Այսօր սիրված դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանի ծննդյան օրն է

Հայ սիրված դերասան և կատակերգու Արմեն Խոստիկյանը ծնվել 1929 թ. մայիսի 22-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից: 1947-51թթ սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Արմեն Գուլակյանի կուրսում։ Ուսանողական տարիներին խաղացել է Փարսիղի «Քանդած օջախ», Տումանսկու «Մաշենկա», Լաունսի «Վերոնայի երկու ազնվականները» պիեսներում: 1951թ-ից աշխատանքի է անցել Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում, ուր մինչև 1990-ականները ստեղծել է մեծ ու փոքր բազմաթիվ դերեր։ Եղել է լուրջ կատակերգակ դերասան: Ինքնատիպ դերակատարումներից առանձնանում են Սերգեյ բեկը` «Նամուս», Հարութ Անվերջը` «Հաջի Փայլակ», Ֆերդիշչենկոն` «Ապուշը», Ֆուշեն` «Մադամ Սան-Ժեն», Աթիլլոն` «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», Տելյատևը` «Կատաղի փողեր» և այլն: 1990-ականներին դերասանական փոքրիկ խումբ է կազմել և ներկայացումներով հանդես եկել մայրաքաղաքում ու նրա սահմաններից դուրս: Իր մասնակցությունն է բերել նաև մանուկների համար կազմակերպվող ներկայացումներին։ Նրա գրած «Աբելիկի արկածները» պիեսը 1981թ. բեմադրվել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խաղացել է նաև հայկական ֆիլմերում և հեռուստաթատրոնում։ Ամանորյա հեռուստածրագրերի ամենասիրված հերոսներից է եղել ավելի քան երկու տասնամյակ։

Ա. Խոստիկյանը խաղացել է բազմաթիվ դրամատիկ դերեր, սակայն ժողովուրդը նրան ընդունեց և սիրեց իբրև կատակերգակ դերասանի: Իսկ կինոյում նրա խաղացած առաջին իսկ դերերը` «Ոսկե ցլիկում»՝ հորթապահ, «Նվագախմբի տղաներում»՝ Մասխարա Զավեն, այնքան սիրելի եղան հանդիսատեսի համար, որ այդ կերպարների արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր:

1984թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: 1987թ. ստեղծել է թատերական «Փյունիկ» ստուդիան։ 2000թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով:

Մահացել է 2003թ. հուլիսի 22-ին, Երևանում:

lurer.com

Scroll Up