«Սևակն այսօր էլ է ապրում, և նա այստեղ ներկա էր». Տ. Առաքել Ամիրյան

«Այսօր մեր մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և՛ մուշտակի դրսինը, և՛ ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է … Ոտնաման-բեռնատարներս՝ նույնպես : Արդյոք ե՞րբ եմ քեզ տեսնելու: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն …»: Հատվածը Սուլամիթայի` Պարույր Սևակի «վերջին սիրո»` իրեն ուղղված նամակից է: Այն, որ Սևակի «Նամակ» բանաստեղծությունը ստեղծվել է Սուլամիթայի նամակի հիման վրա, մոսկվաբնակ հայերից շատերն իմացան ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի  Հայորդյաց տանը կազմակերպված` Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված «Ուզում եմ ապրող, սիրող մարդ լինել» խորագրով միջոցառումից: Երևի միայն Սևակի իսկական երկրպագուները, հայոց լեզվի գիտակներն ու տասնամյակների մանկավարժական փորձ ունեցողներից եզակիները կարող էին Սևակին ներկայացնել այնպես, ինչպես դա արեց կրթօջախի հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանը` 18-ից բարձր տարիքային խմբի առաջին դասարանցիների մասնակցությամբ:

Միջոցառումը չսկսվեց գրական երեկոների ավանդական ձևաչափով. այն մեկնարկեց «Սևակի ծնունդով» ու բեմում կենդանացավ հայ ընտանիքի` արու զավակ ունենալիս կազմակերպվող «աչքալուսանքն ու կերուխումը», որը համեմվեց Սևակով և սևակյանով: Մի բանաստեղծությունից մյուսը, Սևակի կյանքի մի դրվագից հաջորդի անցումը ներկայացված էր այնպիսի նրբաճաշակությամբ ու ճոխությամբ, գույներով ու երանգներով, որ հավանաբար սևակագետներն անգամ նման ներքին կապակցվածություն և ամբողջականություն նկատած չեն լինի ականավոր հայ բանաստեղծի ստեղծագործություններում:

Նամակների ներկայացումը մի կողմից, Սևակի` երգի վերածված բանաստեղծությունները մյուս կողմից, գալիս էին լրացնելու նրա սիրո հավերժական խոստավանություններին ու, գուցեև, օրինակ դառնալու այսօրվա երիտասարդությանը:

Ու հենց բեմում շարունակվող «աչքալուսանքի» կեսից «լռեց հայ շինականի երգը», և սկսվեց «Եռաձայն պատարագը»` միաձուլվելով Անի Պապյանի անզուգական  «Դլե յամանին» և ավարտվելով ապրելու կոչով:

Սաներն այնպիսի նվիրումով էին ներկայացնում սևակյան յուրաքանչյուր տողը, որ ներկաներին այլ բան չէր մնում, քան հավատալ, որ դահլիճում էր նաև Սևակը…

Միջոցառման ավարտին Հայորդյաց տան հոգևոր տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանը, դիմելով միոցառման հեղինակ Երանուհի Ղազարյանին, մասնակիցներին և ներկաներին, ասաց. «Սևակին այսպիսին դեռ ոչ ոք չէր տեսել, դեռ ոչ մեկը նրան այսքան ջերմ ու հարազատ չէր զգացել ու ներկայացրել, որչափ դա արվեց այսօր: Մեր սաներն  ապացուցեցին, որ Հայորդյաց տան ճանապարհն Աստծո օրհնությամբ են գտել, նրանք այսօր ցույց տվեցին, որ նախնյաց գրին ու խրատին ծանոթ հայը չի կարող մեռնել, նրանք այսօր ապացուցեցին, որ հայը մի ճանապարհ ունի` ապրել: Սևակն այսօր էլ է ապրում, և նա այստեղ ներկա էր…»:

Արմինե Կարեյան, Մոսկվա

unnamed (1) unnamed (2) unnamed (3) unnamed (6) unnamed (7) unnamed (8) unnamed (9) unnamed (10) unnamed (11) unnamed (12) unnamed (13)

Scroll Up