ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Թուրքիայի քրիստոնյաների գույքը վերադարձնելու մասին օրինագիծը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/04/177495.jpg)
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը սատարում է կոնգրեսական Էլիոթ Էնգելի թիվ №HR4347 օրինագծին, որը պահանջում է Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում յուրացված քրիստոնեական եկեղեցիների ու քրիստոնյաների գույքի կարգավիճակի մասին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), ԱՄՆ հայ համայնքը սատարում է օրինագծին:
«Ամերիկահայերը՝ աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ժողովրդի որդիներն ու դուստրերը, կոչ են անում միանալ Ռոյսի օրինագծին Թուրքիայում քրիստոնյա եկեղեցիների վիճակի վերաբերյալ հաշվետվությունների մասին», -հայտարարել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը:
Ամերիկյան հզոր աջակցության պահանջարկը փոքրամասնությունների և դավանանքի ազատության իրավունքների պաշտպանության ոլորտում կտրուկ աճեց անցած շաբաթ, երբ հայտնի դարձավ Քեսաբի դեմ հարձակումներում Թուրքիայի դերի մասին: Քեսաբը Հայոց ցեղասպանության միակ և վերջին վկան է Օսմանյան կայսրության տարածքում: Օրինագծի ընդունումն ազդակ կլինի Անկարայի համար, որ նա պետք է կասեցնի իր հակաքրիստոնեական գործողություններն ու հաշտեցման գործընթաց սկսի հայերի, սիրիացիների, կիպրոսցիների, Պոնտոսի հույների և ցեղասպանությունների այլ զոհերի հետ՝ ստանձնելով բարոյական, նյութական ու իրավաբանական պարտավորություններ:
Օրինագիծը ներկայացնելուց հետո հրապարակված հայտարարության մեջ Էդ Ռոյսը շարադրել է HR4347 բանաձևի ընդունման անհրաժեշտությունը: «Օրենքը պատասխանատվության կկանչի Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները չկատարելու համար: Օրինագիծը նաև վեր կհանի եկեղեցական գույքն օրինական տերերին վերադարձնելու հարցում թուրք ղեկավարների չկատարված խոստումները: Տասնամյակներ շարունակ քրիստոնեական եկեղեցիները դաժանորեն քանդվել են կամ ապօրինաբար առգրավվել են թուրքական իշխանությունների կողմից տարբեր պատրվակներով: Եկեղեցիները թալանվել են, վերածվել են մզկիթների, կազինոների: Նրանց անուղղելի վնաս է հասցվել: Խոցելի կրոնական փոքրամասնություններն ավելիին են արժանի, քան ուղղակի թալանված գույքի մասնակի վերադարձն է: Կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն առաջիկայում ևս ստիպի թուրք առաջնորդներին կատարել ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերադարձնել ամբողջ եկեղեցական գույքը: Թուրքիայում կրոնական հանդուրժողականության ու դավանանքի ազատության պաշտպանության օրինագիծը դիվանագիտական առավելություն կդառնա ԱՄՆ-ի համար», -ասել է նախագահ Ռոյսը:
Մանրամասները՝ panarmenian.net կայքում: