Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի  24-27-ին  Գերմանիայում տեղի են ունեցել Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 24-ին Գերմանահայ կենտրոնական խորհրդի (ԳԿԽ) նախաձեռնությամբ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Պաուլի անվան եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն, որին մասնակցել են Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը, Հեսսեն երկրամասում հավատարմագրված դիվանագետներ, Բունդեսթագի և Լանդթագի պատգամավորներ, Հեսսեն և Բադեն Վյուրթեմբերգ երկրամասերում ՀՀ պատվավոր հյուպատոսները, գերմանացի մտավորականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:  Ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը, ԳԿԽ վարչության անդամ Մադլեն Վարդյանը և Բունդեսթագի պատգամավոր Դիթմար Նիթանը, ովքեր շեշտել են, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակական ժխտումն անթույլատրելի է: Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես է եկել Գեղարդ վանքի երգչախումբը: Հիշատակի խոսքով և հոգեհանգստյան աղոթքով հուշ-երեկոն եզրափակել է Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի փոխառաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Ապրիլի 24-ին Բեռլինի երկու հայ համայնքների և ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ  Բեռլինի Ֆրանսիական տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին  Գերմանիայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Բեռլինի քաղաքային խորհրդարանի անդամներ, Բեռլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Բեռլինում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես է եկել Բեռլինի հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանաքը:  ՀՀ դեսպանության խորհրդական Աշոտ Սմբատյանն իր ելույթում նշել է, որ  արդարադատությունն անհրաժեշտ է, քանի որ ցեղասպանությունը հանցագործություն է, և այն պետք է պատժվի, միայն ճանաչման ու զոհերի  իրավունքների վերականգնումով են ցեղասպանության զոհերի սերունդները տեսնում իրենց զոհված նախնիների հիշատակի հարգումը:  Ելույթով հանդես է եկել նաև Բոխումի համալսարանի պրոֆեսոր Հյոլշերը: Ոգեկոչման արարողությունն ավարտվել է Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ  Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հակիրճ հիշատակի խոսքով և  հոգեհանգստյան աղոթքով:

Ապրիլի 24-ին  ԳԴՀ Շտուտգարթ քաղաքում Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառում:

ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների, Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ էր կազմակերպել  Գերմանիայի  Հերֆորդ, Լյուբեկ և Համբուրգ քաղաքներում:

            Հերֆորդ քաղաքում միջոցառումն անցկացվել է ապրիլի 24-ին Սուրբ Մարիա եկեղեցում:

Ապրիլի 26-ի Լյուբեկ քաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու միջոցառմանը երաժշտական բացառիկ կատարումներով հանդես են եկել հայտնի գերմանացի երգեհոնահար Մայերը և հայ դուդուկահար Գ. Դաբաղյանը:

            Համբուրգ քաղաքում նշյալ ծրագրի շրջանակներում միջոցառումն անցկացվել է ապրիլի 27-ին:

Ապրիլի 26-ին Մյունխենի Քրեմեր մշակութային կենտրոնի սրահում Բավարիայի հայ համայնքի, Մյունխենում Հայ եկեղեցու համայնքի և Հայկական հարցերի հաստատության նախաձեռնությամբ տեղի է ունեցել  Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին երկրամասի Լանդթագի պատգամավորներ, հասարակական-քաղաքական և լրատվական շրջանների ներկայացուցիչներ, Բավարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառումն սկսվել է Մյունխենում Հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Այգիկ քահանայի  հիշատակի խոսքով: Ողջույնի խոսքով հանդես է եկել Մյունխենի Հայկական հարցերի հաստատության տնօրեն Ալիս Մարուխյանը: Ելույթներով հանդես են եկել դեսպան Հովհաննիսյանը և  Բավարիայի հայ համայնքի ղեկավար Անի Չաքրը:

unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7)

Scroll Up