Կայացավ ՍՈՒԽ Հոգեբանական ակումբի եզրափակիչ հանդիպումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/unnamed-448-300x225.jpg)
Ապրիլի 29-ին տեղի ունեցավ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի Հոգեբանական ակումբի կողմից կազմակերպած հոգեբանական թրեյնինգի վերջին հանդիպումը: Այս անգամ մասնակիցները ամփոփեցին թրեյնինգի արդյունքները: Կատարված աշխատանքը ամփոփեց հոգեբան, թրեյնինգի խմբավար Վերգինե Հակոբյանը` իր խոսքում նշելով. «Գոհ եմ արդյունքներից։ Շատ ուրախացնող է, որ մասնակիցները մեծ ակտիվություն դրսևորեցին և պատրաստակամություն՝ կիրառելու ձեռք բերվածը իրենց կյանքում»:
Թրեյնինգը հիմնված էր աշխարհում լայն ճանաչում գտած կոգնիտիվ վարքաբանական թերապիայի հիմնական սկզբունքների և տեխնիկաների վրա։ Մարդիկ այս թրեյնինգի միջոցով կարողանում են կարգ ու կանոն հաստատել իրենց մտքերի և հույզերի խճճված աշխարհում: Կարողանում են հասկանալ, թե որտեղից են ծագում իրենց կյանքում այդքան հաճախ հանդիպող վախերը, տագնապները, լարվածությունը: Այն տալիս է հնարավորություն՝ ինքնուրույն հաղթահարելու դրանք: Մարդիկ, լուծելով սեփական խնդիրները, դառնում են իրենց իսկ հոգեբանը: Այս թրեյնինգի առավելությունը նաև այն է, որ «ձեռք բերած գիտելիքներդ կարող ես հենց տեղում կիրառել»,- ասում է Հոգեբանական ակումբի նախագահ Աշխեն Մկոյանը:
Թրեյնինգին մասնակցում էին 12 երիտասարդ Սփյոռքից և Հայաստանից:
Գոհար Վարդանյան