«Միշտ գարուն է սրտիս համար, երբ մայրիկիս համբույրը կա»

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածածնի ավետման տոնը ամեն տարի նշում է ապրիլի 7-ին: Այս օրը Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ հռչակվել է նաև Մայրության ու  գեղեցկության օր, և բոլոր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող  կանանց օրհնության կարգ:

Հայ ժողովուրդը մայր է կոչում իր եկեղեցին, հայրենիքը, հողն ու լեզուն: Այս ավետիսով  է՛լ ավելի է արժևորվում մայրության գաղափարը, աշխարհին նոր կյանք պարգևելու, հասարակությունը նորոգելու, ձևավորելու և արարելու  մեծ խորհուրդը։

Կրասնոդարի «Արմատ» կիրակնօրյա  դպրոցի  ուսուցիչները իրենց սաների հետ անմասն չեն մնում եկեղեցական և համաժողովրդական ոչ մի տոնից։ Ապրիլի 7-ին նրանք այս կամ այն կերպ արձագանքում են Մայրության տոնին և ամենամայր Մարիամ Աստվածածնի երկրպագության օրվան։

«Ուրարտու» խմբի սաները այդ օրը դասի էին եկել մայրիկների հետ։ Ուսուցչուհի Մեքսիդա Հովհաննիսյանի հորդորով և անմիջական ղեկավարությամբ նրանք  սովորել էին հրաշալի բանաստեղծություններ և երգեր, իրենց ձեռքերով ասեղնագործել  սրբապատկերներ և բացիկներ։ Դասը ինքնաբերաբար վերածվեց ճանաչողական  մեծ հանդեսի։ Աշակերտները ներկայացնում էին տոնի խորհուրդը, պատմական ուղին, փառաբանում հոգատար, գորովագութ մայրերին ու  տատիկներին։ Ուսուցչուհու խոսքը վերաբերում էր հայ մոր  բարոյական կերպարին, որն առանձնանում է իր նվիրվածության ուժով, դժվարություններին դիմակայելու բացառիկ կարողություններով, անձնազոհության վիթխարի ավյունով։

Երկինքն իմն է իր կապույտով,

Երբ մայրիկիս աչքերը կան,

Ու ժպտում են մեղմ ժպիտով

Մթնշաղի աստղերն անգամ…

Գարո՛ւն, ծաղիկներիդ բույրերով և տաք հովերիդ թևերով բոլոր մայրերի բաղձալի խաղաղությունը բե՛ր աշխարհին և երկրին Հայոց։

Երազիկ Հարությունյան, Կրասնոդար

1420353_662760133783668_1860904672_n 10253348_662759910450357_1517910013_n

Scroll Up