«Մնաք բարով, սիրելինե´ր…»
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/05/Без-имени-13.jpg)
Արշիլ Գորկի… այդպես է մեծանուն նկարչին ճանաչում աշխարհը: Ոչ միայն ճանաչում, այլև հիանում նրա կտավներով, որոնք զարդարում են աշխարհի լավագույն թանգարանները, մասնավոր հավաքածուները…
Ոստանիկ Ադոյան…Այս անունն են տվել նրան ծնողները, երբ Վանի Խորգոմ գյուղում ծնվել է աշխարհին դեռ անհայտ նկարիչը, ով արդեն վաղուց դարձել է Ցեղասպանության յուրատեսակ խորհրդանիշ:
«Մնաք բարով, սիրելինե´ր»… Սրանք Գորկու վերջին խոսքերն էին մահից ու նոր` հավերժական կյանքից առաջ…
Կյանք` լի դեգերումներով, պայքարով, ցավով ու սիրով, որն այսօր մեզ է ներկայացնում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը, ով այսօր աշխատում է Էջմիածնի Մայր տաճարում` որպես մշակութային խորհրդական և «Խրիմյան» թանգարանի տնօրեն.
Մեծանուն նկարիչը հայ գեղանկարչության բացառիկ երևույթներից է, նկարիչ, ով փրկվել է Եղեռնից, ապրել շատ ծանր ժամանակներ և վերջապես քրոջ հետ հասել Ամերիկա:
Մենք, հատկապես խորհրդային շրջանում, ավելի ծանոթ էինք եվրոպահայ նկարիչներին. Ժանսեմ, Գառզու, Լևոն Թյությունջյան… Եվ բոլորվին չգիտեինք, թե ով է Արշիլ Գորկին, ինչպիսի նկարիչ է: Իսկ նա մեզ արդեն ծանոթ եվրոպահայ նկարիչների պես բացառիկ երևույթ է, և ամենակարևորը` նրա նկարչական ոգին, սերը հանդեպ նկարչությունը ծնվել է դեռ մանուկ հասակում, ծնվել է դեռ Վանում:
Առաջին ծանոթությունը Գորկու հետ
1968 թվականն էր… Երևան էր եկել Գորկու քույրը` Վարդուհին (Վարդուշ), ով իր հետ եղբոր նկարների տեսասլայդներն էր բերել: Եվ մենք առաջին անգամ տեսանք նրա գործերը, ծանոթացանք նրա արվեստին:
Արվեստի աշխատողների տանը կազմակերպված երեկոյին ներկա էր նաև Գորկու հորեղբոր որդին` Ադո Ադոյանը: Նա մեզ պատմեց հետևյալ դեպքը. «Մի անգամ դասի ժամանակ վարժապետ պարոն Միհրանը նկատում է, որ վերջին շարքում նստած Ոստանիկը կլանված է ինչ-որ բանով: Բարկացած վարժապետը հրամայում է Ոստանիկին անմիջապես իր մոտ գալ ու ցույց տալ քարետախտակը: Իսկ քարետախտակի վրա պատկերված էին միմյանց հոշոտող երկու շներ: Տեսնելով նկարը` պարոն Միհրանի բարկությունն անմիջապես անցնում է, ու նա, դիմելով Ոստանիկին, ասում է` «Այս ինչ հրաշք է, տղա´ս, դուն անպայման նկարիչ ես դառնալու»…
Երեկոյին ներկա էր նաև Մինաս Ավետիսյանը, ով ոգեշնչվելով Գորկու նկարներով` ստեղծում է «Աղթամարի պատերի տակ. հրաժեշտ Վանին» հրաշալի նկարը` կենտրոնում պատկերելով մանուկ Ոստանիկին: Այդ նկարն այսօր պահվում է Դետրոյթի «Ալեք և Մարի Մանուկյան» թանգարանում:
Այն ժամանակ ես Սարյան թանգարանի տնօրենն էի: Գորկու գործերը ցույց տվեցի արդեն 90-ամյա Վարպետին: Ուշադիր նայելով նկարները` նկատեց. «Շատ ազատ մտածող նկարիչ է, գծերը խոսուն են, զգայուն: Գույները շատ գեղեցիկ են և իմ գույներին էլ շատ մոտ են: Այդ ամենը հնարված չէ, հիշողությունների, ներքին տեսողության ծնունդ է: Նրան աբստրակցիոնիստ անվանելն այնքան էլ ճիշտ չէ…»:
Գաղթի ճանապարհ… Հետո` Հայաստան, Ամերիկա…
1915 թվականին Վասպուրականից հեռացող գաղթականների հետ Ոստանիկը մոր ու քրոջ հետ հասնում է Էջմիածին: Վրա հասած համաճարակը նրանց ստիպում է տեղափոխվել Երևան և ապաստանել նախկին Ալավերդյան (այժմ` Հանրապետության) փողոցում: Միաժամանակ բնակվում են Շահաբ (այժմ` Մայակովսկի) գյուղում:
Ապրում էին շատ ծանր պայմաններում: Գորկին աշխատում էր տպարանում, դպրոցում, նկարում էր, շատ էր կարդում: Սիրում էր կարդալ հատկապես Մաքսիմ Գորկու գործերը, ինչը և ճակատագրական դեր խաղաց նրա կյանքում. 1922 թվականին հասնելով Ամերկա` իրեն անվանում է Գորկի (ռուսերեն նշանակում է` «դառը», «կծու»): 1919 թվականին 39-ամյա հասակում սովահմահ է լինում մայրը: 1920 թվականին ինքը և քույրը կարողանում են հասնել Թիֆլիս, որտեղից՝ Բաթում և ապա` Ամերիկա:
Տեղափոխվելով Ամերիկա` նախ ապրում է Բոստոնում, այնուհետև տեղափոխվում է Նյու Յորք: Երկու քաղաքներում էլ ուսումը շատ կարճ է տևում: Իմ տպավորությամբ` նա չէր ցանկանում սովորել այն, ինչը նրան սովորեցնում էին: Երազում էր իր մտահղացմամբ պատկերներ ստեղծել:
20-21 տարեկան հասակում նա գրադարաններում ուսումնասիրում է եվրոպական արվեստը: Կուտակելով հարուստ գիտելիքներ` շուտով սկսում է դասավանդել:
Ինչպես է սկսում նկարել…
Երբ մենք փորձում ենք Գորկուն համեմատել ուրիշ նկարիչների հետ, նա ոչ մեկին չի նմանվում: Իսկ ինչպես է սկսել նկարել. նա սկսել է նկարել ճիշտ այնպես, ինչպես տպավորապաշտ (իմպրեսիոնիստ) նկարիչները 19-րդ դարի վերջում:
Մեկ տարի հետո անցնում է կուբիզմի, ճիշտ այնպես, ինչպես Սեզանն էր նկարում` շատ պինդ, որոշ մարմինների ֆորմաների ձևերով, և արտահայտում էր այնպիսի աշխարհ, որը հավիտենական էր, պինդ և չվերացարկվող:
Հետո սկսվեց Պիկասոյի ժամանակաշրջանը` վերացական արվեստը: Եվ Գորկին սկսեց վերացական նկարներ անել:
Բայց եթե այդ բոլորը ցուցադրվեր, եթե Գորկին շարունակեր այդպես ներկայանալ, իհա´րկե նա մեծ գնահատական ստանալ չէր կարող:
Եվ ահա 1930-ական թվականների սկզբից արդեն նա անցավ ուրիշ, անձնական ոճի: Առաջինը քայլը եղավ այն, որ Գորկին «կապվեց» միջնադարյան հայ նկարիչների հետ: Մանրանկարների վարպետների գույներն իր վրա մեծ տպավորություն թողեցին, և նա սկսեց նկարել գունային այդ հնչողությամբ:
Եվս մի քանի տարի, և 1936-37 թվականներին կատարում է Նյու Ջերսիի Նյուարկ օդանավակայանի որմնանկարները, որոնք իրենց ոճով լրիվ գորկիական մտածելակերպի արտահայտություն էին: Տարիներ հետո որմնանկարները ծածկվեցին, սակայն «փրկված» երկու որմնանկարները վերջերս ցուցադրվեցին Ֆիլադելֆիայում կազմակերպված ցուցահանդեսի ժամանակ:
Ամենակարևորը 1938 թվականից մինչև նկարչի մահը` 1948 թվականը ստեղծված գործերն են: Այդ շրջանում արվեստագետի համար ամենակարևորը ոչ թե տեսնելն ու նկարելն է, ոչ թե լսելն ու նկարելը, այլ իր ներքին ապրումները բացահայտելն է: Ժամանակը, կյանքը, այդ ամբողջության խորհուրդը զգալն է, որը և դառնում է իր արվեստի բուն բովանդակությունը: Այդպես սկսեց Գորկին` որպես բուն բովանդակություն վերհիշելով իր մանկական, պատանեկան կյանքը: Գույների և ձևերի տեսակներն իր մանկությունից էին գալիս:
Առաջին գործերը մի փոքր իրականության նման էին, իսկ արդեն 40-ական թվականներին լրիվ վերացական նկարներ էր անում, իրականության ձևերը վերափոխում էր վերացականի: Երբ մենք ակնդետ նայում ենք նրա գործերը, կարծես այդ վերացականությունից հանկարծ պատկերացնում ենք, թե իրականը ինչպիսին է: Իր մանկության հարազատ պատկերները նա այնպիսի գեղեցկությամբ էր նկարում, որ միանգամից լայն ճանաչման սկսեց արժանանալ, և իր գործերը սկսեցին ցուցադրվել:
Ամենակարևորը. Գորկուն բարձր գնահատեցին ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում: Նրան ճանաչեցին և հաստատեցին որպես վերացական նկարիչ, ով վերացականության նոր ճանապարհ բացեց. դա վերացական գերզգացմունքայնությունն էր (աբստրակտ էքսպրեսիոնիզմ): Գորկին բոլոր վերացական նկարիչների մեջ դարձավ այն բացառիկ երևույթը, ով դարձավ գերզգացմունքային ապրումների արտահայտողը: Բայց, ցավոք, Գորկու կյանքն ավարտվեց 46 տարեկան հասակում…
1948 թվականին ենթարկվում է ավտովթարի: Կոտրվում է ուսոսկրը, և կորցնում է նկարելու կարողությունը: Այդ վիճակում նրանից հեռանում է կինը` իր հետ տանելով երկու աղջիկներին: Մնալով բոլորովին մենակ, զրկված լինելով նկարելու կարողությունից` Գորկին հուլիսի 21-ին ինքնասպան է լինում` թողնելով հետևյալ գրությունը` «Մնաք բարով, սիրելինե´ր»…
Կյանք մահից հետո…
Մահից հետո սկսվեց Արշիլ Գորկու հավերժական ճանապարհը…
Այսօր նրա կտավները ցուցադրվում են ամերիկյան և եվրոպական նշանավոր թանգարաններում, անհատական հավաքածուներում: Երբ լույս է տեսնում միջազգային արվեստի մասին պատմող մի գիրք, Գորկին ներկայացվում է որպես ստեղծագործական ինքնուրույն ոճի ներկայացուցիչ:
Հայաստանում Արշիլ Գորկին դեռ ճանապարհ ունի անցնելու…
Ինչպես ասացի, մենք Գորկիի հետ ծանոթացանք միայն 1968 թվականին:
Սակայն դրանից առաջ` 1932 թվականին, քույրը ամուսնու հետ եկել է Հայաստան: Երկու տարի սովորել են այստեղ: Գնացել են Ամերիկա, որ նորից վերադառնան, բայց արդեն 35-36 թվականներին Հայաստան գալն այլևս հնարավոր չէր: Քույրն իր հետ Երևան էր բերել եղբոր չորս նկարները, որոնք թողել է արծաթագործ Հացագործյանի մոտ: Սակայն երբ 1937 թվականին նրան ձերբակալել են, բռնագրավել են նաև Գորկու նկարները, որոնց ճակատագիրն առ այսօր անհայտ է: Տարիներով փնտրեցի, բայց այդպես էլ չգտա. ոչ մի հետք…
Հետագայում, իմ խնդրանքով, քույրը մի գծանկար է ուղարկում, որն այսօր պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն կոչվում է «Կուժը մոր ձեռքին»:
Իսկ մահից առաջ նա իրեն պատկանող բոլոր նկարները, զանազան նյութերը և ամենակարևորը` Գորկու նամակները կտակում է Նյու Յորքի Հայ առաքելական եկեղեցուն այն հույսով, որ դրանք նվիրվեն Էջմիածնին. առ այսօր այն ի կատար չի ածվել…
Այսօր Գաֆէսճեան կենտրոնում պահվում և ցուցադրվում են Գորկու 24 յուղաներկ և գրաֆիկ աշխատանքներ:
Մայր Աթոռի տարածքում, 20-րդ դարի սկզբին կաթողիկոս Խրիմյան Հայրիկի կառուցած թանգարանի շենքը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ վերականգնվեց և դարձավ Խրիմյան թանգարան: Հույս ունենք, որ շուտով թանգարանում «կապաստանեն» նաև Գորկու գործերը, որոնք այսօր ցուցադրվում են Լիսաբոնի Գալուստ Գյուլբենկյան թանգարանում:
Գորկին` որպես Ցեղասպանության խորհրդանիշ
Նա տեսել է Ցեղասպանության ողջ արհավիրքը, և իր կյանքի ընթացքը առնչված էր Եղեռնի հետ: Հատկապես նրա վերջին շրջանի գործերում այդ ապրումներն էին, որոնք նա դարձնում էր իր նկարների բովանդակություն: Օրինակ՝ այն նկարը, որը կոչվում է «Ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը բացվում է իմ կյանքում»…Այս նկարը կարծես շարունակությունը լինի «Նկարիչն ու իր մայրը» ստեղծագործության: Լուսանկարի հիման վրա ստեղծված հանճարեղ կտավով Ոստանիկ Ադոյանը աշխարհին է ներկայացնում իր կորուսյալ մորը` որպես կորսված հայրենիքի ու նրա գեղեցկության խորհրդանիշ…
Եզրափակիչ խոսք ու…
Իմ եզրափակումը սպասումն է, որ նրա նկարները վերջապես գան Հայաստան, որ Գորկին վերջապես «ապաստանի» Հայաստանում, և Էջմիածնում կազմակերպվի նրա թանգարանը: Դա հնարավորություն կտա նաև, որ աշխարհի տարբեր կողմերից Էջմիածին ժամանող հյուրերը նրա գործերին ծանոթանան նաև Էջմիածնում:
Ընկալելով միջնադարյան հայ մանրանկարիչներին` Գորկին Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի պես գեղեցիկ, հնչող գույների երգիչ դարձավ:
Լինելով վերացականության նկարիչ` այդ սկզբունքի մեջ անգամ կարողացավ արտահայտել, շեշտել իր սերը հարազատ ժողովրդի, հողի հանդեպ…
Լուսինե Աբրահամյան