Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրման 96-ամեակի առթիւ ժողովրդական տօնախմբութիւն Նոր Ջուղայում

Թւականիս ուրբաթ՝ մայիսի 30-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան կենտրոնատեղիում մեծ շուքով նշւեց Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 96-ամեակը: Հանդիսութիւնը մեկնարկեց «Հանրապետական մաղթանք» արարողութեամբ, որ կատարւեց Տ. Անանիա վրդ. Գուճանեանի գլխաւորութեամբ եւ մասնակցութեամբ քահանայից ու դպրաց դասերի եւ Ս.Ա. Վանքի «Կոմիտաս» երգչախմբի երգեցողութեամբ: Յաւարտ Հանրապետական մաղթանքի Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Արի-արենուշական հատւածի միջոցով տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն, եւ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեցին Իրանի Իսլամական ու Հայաստանի Հանրապետութիւնների պետական օրհներգերը: Հայաստանի անկախացման 96-ամեակի նշման յանձնախմբի խօսքն ընթերցեց Մադլէն Ղարիբեանը, այնուհետեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիրներից՝ Արամ Մանուկեանի պատկերի առջեւ տեղի ունեցաւ շքերթ-տողանց՝ մասնակցութեամբ թեմի ազգային իշխանութեան եւ ազգային այլ մարմինների ներկայացուցիչների, շրջանի Հայ դատի յանձնախումբի, հայոց ազգային դպրոցների տեսչութիւնների, ուսուցչական կազմերի, ծնողական խորհուրդների, աշակերտութեան, թեմի գործող միութիւնների ու երգչախմբերի վարչութիւնների, «Ռուբէն» երիտասարդական եւ «Թադէոս Թադէոսեան» պատանեկան միութիւնների եւ ՀՀ 96-ամեակի նշման յանձնախմբի: Շքերթը եզրափակւեց Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի բոլոր հատւածների տողանցով: Շքերթի մասնակիցներին ընդունեցին հայր Անանիա վրդ. Գուճանեանը, ազգային իշխանութեան եւ շրջանիս Հայ դատի յանձնախմբի ներկայացուցիչները: Ծրագրի երկրորդ բաժնում օրւայ խորհուրդի առթիւ բանախօսութեամբ հանդէս եկաւ ազգային գործիչ Վրէժ Շիրւանեանը: Յաջորդիւ Շահինշահր քաղաքի հայ համայնքի հոգեւոր տեսուչ Տ. Անանիա վրդ. Գուճանեանը նախ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպիսկոպոս Չարեանի բացակայութեան պատճառով ներկաններին փոխանցեց Սրբազան հօր ողջոյններն ու շնորհաւորանքը, ապա իր պատգամը յղեց ներկաններին:
Ծրագիրը շարունակւեց Հայաստանից հրաւիրւած ՀՀ վաստակաւոր արտիստ Ներսիկ Իսպիրեանի ազգային-ժողովրդական եւ յեղափոխական ոգեւորիչ երգերի կենդանի կատարումներով, որին երաժշտութեան կատարումներով ընկերակցում էին Արայիկ Միրզախանեանը եւ Վարդան Կարապետեանը:
Տօնական երեկոն եզրափակւեց հրավառութեամբ:
Երանուշ Թահմազեան
Իրան(Նոր Ջուղա)
Լուսանկարները՝Գեւիկ Խաչատրեանի եւ Ե. Թահմազեանի