«Ովսաննան» և «Նորահրաշը» հերթական անգամ փայլեցին իրենց կատարումներով

Թող Աստված եղածը պահի,

Եվ հետո ինչ էլ պատահի,

Ձյուներդ հայերեն են լալու,

Գարունդ հայերեն է գալու,

Հայերեն են գալու դարերդ…

Սահյանական տողերով և Լենա Բեգլարյանի հեղինակային երաժշտությամբ գրված այս գողտրիկ երգի կատարումը հիրավի անմոռաց եզրափակումն էր Մոսկվայի  Հայորդյաց տան «Ովսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերի հաշվետու համերգի, որը տեղի ունեցավ մայիսի 31-ին կրթօջախի դահլիճում։

Նվագավար, երգահան, երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի սաները առաջին անգամ չէ, որ իրենց հայաշունչ կատարումներով հիացնում  էին հանդիսատեսին։ Բայց այն, ինչին ունկնդիր ու ականջալուր եղանք այդ օրը, վեր էր ամեն դրվատանքից ու գովեստից․ այդ ամենը պետք էր տեսնել, լսել և զգալ։

Երբ համերգավար Ջեմմա Կիրակոսյանի ներածական խոսքից հետո բեմ դուրս եկան երգչախմբի սաները՝  Հայորդյաց տան  նկարչուհի-դիզայներ Հրաչուհի Մարտիրոսյանի ստեղծած հայ ազգային ոճին համահունչ, նրբաճաշակ բեմական հագուստներով, համատարած հիացմունքի ալիքից ալեկոծվեց դահլիճը։Ու թևածեց հայոց երգը՝ անաղարտ ու հարազատ։ Մեկը մյուսին հաջորդում էին երաժշտական կատարումները։ Սաները մեծ ոգևորությամբ կատարում էին թե՛ հայկական ժողովրդական, թե՛ ժամանակակից հայ երգահանների և թե՛ Լենա Բեգլարյանի հեղինակային ստեղծագործությունները։ Իրենց մանկական, անմիջական ու անկեղծ կատարումներով ավագ սաներից հետ չէին մնում նաև փոքրիկ երգիչները։ Իսկ երբ երաժշտախմբերի ելույթն ընդմիջվում էր պարուսույց Մարգարիտա Գրիգորյանի փոքրիկ սաների պարային համարներով, որոտընդոստ ծափերն ու «կեցցե՛ք» բացականչությունները երկար ժամանակ չէին լռում։ Հանդիսատեսի հիացմունքին արժանացան նաև անհատ կարողները, ովքեր հանդես եկան հայերեն և օտարալեզու ստեղագործությունների կատարմամբ։

Համերգի ավարտին իր դրվատանքի  խոսքը սաներին և Լենա Բեգլարյանին ուղղեց Հայորդյաց տան  տնօրեն Հմայակ Գևորգյանը․ «Թող երիցս օրհնյալ լինի այս կրթօջախը, ուր հայեցի դաստիարակություն են ստանում հայ ազգի այս շնորհաշատ զավակները, ուր իրենց նվիրումն ու ազգանվեր ծառայությունն են բերում այնպիսի մանկավարժներ, ինչպիսին է տիկին Բեգլարյանը, ում համար  Հայորդյաց տունը  վաղուց արդեն աշխատավայր չէ, այլ հարազատ օջախ»։

Տնօրենի խոսքին հաջորդեց  Հայորդյաց տան  հոգևոր տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանի օրհնության և բարեմաղթանքի խոսքը։ Նա նախ ներկաներին փոխանցեց Սրբազան հոր օրհնությունն ու քաջալերանքը  Հայորդյաց տան սաներին, մանկավարժական ողջ անձնակազմին, ապա հայտնեց, որ ավանդույթի համաձայն՝ ուսումնական տարա ավարտին Սրբազան հոր կողմից «Գիր գովեստի» պատվոգրեր կշնորհվեն  Հայորդյաց տան հոգևոր-մշակութային կյանքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի շարք տաղանդավոր հայորդիների։

Հաճելի անակնկալ էր սպասվում նաև խմբավարական և մանկավարժական անձնակազմին։ Իրենց նվիրյալ, անշահախնդիր, ազգանվեր գործունեության համար շնորհակալագրերով պարգևատրվեցին կրթօջախի «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանը, գոբելենի խմբի ղեկավար Յուրի Հովսեփյանը, «Հայասա» պարային համույթի ղեկավար Արփինե Ամիրյանը, պարուսույց Մարգարիտա Գրիգորյանը, «Ովսաննա» և «Նորահրաշ» երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանը, լրագրող Արմինե Կարեյանը։  Շնորհակալագրերով պարգևատրվեցին նաև կրթօջախի առավել ակտիվ ծնողները, ովքեր անշահախնդիր կերոպով իրենց մասնակցությունն ու օգնությունն են ցուցաբերել կենտրոնի հասարակական կյանքում և կազմակերպչական հարցերում։

Վերջում հոգևոր տեսուչն իր գոհունակությունը հայտնեց Հայորդյաց տան մանկավարժական անձնակազմին բարեխիղճ ու ազգանվեր աշխատանքի համար և 2013-2014 ուս․ տարում առավել աչքի ընկած ուսուցիչներ Աշոտ Ավետիսյանին, Սիլվա Գյուլիշյանին, Ջեմմա Կիրակոսյանին, Արմինե Իջյանին, Աննա Թումանյանին, Երանուհի Ղազարյանին հանձնեց շնորհակալագրեր։  Տեր Առաքելն իր խոսքը եզրափակեց  Հայորդյաց տան  տնօրենին ուղղված գնահատանքի և շնորհակալական խոսքերով՝  նշելով, որ պարոն Գևորգյանն իր գործունեությամբ այս ազգանվեր ու աստվածահաճո կրթօջախի նվիրյալն է, որը կոչվում է «Հայորդյաց տուն  հայեցի դաստիարակության կենտրոն»։

Երանուհի Ղազարյան

Մոսկվայի Հայորդյաց տան հայոց լեզվի ուսուցչուհի

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (4) unnamed

Scroll Up