Հայորդյաց տան քանոնահարուհիները փայլեցին իրենց կատարումներով
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/unnamed-328.jpg)
2010թ-ին Ռուաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ Կոնսերվատորիայի ասպիրանտ, տարիներ շարունակԿոնսերվատորիայում և երևանյան երաժշտական դպրոցում դասավանդման փորձ ունեցող Իսկուհի Կարապետյանը թեմի հովանու ներքո գործող Մոսկվայի Հայորդյաց տանը հիմնադրեց քանոնի դասարան։ Գոյության չորս տարիների ընթացքում կրթօջախի տասնյակ սաներ քանոնի կախարդանքին ծանոթանալու ցանկություն հայտնեցին, սակայն նրանց մեջ կային այնպիսիք, ովքեր որոշեցին հիմնովին յուրացնել քանոնի գաղտնիքները։ Նրանցից է Անժելիկա Թարվերդյանը։ Հայրը՝ Արմեն Թարվերդյանը,իմանալով խմբակի մասին, 8-ամյա դստերը բերել էր դասերին, ապա Երևանից նրա համար քանոն պատվիրել, որպեսզի Անժելիկան հնարավորություն ունենար յուրացնել քանոնն ամբողջությամբ։ Չորս տարվա աշխատանքն իրեն ավելի քան արդարացրեց։
«Անժելիկային բացառիկ տաղանդավոր երեխա կարող եմ համարել։ Չորս տարիների ընթացքում նա կարողացավ այնպիսի արդյունք ցույց տալ, որ հնարավոր դարձավ մենանվագով հանդես գալ կայացած կոլետիվների հետ։ Տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր, որ այսօր, չնայած իր տարիքին, նա արդեն իսկ ներկայանում է մենահամերգով՝ փայլուն կատարելով հայկական ժողովրդական և հայ դասականների ստեղծագործությունները»,- կրթօջախում կայացած քանոնի համերգից հետո ասաց Իսկուհի Կարապետյանը։
Համերգի առաջին բաժնում Անժելիկան ներկայացավ մենանվագով, իսկ երկրորդ բաժնում նրան նվագակցում էին քանոնի խմբակի 6-26 տարեկան մյուս սաները՝ Անահիտ Իգիթյանը, Արփի Ավետիսյանը, Անգելինա Գալստյանը, Քրիստինե Հարությունյանը, Գայանե Գրիգորյանը։ Համերգային ծրագրում նվագակցում էին նաև Էմիլ Խինոյանը՝ դհոլ, Լիլյա Ղազարյանը՝ դաշնամուր, և Կոնստանտին Սադոևը։
«Ցանկանում եմ իմ հատուկ շնորհակալությունը հայտնել Կոնստանտին Սադոևին՝ ողջ բաժնի դաշնամուրային նվագակցության համար։ Նա միշտ աջակցում է մեզ իր բարձրակարգ նվագակցություններով»,- նշեց Իսկուհի Կարապետյանը։
Համերգին ներկա էր ոչ միայն դպրոցի անձնակազմը, այլև մոսկվաբնակ մշակութային հայ գործիչներ, ովքեր համերգի ավարտին իրենց երախտագիտությունը հայտնեցին Հայորդյաց տանն ու Իսկուհի Կարապետյանին՝ օտար հողում ազգային գործիքը հնչեցնելու և սերունդներին փոխանցելու համար։
Հունիսի 12-ին կրթօջախի ժողգործիքների «Ակունք» անսամբլը, Իսկուհի Կարապետյանը և Անժելիկա Թարվերդյանը մասնակցելու են Մերձմոսկվայում անցկացվելիք Ժողովրդական արվեստի՝ “Хранители наследия России” 7-րդ մրցույթ-փառատոնին՝ հերթական անգամ մեր ազգային գործիքներն ու երաժշտությունը ներկայացնելով ռուս հանդիսատեսին։
Արմինե Կարեյան, Մոսկվա