«Կը հուսանք, որ շիտակ ճանապարհներով կարող ենք հաջողության հասնել…»
«Karavaj» ֆիրման նոր անուն է հայկական շուկայում: Մեկ տարի առաջ լիբանանահայ գործարար Սեմ Հրաչ Սալիբյանն ու 32-ամյա սիրիահայ երիտասարդ Հարութ Փափազյանը, ծանոթանալով Հայաստանում, որոշում են գործ հիմնել: Թե ինչու` պատմում է ֆիրմայի նախագահ Սեմ Հրաչ Սալիբյանը.
– Լիբանանահայ եմ, սակայն երեսուն տարի է՝ ապրում եմ Ամերիկայում: 1996 թվականին Երևանում բնակարան գնեցինք և վերջին ութ տարին 4-5 ամիս Հայաստանում ենք լինում: Երեք տարի է, որ բիզնեսով ենք զբաղված. պանդոկ-հյուրանոցի շինարարություն ենք սկսել, միաժամանակ տրիկոտաժի, սպորտային համազգեստի և ջինսի արտադրություն հիմնել:
– Ինչո՞ւ որոշեցիք Հայաստանում գործ հիմնել:
– Առաջին նպատակը Հայաստանի ժողովրդի համար գործ հայթայթելն էր. եթե ամեն մարդ մեզ պես կարողանա 50-100 հոգու համար աշխատատեղ ստեղծել, մեր ազգը Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա գնալու փոխարեն կմնա Հայաստանում: Ցանկանում ենք, որ այդ ձևով զորանա մեր երկիրը:
Բոլորին հայտնի խնդիրներ կան, դժվար կետեր, բայց կը հուսանք, որ շիտակ ճանապարհներով կարող ենք հաջողության հասնել: Մենք պետք է սովորեցնենք, որ բիզնեսը առաջ է պետք տանել ոչ թե խաբեությամբ, սխալ գործերով, այլ շիտակ ճամփու վրա քայլելով: Փորձում ենք լինել օրինակ ուրիշ գործարարների համար, որ նրանք էլ շիտակ ճամփաներով զարգացնեն իրենց բիզնեսն ու որակյալ ապրանք արտահանեն, որպեսզի Հայաստանի անունը բարձր մնա:
Իսկ տրիկոտաժի արտադրության մասին կարող է պատմել Հարութ Փափազյանը, ով մեր ընկերության տնօրենն է:
Հարութ Փափազյան– Վեց ամիս է, որ գործունեություն ենք սկսել այս ասպարեզում: Այս կարճ ժամանակում բավականին լավ ապրանք ենք արտադրել` «Ստելլա» ֆիրմային տրիկոտաժ, մարզահագուստ, ինչպես նաև «Հայ ջինս» և «Մաքս» ֆիրմային ջինսեր, որոնք արդեն ճանաչված են շուկայում:
Եթե ներդրումներ լինեն, կկարողանանք մեր արտադրանքն արտահանել, կմեծանա նաև աշխատողների թիվը: Հիմա միայն ներքին շուկայի համար ենք աշխատում, այն շատ փոքր է, միաժամանակ ժողովուրդը կարծես վստահություն չունի հայկական արտադրանքի հանդեպ: Մտածում են, որ դրսի ապրանքն ավելի որակյալ է: Փորձում ենք այդ կարծրատիպը փոխել, որպեսզի մարդիկ վստահեն տեղական արտադրանքին:
– Որտե՞ղ կարելի է ձեռք բերել ձեր արտադրանքը:
– Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող խանութներում, «Երևան Սիթի», «Նոր Զովք», «Կայզեր» սուպերմարկետների ցանցում: Դեռ այն ուժը չունենք` գործը միանգամից մեծացնելու համար:
– Սիրայո՞ւմ էլ նույն գործով եք զբաղվել:
– Հալեպում կտորի արտադրամաս ենք ունեցել:
– Սեմ Սալիբյանի հետ ե՞րբ եք ծանոթացել:
– Մոտ մեկ տարի առաջ, և միասին ենք որոշել այս գործը հիմնել: Ուսումնասիրել ենք շուկան, որ լավ արտադրանք ստանանք: Բնական է, որ մի շարք դժվարությունների ենք հանդիպում, միաժամանակ մտածմունքներն են տարբեր: Օրինակ` մեր վաճառականները Թուրքիայից ապրանք են վերցնում կանխիկ փողով: Երբ դու նրանց առաջարկում ես ավելի որակյալ արտադրանք, մի քիչ էլ պակաս գնով` շատ են ուրախանում, բայց հրաժարվում են քեզ առձեռն գումար տալ, ասում են` ապրանքը կվաճառեմ ու նոր միայն գումարը կտամ: Այն դեպքում, երբ Թուրքիան առևտրից գոյացած գումարներով զենք է գնում: Իսկ մենք առաջարկում ենք ոչ միայն որակյալ ապրանք, այլև երաշխավորում ենք, որ ինչ-ինչ թերությունների առկայության դեպքում կարող են վերադարձնել: Իսկ գումարներն էլ կմնան Հայաստանում:
Այս մտածելակերպը մի մեծ հանելուկ է ինձ համար, որը դեռ չեմ կարողանում լուծել: Հուսանք, որ կամաց-կամաց կփոխվի այդ ամենը, մանավանդ որ արդեն կան մարդիկ, ովքեր սկսում են մեզ հետ աշխատել:
– Ուրիշ ի՞նչ դժվարությունների եք ստիպված լինում բախվել:
– Հումքի խնդիր ունենք, դրսից դժվար է քեզ անհրաժեշտ հումքը պատվիրել: Եթե քեզ անհրաժեշտ պարագաները դրսից ես բերում, քեզ վրա շատ թանկ է նստում, որակն էլ քու ուզածը չի լինում: Եթե Հայաստանում գոնե կտորի արտադրամաս ունենանք, ապա շատ բան կփոխվի:
– Շնորհակալություն ու հաջողություն եմ ուզում Ձեզ մաղթել և մի վերջին հարց ուղղել պարոն Սալիբյանին: Վերջերս կայացած «Համաձուլման ճամփեքով» համագումարին, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև սիրիահայերի աշխատանքային և բիզնես ինտեգրմանը, դուք ձեր ելույթում նշեցիք, որ Հայաստանում գործ սկսելու համար երեք կետեր պետք է հաշվի առնել: Որո՞նք են այդ երեք կետերը:
– Առաջինը` վստահությունն է: Շատ սփյուռքահայ գործարարներ ինձ ասում են` ինչո՞ւ ես Հայաստանում գործ դնում, խե՞նթ ես, ինչ է, գումարդ կկորցնես: Այս իմաստով վստահություն չկա, կա վախ, որ այդ գումարները կարող ես կորցնել:
Կա նաև փայաբաժնի խնդիր: Շատերը մտածում են, որ կարող է մեկը գալ ու ասել` Սե´մ ջան, այդ գործը որ հաջողեցավ, անոր կեսը մեզի պետք է տաս:
Երրորդը հարկային ճնշումներն են: Պետք է կարողանալ հարկային խնդիրները լուծել, որ անորոշություն չլինի: Շատ երկրներում մի քանի տարի քեզ ազատում են հարկային պարտականություններից, գործդ հաջողելուց հետո ես միայն սկսում հարկեր վճարել:
Այստեղ ամեն ինչ ներկայի վրա է հիմնված. կարևորը ներկան է, ապագայի մասին չեն մտածում, իսկ երբ ճանաչված պրոֆեսոր Դեմինգը 1980 թվականին Ճապոնիա գնաց, սովորեցրեց, որ ընկերությունները պետք է մտածեն ոչ թե ներկայի մասին, այլ թե 50-100 տարի հետո ինչ պետք է լինի:
Մենք պետք է կարողանանք այդ գաղափարը մեջտեղ բերել նաև Հայաստանում: Մեր նպատակն է, որ կարողանանք հեռատես լինել, ոչ թե կարճատես:
Հուսով ենք, որ Հայաստանը կարող է լինել տարածաշրջանի ամենազարգացած երկրներից մեկը: Եթե ՀՀ կառավարությունը, ժողովուրդը, դրսում ապրող հայերը միասին աշխատեն և լավ բիզնեսներ մեջտեղ բերեն, որևէ մեկը մեզ չի կարողանա հաղթել:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը