Մայիսի վերջին ի մի կբերվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին պատրաստվող բոլոր միջոցառումները

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը քաղաքական տեսանկյունից ճիշտ քայլ է համարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի ստեղծումն ու դրա նախագահությունը ՀՀ նախագահի կողմից ստանձնումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների աշխատանքների մասին, այս մասին նշեց նախարարը: «Նախարարությունը 100-րդ տարելիցին ընդառաջ, իհարկե, առաջնորդվում է հանրապետության նախագահի 2011 թվականի հայտնի հրամանագրով, որով ՀՀ արտաքին գործերի նախարարությանն ու սփյուռքի նախարարությանը տրվեց հանձնարարական տարածաշրջանային հանձնախմբեր ստեղծելու:
Կարծում եմ` քաղաքական առումով սա շատ ճիշտ քայլ էր, որ ստեղծվեց պետական հանձնաժողով, հանրապետության նախագահը ղեկավարեց այս հանձնաժողովը, որը համահայկական է, ու բոլոր խոշոր հայկական կառույցները ներառված են դրա կազմում»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով` այսօր աշխարհում գործում են 40-ից ավելի հանձնախմբեր, և Սփյուռքի նախարարությունը համակարգված աշխատանք է տանում նրանց հետ: «Մենք կազմել ենք համապարփակ մի ծրագիր, որը բաժանված է կրթական, մշակութային, գիտավերլուծական, համաժողովային, հետազոտական, քաղաքական, համայնքային բաժիններից: Այդ ամենը հաշվի առնելով էլ փորձեցինք համաժողով կազմակերպել ռուսական և եվրոպական տարածքում: Մայիսի 26-ին էլ կազմակերպելու ենք բոլոր հանձնախմբերի ղեկավարների հավաք Երևանում, մայիսի 27-ին տեղի կունենա պետական հանձնաժողովի նիստը, որին կմասնակցեն տարածքային հանձնաժողովների նախագահները, ներկայացուցիչները, ևս մեկ անգամ նախագահի գլխավորությամբ ի մի կբերենք այն բոլոր կարևոր ձեռնարկները, որոնք պետք է արվեն առաջիկա մեկ տարում»,-հավելեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով` Օսմանյան կայսրության ապաշնորհ ղեկավարներին թվում էր, թե կհասնեն իրենց ցանկությանը և աշխարհում կթողնեն մեկ հայ, և այն էլ՝ թանգարանում: «Չիրականացավ նրանց պիղծ երազանքը, և արդյունքում այսօր աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ձեռք ձեռքի տված, պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման համար, պայքարում են հայերի իրավունքների վերականգնման համար, պայքարում են, որ մարդկության դեմ կատարված այս հրեշագործությունը այլևս երբեք և որևէ տեղ չկրկնվի:
Տարիներն անցնում են, և խորանում է թուրքական ներկա իշխանություններին թվում է, որ ժամանակը կարող է բուժել վերքը, բայց հայկական վերքը բաց է, որը գնալով առավել լայնանանում, խորանում և երբեք չի սպիանա, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից չի ճանաչվել, ներողություն չեն հայցել ու հետևանքները չեն վերացրել»,-նշեց Հրանուշ Հակոբյանը` հավելելով, որ դատելով այսօրվա իրավիճակից՝ թուրքական իշխանությունները ոչ միայն ժխտում են, ոչ միայն չեն փորձում առերեսվել իրենց պատմության հետ, այլև իրենց գործողություններով, քաղաքական հայտարարություններով փորձում են ծխածածկույթ ստեղծել, փորձում են իրենց թուրքական քաղաքական որոգայթում գցել հայերին և շատ ու շատ այլ երկրների:
Մանրամասն՝ armenpress.am-ում: