ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լայպցիգի համալսարանի հայագետներին

Մայիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի Լայպցիգ քաղաքի համալսարանի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի պամության, մշակույթի, հումանիտար գիտությունների կենտրոնի նորագույն պատմության բաժնի աշխատակից, պրոֆեսոր Ստեֆան Թրոյեբստին, նախագծի հեղինակ, հայագետ դոկտոր Բալինտ Քովաչին և Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննին:
Կենտրոնը 2008 թվականից իրականացնում է «Հայերը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տնտեսության և մշակույթի շրջանակներում (14-19–րդ դարեր)» հետազոտությունը, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կրթության և հետազոտության նախարարության կողմից: Ծրագիրն ավարտվելու է 2016թ.:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հակիրճ ներկայացրեց հայկական Սփյուռքի պատմությունը, Սփյուռքի նախարարության գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Նախարարն անդրադարձավ Գերմանիայի հայ համայնքի գործունեությանը և նշեց, որ աշխարհի շուրջ 100 երկրում գործում են հայկական համայնքներ, և ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Գերմանիայում հայերը կարողանում են ինտեգրվել և մեծ ներդրում ունենալ երկրի սոցիալական, գիտական, մշակութային կյանքում:
Պրոֆեսոր Ստեֆան Թրոյեբստը ներկայացրեց հետազոտությունը և առաջիկա ծրագրերը, դոկտոր Բալինտ Քովաչը առաջարկեց Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հայ համայնքների հետ իրականացվող ծրագրերի շրջանակում համագործակցել ՀՀ սփյուռքի նախարարության հետ:
Քննարկվեց ՀՀ սփյուռքի նախարարության և Լայպցիգի համալսարանի համատեղ գիտաժողովի կազմակերպման հնարավորությունը: