Մոսկվաբնակ մանուկները ստացան Սրբազանի օրհնությունը

Ապրիլի 13-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը տարիներ առաջ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հռչակել է որպես Մանուկների օրհնության օր: Տոնական օրը Նոր Նախիջանի և Ռուսաստանի Հայոց թեմի Մոսկվայի նորակառույց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Իրենց զավակներին Թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությունը ստանալու համար եկեղեցի էին բերել հարյուրավոր հայ ծնողներ.  բացառություն չէին նաև Թեմի հովանու ներքո գործող Մոսկվայի «Հայորդյաց տան» սաները:

Չնայած այս տարի Ծաղկազարդը նույն օրն էր նշում նաև ռուս ուղղափառ եկեղեցին, սակայն մոսկվաբնակ հայերն առանց երկվության ընտրել էին Սուրբ Պայծառակերպությունը: «Հայորդյաց տան» սաները Սբ. Պատարագից հետո ստացան Սրբազանի օրհնությունը, լուսանկարվեցին թեմակալ առաջնորդի և Սբ. Պատարագին մասնակցած ԼՂՀ նախագահի հետ:

Կրթօջախի սաներից Ռիմա և Արինա Հայթյանների մայրը` Արմինե Մարտիրոսյանը, ևս փոքրիկների հետ եկեղեցում էր: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Ինչպես Մոսկվայում բնակվող մյուս հայ ծնողները, այնպես էլ ես, չէի կարող բաց թողնել այս գեղեցիկ տոնին մասնակցելու և զավակներիս Սրբազան Հոր օրհնությանը ներկայացնելու հնարավորությունը: Պարզապես անասելի երջանկություն է, որ այս տարի մենք արդեն իսկ հնարավորություն ունենք մեր տոները դիմավորել նորակառույց Սբ. Պայծառակերպություն եկեղեցում, որի տարածքում գտնվելիս անգամ մի պահ մոռանում ենք, որ հեռու ենք մեր հայրենիքից»:

Հավատացյալները և մանուկները եկեղեցուց հեռացան` լցված Սբ. Պատարագից ստացած լույսով ու հանգստությամբ, իսկ երգչախումբն իր հետ տարավ նաև ներկաների գոհունակությունը: Հատկանշական է, որ այս գեղեցիկ տոնին Սբ. Պատարագին երգելու պատիվն ընձեռվել էր «Հայորդյաց տան» երգչախմբին, որը ղեկավարում է Լենա Բեգլարյանը:

Արմինե Կարեյան, Մոսկվա

unnamed (28) unnamed (29) unnamed (30) unnamed (31) unnamed (32) 10178294_772849029394488_96854783_n

Scroll Up