Շախմատում հզոր ենք եւ ուժեղ

Հայ գրոսմայստերների հաճախակի հաղթանակներից հետո շախմատն իսկապես մեծ տարածում է գտել Հայաստանում ու անընդհատ շարունակում է զարգացում ապրել: Եվ ահա օրերս Ռուսաստանի Կիրիշի քաղաքում անցկացվում էր շախմատի աշխարհի «Պատանի աստղեր» խոշոր վարկանշային մրցաշարը:
Առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր թվացող այս խոշոր մրցաշարում առաջին երեք հորիզոնականները «ներկված են եռագույնով»: Մեզ քաջածանոթ կարմիր, կապույտ եւ ծիրանագույն գույները պաշտպանող հայ պատանիներն իրենց փայլուն ելույթների ու վստահ խաղի շնորհիվ գտնվում են «Պատանի աստղեր»-ի մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Առաջին հորիզոնականում 5-րդ տուրից հետո հանգրվանել է Դավիթ Պառավյանը, ով, իր հաշվին ունենալով 4.5 միավոր, միանձնյա կրում է առաջատարի տիտղոսը: Մեր շախմատային ապագա հանճարին հաջորդում է մեր մյուս ներկայացուցիչը. պատանի շախմատի միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը Դավիթ Պառավյանին զիջում է ընդամենը 0.5 միավորով եւ գտնվում է երկրորդ հորիզոնականում:
Մրցաշարի լավագույն եռյակը եզրափակում է ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը: Պատանի շախմատիստն իր հաշվին ունի 3 միավոր:
Հարություն Ծատրյան,
Գագիկ Սմբատյան