«Ձեր գոյությունը մեր լավագույն պատասխանն է եղեռնագործներին». Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Ապրիլի 24-ին համայն հայությունը՝ Հայաստանում և արտերկրում,  հարգանքի տուրք է մատուցում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Բացառություն չէր նաև մոսկվաբնակ հայությունը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մոսկվաբնակ մեր հայրենակիցները եկել էին արդեն իսկ օծված նորակառույց եկեղեցական համալիր` իրենց խոնարհումը բերելով անմեղ զոհերին,  ծաղիկներ  դնելով համալիրի տարածքում գտնվող խաչքարին:

Հիշատակի արարողությունը մեկնարկեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի կողմից ծաղկեպսակների զետեղմզնբ, որին հաջորդեց հագեհանգստի կարգը: Հոգեհանգստի կարգի ավարտին Եզրաս սրբազանը դիմեց հավատացյալներին` ասելով. «Օրեր առաջ մենք տոնեցինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հրաշափառ հաղթանակը մահվան նկատմամբ, Ով եկավ աշխարհ և իր մահվամբ հաղթեց մահին և իր Հարությամբ մեզ հարություն պարգևեց: Այսօր այս հավատքով համախմբվել ենք իր տան մեջ, մեր ՍուրբԵկեղեցու խնկաբույր կամարների ներքո` ոգեկոչելու անմար հիշատակը ավելի քան 1.5 մլն անմեղ հայորդիների, ովքեր նահատակվեցին 1915թ. ցեղասպանության օրերին` իրականցված Օսմանյան Թուրքիայում: Այժմ հայցում ենք մեր ամենախնամ Տիրոջ բարեգթությունը` նահատակների հոգիներն արժանացնելու երկնային խաղաղությանն ու երանությանը»:

Հոգեհանգստի կարգին ձայնակցում էր  Մոսկվայի Հայորդյաց տան երգչախումբը` գեղարվեստական ղեկավար Լենա Բեգլարյանի ղեկավարությամբ:

«Յուրաքանչյուր հայի հոգու պարտքն է այս օրը հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Այսօր մենք, ի թիվս այլ շարականների, կատարեցինքնաև «Գթա՛, Տե՛ր» շարականը, որը յուրօրինակ աղոթք է առ Աստված` մեր նահատակների հոգու հանգստության համար…»,- ասաց Լենա Բեգլարյանը:

Հոգեհանգստի կարգից հետո Եզրաս սրբազանը, դիմելով երգչախմբի անդամներին, ասաց. «Ինչպես Հիսուս հաղթեց մահին իր Հարությամբ, այնպես էլ մենք հաղթեցինք չարին մեր գոյությամբ, քանի որ այսօր ապրում ենք, քանի որ կան ձեզ պես հրաշալի զավակներ: Ձեր գոյությունը մեր լավագույն պատասխանն է եղեռնագործներին: Աստված օրհնի ձեզ»:

Այնուհետև սրբազանը Հայորդյաց տան սաներին բաժանեց գեղեցիկ խաչեր` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի` մահվան հանդեպ տարած հաղթանակի և ի կոչ` դառնալու հայ ժողովրդի արժանի զավակ և լավագույն պատասխան ոճրագործին:

Արմինե Կարեյան, Մոսկվա

unnamed (10) unnamed (1) unnamed (3) unnamed (4) unnamed (5) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9)

Scroll Up