ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ. Կոնգրեսը մտադիր չէ Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյնորն անակնկալ այցով ժամանել է Անկարա, որտեղ հավաստիացրել է թուրք ղեկավարներին, որ Կոնգրեսը մտադիր չէ բանաձև ընդունել, որով Թուրքիային կոչ կարվի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Բեյնորը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Էրդողանին ու խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկին:
«Ժամանակ առ ժամանակ արծարծվում է հայերի հարցը, բայց մի՛ մտահոգվեք: Մեր Կոնգրեսը չի մասնակցի այդ հարցին: Մենք չենք գրում պատմությունը, պատմաբաններ չենք»,- Չիչեկի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Բեյնորը, հայտնում է Hurriyet Daily News-ը:
Նա նշել է, որ երկու երկրների միջև երկկողմ կապերը պետք է ամրապնդվեն, և ԱՄՆ-ն երախտապարտ է Թուրքիային Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի հարցում աջակցության համար՝ հավելելով, որ հետագա գործակցությունը կարող է ընդլայնվել առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ:
Ըստ Ջեմիլ Չիչեկի՝ Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, բայց «եթե օրենսդիր մարմինները որոշումներ են կայացնում պատմական հարցերի վերաբերյալ, դա կարող է խոչընդոտել երկրների հաշտեցմանը»:
Մանրամասները՝ panarmenian.net կայքում: