Աշխարհում ամեն մարդ հասկացավ Ցեղասպանությունը վերապրած այդ կնոջ տառապանքը՝ բացի թուրքերից. լիբանանահայի նամակը թուրքերին
Աշխարհում ամեն մարդ հասկացավ այդ կնոջ տառապանքը, միայն թուրքերը չհասկացան. նրանք իրենց տիրացած կալվածքներով և հարստությունը հաշվելով էին զբաղված…
Պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթն ավելի վաղ տեղեկացրել էր, որ սփյուռքի 16 գործիչներ նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին, որոնք կներկայացնի շաբաթվա ընթացքում։
Պարբերականում հրապարակված առաջին նամակի հեղինակը լիբանանահայ արվեստագետ, հոգեբան Անիտա Թութիկյանն է։
«Ընտանիքիս պատմությունը լի է բռնության բազմաթիվ ապրումներով, որոնց մասին ես, որպես չորրորդ սերունդ, դեռ ամոթով եմ արտահայտվում։
Մեծ տատիս՝ Գոհարի հայրը, եղբայրներն ու հորեղբայրներն արևի տակ հալչող «սառնաշաքարների» պես մահացան՝ ցցերի վրա։ Շատ հարուստ էին, ու տանջվեցին, որպեսզի հայտնեն իրենց ոսկիների թաքստոցը։ Խոստովանեցին, բայց ազատ արձակվելու փոխարեն, որպեսզի ամեն մարդ տեսնի նրանց ցավատանջ, կամաց-կամաց մահանալը, ավելի տեսանելի տեղ տեղափոխեցին ցցերը… Գոհարի քույրը դեպի Կարս փախուստի ճանապարհին ձների մեջ մահացավ։ Նրա զարմուհիներն առևանգվեցին այդ նույն վայրի շրջակայքում, մինչև սոված ու ծառավ մահացան կամ բռնաբարվեցին։ Գոհարի ամուսինը ցած նետվեց բարձունքից։ Որդիներից դեռ մեկն էր նոր ամուսնացել, սպանվեց ուտելիք փնտրելիս։ Կինն առևանգվեց։
Կապը խզվեց ավելի վաղ Ամերիկա մեկնած մյուս որդու հետ։ Խորթ հորը, որ քահանա էր, նվաստացրին։ Երբ մերժեց մատանին հանել, կտրեցին մատը։ Ավելի ուշ նա էլ մահացավ։ Մի քարայրում թաքնվելով՝ երեխաներին ամիսներ շարունակ խոտերով ու մողեսներով կերակրեց։ Ձեռքերով աշխատեց՝ գերու նման։ Նա կարողացավ հանդուրժել բազմաթիվ տառապանքներ ու նվաստացումներ, բայց Թուրքիան չկարողացավ հանդուրժել իրեն։ 1930-ականների սկզբին Հալեպ գնաց։ Հալեպի ճանապարհին ստիպված եղավ տալ իր ունեցած-չունեցածը՝ նույնիսկ նորածին թոռան ծածկոցը… Թոռնիկը ցրտից մահացավ։
Աշխարհի վրա ամեն մարդ հասկացավ այդ կնոջ տառապանքը։ Միայն թուրքերը չհասկացան… Նոր տիրացած կալվածքներն ու հարստությունը հաշվելով էին զբաղված…
Թուրքիայի կառավարության հետ երկխոսություն հաստատելու գաղափարն անհաճո երազանքի տպավորություն է թողնում ինձ վրա։ Թուրքերը հավատում են, որ տղայի և գայլի մեկտեղումից են առաջացել։ Նրանք չեն նկատում, որ զոհերի հանդեպ էլ տղայական տրամաբանությամբ և գայլի ախորժակով են առաջնորդվել։
Տղայի և նրա տանջված խաղալիքի միջև ի՞նչ երկխոսություն կարող է հաստատվել։ Սոված գայլի և նրա ուտելիքի միջև ի՞նչ երկխոսություն կարող է հաստատվել։ Եթե երկխոսության ժամանակակից ոճը 113 տարի առաջ ապրած և մեռած հայի շիրմաքարին թուրք գրաֆիտիի սիրահարի կողմից «անբարոյականի զավակ» գրելն է, ի՞նչ երկխոսության մասին է խոսքը։
Թուրքերի մտածելակերպով՝ այդ շիրմաքարը մեղավոր է։ Ես չեմ վիրավորվում, բայց նրանց դեռ քանի դար է պետք չափահաս դառնալու համար»։
Մանրամասները՝ tert.am կայքում: