«Մեղվահովիտ» ներկայացման ողջ հասույթը փոխանցվեց սիրիահայերին

Ապրիլի 29-ին  Մոսկվայի «Գավիթ» թատրոնը հերթական անգամ ներկայացավ «Пчелиный луг»  («Մեղվահովիտ»)  ներկայացմամբ:

Ներկայացումը պաստառներին նկարագրվում էր այսպես. ««Մեղվահովիտ»` կարոտախտ կորցրած տան, Հայրենիքի հանդեպ, իրական, ոչ թե ցուցադրական հայրենասիրություն:  «Մեղվահովիտ»`  հայացք ներկայից` դեպի սեփական անցյալ և ուրիշի ապագա»:

Ներկայացումը պատմում է 1990-ականների Հայաստանի մասին, երբ փակվում էին գործարանները, ամենուր գործազրկություն և արտագաղթ էր: Երբ լավ կյանքի ակնկալիքով հայրենիքից հեռանում էին բոլորը, իսկ «օդանավակայանը վերածվել էր «մի մեծ փեթակի», որտեղ ինքնաթիռները ոչ թե մեղուների պես «նեկտարը փեթակ էին բերում», այլ «հումքը հանում էին փեթակից»»: Հայ հանդիսատեսից շատերն են արդեն իսկ քաջատեղյակ ներկայացմանը, սակայն այս անգամ ևս դահլիճը լեփ-լեցուն էր:

«Ներկայացումից առաջ «Գավիթի» անձնակազմով որոշեցինք, որ տոմսերի վաճառքից ձևավորված ողջ հասույթը պետք է փոխանցենք Սիրիահայերի աջակցության հիմնադրամին: Սակայն այդ մասին չբարձրաձայնեցինք, որպեսզի գովազդային արշավի տպավորություն չստեղծվեր: Հանդիսատեսը տոմսերը գնելուց հետո է միայն իմացել մեր նախաձեռնության մասին: Ներկայացումից ստացվեց շուրջ 42,000 ռուբլի, որն ամբողջությամբ փոխանցվեց մեր հայրենակիցներին»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի  Հայորդյաց տան  «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Համլետ Ղալեչյանը:

Ներկայացումը բոլորի` թե´  հայրենիքից տասնամյակներ առաջ հեռացածների, թե´ այսօր այն լքողների մասին է: Այստեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել իրեն` բանվոր  թե գործազուրկ, ուսանող թե գիտնական, բայց կարևորն այն է, որ ներկայացումը չլինի եկող սերունդների մասին, որ արտագաղթի թեման… կորցնի արդիականությունը:

Հենց Սիրիայում բնակվող հայի` հերթական անգամ տուն և հայրենիք չկորցնելու փափագով էլ «Գավիթի» անձնակազմը կյանքի է կոչել նվիրատվությունը` հավատով, որ եթե սիրիահայը հերթական անգամ արտագաղթելու սպառնալիքի տակ լինի, ապա նրան ճանապարհները միմիայն Հայաստան տանեն:

Արմինե Կարեյան, Մոսկվա

Scroll Up