«Հայ լինելը զոհողություն է…»

Դետրոյթի կեսդարյա պատմություն ունեցող «Ալեք և Մարի Մանուկյան» վարժարանը Սփյուռքի ամենահեղինակավոր դպրոցներից է:
Ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ երկու տարին մեկ դպրոցի ավարտական դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան:
Հերթական այցի ժամանակ էլ տեղի է ունեցել մեր զրույցը վարժարանի տնօրեն Հովսեփ Թորոսյանի, ուսուցիչներ Տիգրան Թումաճանի և Անահիտ Թումաճան-Կարապետյանի հետ:
Զրույցը սկսվեց ծանոթությունից, որի նախաձեռնողը Հովսեփ Թորոսյանն էր.
– Տիգրան Թումաճանը և Անահիտ Թումաճան-Կարապետյանը մեր վարժարանի զորավոր սյուներն են. 32 տարի է` հայոց լեզու, գրականություն, պատմություն են դասավանդում: Տիգրանը Թումաճանը հրատարակում է նաև վարժարանի «Մանուկյանի ձայն» լրատուն (լույս է տեսնում տարին չորս անգամ), թղթակցում է Սփյուռքի թերթերին:
Ես (արդեն 15 տարի) դպրոցի երկրորդական բաժնի տնօրենն եմ: Բոլորս միասին հոն ենք մոտ 100 տարի (ծիծաղում է-հեղ.):
– «Ալեք և Մարի Մանուկյան» վարժարանը Սփյուռքի ամենահեղինակավոր դպրոցներից մեկն է: Մի փոքր խոսենք վարժարանի անցած ճանապարհի մասին:
Հովսեփ Թորոսյան– 1969 թվականին պարոն Ալեք Մանուկյանը հիմնեց վարժարանը մեկ դասարանով և երկու ուսուցիչով: 45 տարիե վերջ մենք ունենք 400 աշակերտ և 45 ուսուցիչ` մանկամսուրից մինչև ավարտական դասարան:
Իբրև մասնավոր դպրոց` գործել է մինչև 1995 թվականը: Հետո վերածվեց հանրային դպրոցի, միակ տարբերությամբ, որ ամեն աշակերտ օրական մեկ ժամ հայոց լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ պետք է ուսանի: Մեր վարժարանը ամերիկյան առումով շատ լավ դպրոց է, որտեղ նաև օրական մեկ ժամ հայերեն են սովորում:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Միայն մենք չենք ասում, որ լավ դպրոց է: Երկու անգամ «Ոսկե խնձոր» մրցանակն ենք շահել, նահանգային քննություների ժամանակ մեր աշակերտները միշտ բարձր տեղեր են գրավում:
Հովսեփ Թորոսյան– «U.S. news end world report» կազմակերպությունն ամեն տարի դասակարգում է ամերիկյան դպրոցները: Վերջին երկու տարին մեր վարժարանը Ամերիկայի 100 լավագույն դպրոցների մեջ լավագույն 20-յակում է տեղ զբաղեցնում, ինչը պատիվ է բերում դպրոցին, աշակերտներին, ծնողներին և բոլորիս:
Դպրոցն ավարտող աշակերտների մակարդակը բավական բարձր է: Յուրաքանչյուր տարի դպրոցն ունենում է 30-40 շրջանավարտ: Վերջին 3-4 տարիներին որպես նվեր ստացած կրթաթոշակների ընդհանուր գումարը անցնում է 1 մլն. դոլարը:
Տիգրան Թումաճան– Մեկ օրինակ բերեմ. մենք Հայաստան ենք բերել 27 աշակերտ, երկուսը` Գոհար Մելքոնյանը և Գրեյս Թորոսյանը (տնօրենի դուստրը), պետք է ուսումը շարունակեն Միչիգանի պատվավոր համալսարանում: Նրանք արժանացել են տարեկան 10 հազար դոլար կրթաթոշակի: Սա ոչ միայն պատվաբեր է, այլև նյութական մեծ խնայողություն է ընտանիքի համար:
Հովսեփ Թորոսյան– Սա բացառիկ երևույթ չէ: Շատ աշակերտներ կը ստանան նման նվերներ տարբեր համալսարաններից:
Ըստ իս` մեր վարաժարանը կը միացնե հայեցի հրաշալի դաստիարակությունը ամերիկյան կրթության հետ:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Դեռ պարոն Մանուկյանի ժամանակներից մեր դպրոցը որդեգրել է հետևյալ կարգախոսը. որևէ հայ աշակերտ չպետք է դուրս մնա դպրոցից` անկախ առաջադիմությունից, քաղաքական կողմնորոշումից, եկեղեցական պատկանելությունից. եթե հայ է` պետք է արժանի լինի դպրոց հաճախելուն:
Տիգրան Թումաճան-Այսպես եղել է միշտ: Երբևէ խտրականություն չի դրվել, անգամ օտար աշակերտների պարագայում:
– Իսկ շա՞տ են օտար աշակերտները:
– Քանի դեռ հանրային դպրոց չէր, հայ աշակերտների թիվը մոտ 190-200 էր: Հիմա այդ թիվը գրեթե նույնն է, միաժամանակ մենք դռնբաց և ուրախությամբ ենք ընդունում ոչ հայ աշակերտների, ովքեր հայերեն են սովորում: Այսօր 5 ոչ հայ աշակերտ Հայաստան են եկել:
Աշակերտներն իրարու հետ համերաշխ են: Եվ այդ փաստը յուրատեսակ խճանկար է դպրոցի համար, հնարավորություն` ծանոթանալու միմյանց մշակույթին, սովորույթներին, պատմությանը, լեզվին:
Հայկական դպրոցը ամայի կղզի չպետք է լինի: Մեր երեխաներն անպայման պետք է շաղվեն օտարների հետ, իրամէ սորվին: Մենք շատ ենք ոչ հայ աշակերտներ բերել Հայաստան, նրանք բոլորն էլ մեծ խանդավառությամբ են վերադարձել Ամերիկա` գովաբանելով մեր հայրենիքը:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Մի կարևոր հանգամանք ևս. այդ աշակերտները դառնում են Հայ դատի պաշտպանները, դեսպանները:
Տիգրան Թումաճան– Դպրոցը կարծես մի մեծ ընտանիք լինի. ունենք բավականին մեծ թվով քրիստոնյա իրաքցի աշակերտներ, ուկրաինացիներ, ռումինացիներ, անգամ մի քանի սևամորթ աշակերտներ: Ոչ մի խտրականություն չկա:
Այս առիթով մի հետաքրքիր դեպք պատմեմ: Մեզ հետ մի սևամորթ աշակերտ է եկել, Վերնիսաժում նրան անվճար նվերներ էին տալիս, երբ բանաստեղծական խառնվածքով հայերեն էր խոսում: Նա բանաստեղծություններ է գրում Հայաստանի, Ցեղասպանության մասին:
– Հետաքրքիր է` օտարներին ինչո՞ւ է գրավում վարժարանը:
Հովսեփ Թորոսյան-Հասկանալի է` հայերին գրավում է գլխավորաբար հայկական մթնոլորտով, հայկական շնչով, միաժամանակ մաքուր, ապահով դպրոց է: Բայց այս պատճառները միայն չեն բավեր: Երբ հայկական շունչը զորավոր է, իսկ ընդհանուր ուսումնական մակարդակը՝ ցածր, աշակերտներ կկորցնենք: Ուրեմն, պետք է այդ երկուսը միասին քայլեն. ատիկա մենք հաջողած ենք:
Իսկ օտարները, երբ գալիս են մեր դպրոց, հասկանալի է, որ հայերենը մեծ իմաստ չունի նրանց համար: Նրանք մեր վարժարան են հաճախում ուսումնական բարձր մակարդակի համար: Միաժամանակ տեսնում են, որ ուսուցիչները բոլոր աշակերտներին գրկաբաց են ընդունում:
Ձեզ համար գուցե խոտոր է, որ խոսում ենք ապահով դպրոցի մասին, բայց Ամերիկայում դա շատ լուրջ հարց է: Այն մաքուր մթնոլորտը, որ մենք ունենք դպրոցի մեջ, գրավում է օտար աշակերտներին:
Ուրիշ պատճառ էլ կա. օրինակ` իրաքցիները Բաղդադում հայերի հետ շատ մոտ են եղել, շատ լավ դրացիներ են եղել, ուկրաինացիները նույնպես հայերի հանդեպ շատ լավ են տրամադրված: Այդ է պատճառը, որ նախընտրում են իրենց երեխաներին մեր վարժարան ուղարկել: Խառնամուսնությունների երեխաներ էլ են հաճախում մեր դպրոց: Դպրոցի ընդհանուր պատկերը սա է:
– Լսել եմ, որ վարժարանում հետաքրքիր ավանդույթ է եղել. դասերը պարտադիր «Հայր մերով» է սկսվել: Հիմա է՞լ է այդպես:
Տիգրան Թումաճան– Սկսվում էր, երբ դպրոցը մասնավոր էր: Իսկ այսօր քանի որ հանրային դպրոց է, բաժանում կա կրոնի և պետության: Սակայն սա չի նշանակում, որ մենք չենք կարող հայկական կրոն սովորել: Կրոնը մեր պատմության մասն է կազմում: Բայցի այդ` նույն համալիրի մեջ՝ դպրոցից հազիվ 200 մետր հեռու, գտնվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որի շուքին տակ ենք մենք:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Ուկրաինացիները ունեն զորավոր համայնք մեր քաղաքում, բայց իրենց դպրոցները մասնավոր են և շատ թանկ:
Ինչո՞ւ հպարտ չզգանք, որ մենք օտարին էլ կարող ենք կրթություն տալ և լավ քաղաքացիներ դարձնել ոչ միայն Ամերիկայի, այլև աշխարհի համար: Մեր դպրոցից հրաշալի աշակերտներ են դուրս գալիս:
Հովսեփ Թորոսյան– Ուրիշ բան էլ ավելացնեմ. դպրոցը 45 տարեկան է, և հիմա արդեն կը տեսնենք երկրորդ սերունդը: Աշակերտներ, ովքեր շրջանավարտ են եղել 70-80-ական թվականներին, հիմա իրենց զավակներն են մեզ մոտ ուսանում: Շատերը Մանուկյան վարժարանի շրջանավարտ լինելեն վերջ գալիս են ծառայելու դպրոցին` իբրև հոգաբարձուների խորհրդի անդամներ, օգնական ծնող, նվիրատուներ և այլն, որոնց շատ երախտապարտ ենք:
Ռիչարդ Մանուկյանը և Լուիզ Սիմոնը` Ալեք Մանուկյանի զավակները, չորս տարի առաջ մոտ 5,5 միլիոն դոլար նվիրեցին դպրոցին, ինչի շնորհիվ երկրորդական բաժնի մասնաշենքը նորոգեցինք և արդիական սարքավորումներով հագեցրինք:
Տիգրան Թումաճան– Նրանք ծնողների մահից հետո կը շարունակեն իրենց բարերարությունը, ինչի համար մենք շատ երախտապարտ ենք:
Միայն հայկական շրջանակներում չի տարածվում նրանց բարերարությունը: Դետրոյթի քաղաքապետարանի շենքը, որն անվանում են Մանուկյան դղյակ, Ալեք Մանուկյանի տունն է եղել: Նա է այն նվիրել քաղաքին:
– Դժվար է օտար միջավայրում երեխաներին հայախոս դարձնել: Ու անկախ գործադրած ջանքերից՝ նկատել եմ, որ մայրենիի իմացությունը նրանց մոտ միջին մակարդակի է, շատ հաճախ միմյանց հետ հայերեն չեն խոսում: Հետաքրքիր է, Ձեր դպրոցում է՞լ է այդպես:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Մեր դպրոցում էլ պատկերը նույնն է: Ինչո՞ւ. Նախ՝ առաջին սերունդը չէ, բացի այդ՝ մեկ ժամ է միայն հատկացված հայերենին: Կան երեխաներ, որոնց ծնողները հայերեն չեն խոսում, տատիկը մի երկու բառ գիտի, պապիկը մի քիչ ավելի, բայց նրանց համար հայկական մթնոլորտում լինելը, դաստիարակություն ստանալը, եկեղեցու շրջապատում լինելը շատ մեծ արժեք ունի: Կարևորը, որ ոգիով հայ են, թեկուզ անգլիախոս: Շատ սխալ կարծիք է՝ եթե հայերեն չգիտես՝ ուրեմն հայ չես: Գիտե՞ք, թե մեր երեխաներն ինչքան են այս արտահայտությունից վիրավորվում:
Մեզ շատ է ուրախացնում այն փաստը, որ անկախությունից հետո ամերիկյան համալսարաններն ավարտած շատ երիտասարդներ իրենց հայացքներն անմիջապես հառեցին դեպի Հայաստան:
Հովսեփ Թորոսյան– Լավագույն օրինակը բերեմ. Ռիչարդ և Լուիզ Մանուկյանները հայախոս չեն, բայց նրանք ի՞նչ պակաս հայ են: Սփյուռքի մեջ չորրորդ սերունդը հայերեն դժվար կը խոսի, քանի որ ծնողքը հայերեն չեն խոսում:
Տիգրան Թումաճան – Հետաքրքիր է, միմյանց հետ անգլերեն են խոսում, բայց այստեղ «ստիպված» են խոսել նաև հայերեն: Մենք ամեն վայրկյան իրենց հետ չենք, օրինակ` գնում են խանութ և… տակից դուրս են գալիս: Հայերեն են խոսում, կարողանում են հասկացնել, թե ինչ են ուզում:
Հովսեփ Թորոսյան- Անշուշտ, մակարդակը կարելի է ավելի բարձրացնել, խոսակցական լեզուն քաջալերել: Մենք մեր կարելին կընենք, և նրանց հայրենիք բերելը հսկա պատիվ է թե´ դպրոցի, թե´ աշակերտների, թե´ ծնողների համար:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Երեխաներ կան, ովքեր շատ հեռու տեղերից են գալիս, այն դեպքում, երբ իրենց տանը շատ մոտ ամերիկյան դպրոց կա: Բայց նախընտրում են մեկ ժամ ճանապարհ գալ ու մեր դպրոցում ուսանել: Հայ լինելը զոհողություն է. ով դիմացավ՝ զավակը հայ կմեծանա, ով այդ բեռին չդիմացավ` զավակը կօտարանա:
Տիգրան Թումաճան– Գիտեք, երեխաները հայկական դպրոցում լեզու են սովորում, պատմություն, գրականություն, երգում են, պարում, բայց շատը անցյալի հետ է կապված: Նրանց բերում ենք Հայաստան, և տեսնում են` ինչ կա ներկայում: Տեսնում են ազգ մը, որը դժվարին պայմաններում հայրենիք է կերտում: Մեր հայրենիքն այսօր գոյություն ունի շնորհիվ մեծ զոհողությունների, որոնք Հայաստանում ապրողներն են արել և անում, երբեմն նաև Սփյուռքի օգնությամբ: Մենք շատ կարևոր եռոտանի ունենք` Հայաստան, Արցախ, Սփյուռք: Պետք է իրար ձեռք բռնենք և համերաշխ լինենք:
Հովսեփ Թորոսյան– Այն, ինչը մեր երեխաները 12 տարի գրքերից և իրենց ուսուցիչներից են սովորում, հոս կուգան և կապրին, հարազատ աչքերով կը տեսնին:
Երկու տարին մեկ 25-33 աշակերտներ հայրենիք ենք բերում, որոնցից ոմանք անպայման կը վերադառնան օգտակար դառնալու համար: Սա առաջին քայլն է` ծանոթություն հայրեիքի հետ, իսկ կամուրջը ստեղծվելեն վերջ ավելի կը կապվին:
– Կցանկանայի, որ մի փոքր վարժարանի ուսուցիչների մասին խոսենք:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Մեր ուսուցիչների մեծամասնությունը որակավորված մասնագետներ են, շատերը հայաստանյան կրթություն ունեն:
Տիգրան Թումաճան– Ես նույնպես խորհրդային տարիներին Հայաստանում եմ ուսանել: Այստեղ ես հայախոս, ավելի զորեղ հայ դարձա: Անահիտի հետ համակուրսեցիներ էինք: Ամուսնացանք, մեր ավագ որդին` Միհրանը, ծնվեց այստեղ, իսկ երկու երեխաներս՝ արդեն Ամերիկայում: Երեքին էլ հայ մեծացրինք, ուղարկեցինք Մանուկյան դպրոց, հայրենիք: Այդ է պատճառը, որ նրանք այսօր կապված են հայ ազգին ու հայրենիքին:
Իսկ վարժարանն այսօր հայերենի հինգ ուսուցիչ ունի. երեքը Երևանի պետական համալսարանի շրջանավարտ են, մեկը Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանն է ավարտել, մյուսը`Բեյրութում է ուսում ստացել:
Գիտեք, մեծ դպրոցներում դու անհատականություն չես, դու թիվ ես այնտեղ, իսկ «Ալեք և Մարի Մանուկյան» վարժարանում ամեն աշակերտ արժանի է և արժանիք ունի: Բոլորին ճանաչում են անունով, մականունով, գիտեն՝ ով է զարմիկը, ծնողներն ովքեր են:
– Որպես վերջաբան՝ ի՞նչ կցանկանայիք հավելել:
Անահիտ Թումաճան-Կարապետյան– Հուսանք, որ Սփյուռքի նախարարությունը նույն ժողովրդականությունը կունենա, ինչը ժամանակին ուներ Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն: Սփյուռքի նախարարություն դեռ 5 տարեկան է, հուսանք, որ նույն ծրագրերը կշարունակի իրականացնել՝ ավելի զորացնելով:
Հովսեփ Թորոսյան– Հրաշալի բան կլինի, որ Սփյուռքի նախարարությունը` ղեկավարությամբ մեր շատ սիրելի Հրանուշ Հակոբյանի, կարողանա շարունակել նախկին ծրագրերը և է´լ ավելի զորացնել կապերը:
Տիգրան Թումաճան– Իբրև վերջին խոսք. հայ լինելը նշանակում է զոհողություններ անել` Հայրենիքում և Սփյուռքում: Եթե կարևոր է հայ մնալը, ուրեմն պետք է պատրաստ լինել մեծ զոհողություններ անել, մեծ բեռ կա քո ուսերին, բայց արժե այն տանել: Մենք, որ գիտակից հայեր ենք և մեր զավակներին հայ ենք մեծացրել, մեր աշակերտներին հայեցի դաստիարակություն ենք տալիս, ամեն օր այդ ամենը զգում ենք:
Հուսով ենք, որ երիտասարդ սերունդը Հայաստանում և Սփյուռքում կշարունակի այն լավ ավանդները, որոնք մեր նախնիներն են թողել, ինչը և մենք ենք թողնում նրանց:
Հովսեփ Թորոսյան-Իբրև երկրորդական վարժարանի տնօրեն՝ կուզեմ ասել, որ հայրենիքի մեջ 10-12 օրվա ներկայությունը, հողի ուժը, որ կստանան, օդը, որը կշնչեն, ջուրը, որը կխմեն՝ համազոր է և նույն արժեքն ունի, ինչ 10-12 տարվա դաստիարակությունը: Մեկը մտային զարգացում է, մյուսը` հոգի և ապրում: Ուրեմն այս ամենի համար է, որ մենք աշակերտները հոս կբերենք, որպեսզի մեկը մյուսին լրացնի: Այս ամենը մեր առաքելության մաս կը կազմե, և կշարունակենք այնքան ժամանակ, քանի դեռ շունչ կա մեր մեջ:
Մեր բարևները տիկին նախարարին, երախտապարտ ենք իր արած գործի համար, միայն կը մաղթենք, որ ավելի շատ համագործակցենք:
Զրուցեց Լուսինե Աբրահամյանը