Հովհ. Թումանյանի 145-ամյակին նվիրված գրական-երաժշտական երեկո Մոսկվայի Ազգությունների տանը

Ս.թ. մայիսի 27-ին Մոսկվայի Ազգությունների տանը տեղի է ունեցել Հ. Թումանյանի 145-ամյակին նվիրված գրական-երաժշտական հուշ-երեկո: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնեցին Մոսկվայում ՀՀ դեսպանությունից, երեկոն  կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը` Մոսկվայի Ազգությունների տան, Մոսկվա քաղաքի միջտարածաշրջանային համագործակցության, ազգային քաղաքականության և կրոնական կազմակերպությունների հետ կապերի դեպարտամենտի հետ համատեղ:

Երեկոն վարում էր հայ համայնքի ներկայացուցիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Մոսկվայի Ա.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան Պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի դասախոս Բ.Զուլումյանը: Նա ներկայացրեց Թումանյանի ստեղծագործական ուղու հակիրճ պատմությունը: Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին  հատուկ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ 1915թ. Ցեղասպանությունից հետո Թումանյանը գլխավորեց Էջմիածնում ստեղծված փախստականների հարցերով կոմիտեն:

Ելույթներով հանդես եկան բազմաթիվ պատմաբաններ, հայ և ռուս անվանի գրողներ, ընթերցվեցին Թումանյանի բանաստեծություններն ու պոեմները:

Երեկոյի ավարտին ցուցադրվեցին Հ.Թումանյանին մասին պատմող վավերագրական ֆիլմ և մեծ  բանաստեղծի հեքիաթներից մեկի կարճ թատերական բեմադրությունը:

Միջոցառմանը մասնակցեց դեսպանության երկրորդ քարտուղար Վ.Մելքումովան:

Scroll Up