Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ, որում ասվում է.
Սիրելի՛ մայրեր,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ:
Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է:
Սիրելի՛ տիկնայք,
Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ միշտ լինեք սիրված ու երջանիկ, մեծացնեք առողջ ու արժանավոր զավակներ: