Հայաստանը գնահատում է սիրիական հակամարտության որևէ կողմի մտահոգությունը սիրիահայերի կացության հարցում. Հրանուշ Հակոբյան

Հայաստանի իշխանությունները մեծ ցավ են ապրում Սիրիայում շարունակվող բախումների ու վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը բազմահազար զոհերի պատճառ դարձավ, այդ թվում` մոտ 90 սիրիահայի:

Այս մասին նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով արաբական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունն այն մասին, թե սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիան ուղերձ է հղել, որում նշվում է Սիրիայի կյանքում հայկական համայնքի կարեւոր դերի մասին:
-Վերջերս արաբական մի շարք լրատվամիջոցներում հնչում է, որ սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիայի ղեկավարությունն անդրադարձել է քեսաբահայերին և Քեսաբում տիրող իրավիճակին: Ինչպե՞ս Դուք կմեկնաբանեք նրանց ուղերձն ուղղված նաև Հայաստանի իշխանություններին:
-Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը տագնապով հետևում է Սիրիայում երեք տարուց ավելի տեղի ունեցող ողբերգական զարգացումներին և խորապես մտահոգված է բարեկամ սիրիական ժողովրդի ճակատագրով, որի անբաժանելի մասն է կազմում նաև սիրիահայ համայնքը: Մեծ ցավ ենք ապրում երկրում շարունակվող բախումների ու վատթարացող հումանիտար իրավիճակի կապակցությամբ, որը բազմահազար զոհերի պատճառ դարձավ, այդ թվում` մոտ 90 սիրիահայի:
Պատերազմական գործողությունների արդյունքում մեծապես տուժել է նաև Սիրիայի հայ համայնքը, վնասվել են տներ, եկեղեցիներ, դպրոցներ, մեծաթիվ հայեր լքել են իրենց բնակավայրերը, լիովին հայաթափվել են Ջեզիրեի և Լաթաքիայի շրջանների մի շարք բնակավայրեր: Վերջերս նույն բախտին արժանացավ նաև հայաբնակ Քեսաբ քաղաքը: Թեև, բարեբախտաբար, զոհեր չեն եղել, սակայն Քեսաբն ամբողջությամբ դատարկվել է. հարյուրավոր սիրիահայ ընտանիքներ լքել են իրենց տներն ու ունեցվածքը, ապաստան գտել այդ շրջանի առավել անվտանգ վարերում: Փաստերը վկայում են, որ Թուրքիան իր տարածքն է տրամադրել զինյալներին Քեսաբ մուտք գործելու համար:
Սիրիայի շատ քաղաքացիներ, այդ թվում` ազգային ու կրոնական փոքրամասնությունները, հումանիտար օգնության կարիք ունեն: Այս իրավիճակում մենք գնահատում ենք սիրիական հակամարտության որևէ կողմի անկեղծ մտահոգությունը և դրական դիրքորոշումը սիրիահայերի կացության և նրանց անվտանգության հարցում:
Եվ, վերջապես, սիրիահայությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող ողջ հայությունը երախտիքի մեծ զգացումով են հիշում արաբական աշխարհի, այդ թվում` սիրիական ժողովրդի տարբեր հատվածների, Շամմար և այլ արաբական ցեղային միությունների օգնությունն ու աջակցությունը 1915 թվականին Օսմյանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետևանքով գաղթական դարձած մեր հայրենակիցներին: Նաև այդ պատճառով է, որ մենք այսօր սիրիական հակամարտության  հետևանքով յուրաքանչյուր քաղաքացու կորուստն ընկալում ենք առանձնակի ցավով:
Մենք հույս ունենք, որ որքան էլ խորը լինեն բաժանումները սիրիական հասարակության ներսում, այնուամենայնիվ, կողմերին կհաջողվի առկա հակասությունները հաղթահարել բացառապես խաղաղ միջոցներով: Խաղաղության հասնելու ջանքերին զուգահեռ պետք է իրականացվեն համապարփակ ժողովրդավարական բարեփոխումներ, որոնք կարտացոլեն սիրիական ժողովրդի բոլոր հատվածների հավաքական կամքը ու իղձերը և արդյունքում կվերականգնեն տևական խաղաղությունն ու անդորրը բարեկամ Սիրիայի հողում: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես` Սիրիայի հետ հարևան պետությունների դերը պետք է կայանար հենց այդ երկխոսության աջակցության մեջ` հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը:

armenpress.am

Scroll Up