1000-ից ավելի ավստրալահայ երիտասարդներ ցույց են արել Սիդնեյի թուրքական հյուպատոսարանի դիմաց

«Փրկենք Քեսաբը» կոչով Սիդնեյի թուրքական հյուպատոսարանի դիմաց կազմակերպված ցույցին մասնակցել են ավելի քան հազար հայ ակտիվիստներ: «Թուրքիան մեղավոր է, Թուրքիան պետք է վճարի», «1915. այլևս երբեք», «Ետ քաշե՛ք ձեր ձեռքերը Քեսաբից», «Ժողովրդավարություն, հա՜, հա՜», «Ամո՛թ, Թուրքիա՛, ամո՛թ» վանկարկումներով և ցուցապաստառներով ցուցարարները պահանջել են պատասխանատվության ենթարկել Թուրքիային` իր տարածքից ծայրահեղ իսլամիստների մուտքը Սիրիա ապահովելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Արմենիա» շաբաթաթերթը, ավստրալահայ երիտասարդներին հատկապես բարկացրել էր, որ 1915 Հայոց ցեղասպանության հանցագործությունների համար դեռ իր պատիժը չկրած Թուրքիան կրկին հալածում է հայ խաղաղ բնակիչներին: «Դա պարզապես անընդունելի է: Այս դարաշրջանում մենք չենք կարող անգործ նստել, մինչ Թուրքիան առանց խղճի խայթի շարունակում է իր հալածանքները հայերի և այլ փոքրամասնությունների դեմ»,- նշել է ցույցը կազմակերպած Հ.Յ.Դ. Ավստրալիայի մասնաճյուղի նախագահ Արամ Թուֆենկյանը:

Ցույցը լայնորեն լուսաբանել են ավստրալական լրատվամիջոցները: Սոցցանցերում հայերին իրենց աջակցությունն են հայտնել Խորհրդարանի դաշնային անդամ և Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար Ջոել Ֆիցգիբոնը և Նոր հրավային Ուելսի նահանգի օրենսդիր խորհրդի անդամ Ֆրեդ Նայլը:

Հայերի ցույցին ի պատասխան ցույցի էին դուրս եկել տեղական թուրքական համայնքի փոքրաթիվ անդամներ, ովքեր սուլոցներով փորձել են խանգարել հայկական ցույցը:

Մարտի 21-ին թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաշատ Քեսաբ քաղաքի վրա հարձակումը և գրավումը, որ հայկական սփյուռքին հիշեցնում են Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թթ. քրիստոնյա ժողովուրդների, այդ թվում` հայերի ցեղասպանության մասին, դատապարտել են միջազգային կառույցներ, Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը` ուշադրություն դարձնել սարսափելի դեպքերին: #SaveKessab հեշթեգը վերջին օրերին լայնորեն տարածվել է սոցցանցերում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այդ ողբերգական իրադարձությունների վրա: Դժբախտաբար, հեշթեգը շահագործվել է նաև Քեսաբի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածելու համար:

Մանրամասները՝  armenpress.am կայքում:

Scroll Up