Երեխաներն ու նրանց ծնողները անհագ հետաքրքրությամբ ու հիացմունքով հետևում էին հեքիաթների հերթափոխին․«Քաջ Նազար», «Մի կաթիլ մեղր», «Սուտլիկ որսկանը»:
«Գավիթ» թատրոնի դերասանների վարպետությունն անվիճարկելի էր: Իզուր չէ, որ նախօրեին նրանք Հայորդյաց տանը ստացել էին թատերական ստուդիայի ավարտական դիպլոմ՝ «Թատրոնի դերասան» որակավորմամբ․ «Գավիթի» գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանի հինգ տարիների քրտնաջան աշխատանքը տվել էր իր պտուղները:
Ներկայացումը շատ ջերմ ընդունվեց, և «Գավիթը» որոշեց նմանօրինակ ելույթները եկեղեցու բակում այսուհետ ավանդույթ դարձնել:
«Ահա և վերջ. թատրոնում գրվեց ևս մեկ էջ, ավանդույթի համաձայն՝ այսօր երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ գրողին, մեկը՝ պատմողին, մեկն էլ՝ հեքիաթ լսողին»:
Եվ հեքիաթ լսող երեխաներն իրոք խնձորներ ստացան…
Ջեմմա Կիրակոսյան
Մոսկվայի Հայորդյաց տան հայոց լեզվի ուսուցչուհի