Գայանե Մարգարյան. «Եկավ պահը, ու ես ափսոսացի իմ խոսքերի համար…»

Օրերս կայացած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի համահայկական ամենամյա մրցանակաբաշխությանը Լիպեցկի մեկօրյա հայկական դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանն   արժանացավ «Մայրենիի պաշտպան» (անhատ) անվանակարգի 2-րդ կարգի մրցանակի:

Այս առիթով  «Հայերն այսօրը»  զրուցել է Գայանե Մարգարյանի հետ.

– Հայաստանից ստացած յուրաքանչյուր խրախուսանք, յուրաքանչյուր պարգև մեզ համար ոգևորության և բռնկումների աղբյուր է, իսկ ՀՀ սփյուռքի նախարարությունը նման հնարավորություն ընձեռում է բոլորիս: Մեր համայնքի ներկայացուցիչները տարբեր ժամանակներում մասնակցել են նախարարության կազմակերպած մրցույթներին և շահել արժանի մրցանակներ: Այս առիթով ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը, որ ուշադրությունից դուրս չի թողնում  և ոչ մի համայնքային կառույց:

«Հայերն այսօրի» միջոցով ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որ կարողանում է նման հոյակապ միջոցառումներ կազմակերպել ու խրախուսել մեզ: Ես նոր լիցքով, ավելի ոգևորված, կգնամ և իմ զգացումները կփոխանցեմ իմ փոքրաթիվ կոլեկտիվին, ինչը, համոզված եմ, նրանց շատ կոգևորի:

– Տիկի´ն Գայանե, քանի՞  տարվա պատմություն ունի դպրոցը:

– Դպրոցն արդեն 10 տարվա պատմություն ունի. պաշտոնապես բացվել է 2004 թվականին: Ես հիմնադիր տնօրենն եմ: Իհարկե, առանց Սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, մեր համայնքային կառույցների, համայնքի ղեկավարության օգնության հնարավոր չէ ունենալ դպրոց, որն այսօր 150 աշակերտ ունի, ինչը շատ ոգևորիչ է Լիպեցկի նման քաղաքի համար:

Համեմատության համար նշեմ, որ առաջին տարում աշակերտների թիվը 27 էր, երկրորդ տարում` 47, հետո դարձավ 80, ինչը մենք մեծ թիվ էինք համարում: Վերջին 2-3 տարում արդեն ունենք 150 և ավելի աշակետ, ինչը մեծ հաղթանակ եմ համարում: Սա՝ նաև  շնորհիվ մեր ուսուցիչների, հոգեբան ուսուցիչների, ովքեր կարողանում են իրենց կողքը հավաքել, համախմբել աշակերտներին:

Անցնող տարիների ընթացքում դպրոցը բավականին դժվարություններ է ունեցել. չեմ ուզում այդ մասին խոսել, այսօր լավ տրամադրություն ունեմ: Հույս ունեմ, որ հետագայում ավելի հեշտ կաշխատենք, որովհետև արդեն օգնություն ունենք:

– Տիկի´ն Գայանե,  հետաքրքիր է` ինչո՞ւ ցանկություն առաջացավ դպրոց հիմնել:

 – Մոտ 20 տարի է՝ ապրում եմ ՌԴ-ում, սկզբում՝ Մոսկվայում, հետո տեղափոխվեցինք Լիպեցկ: Նոր էինք տեղափոխվել Լիպեցկ, ու երբ տեսնում էի, թե երեխաներն ինչպես են սահուն ռուսերեն խոսում, ինքս ինձ հաճախ ասում էի. «Կլինի՞, որ մի օր իմ երեխաներն էլ այսպես սահուն ռուսերեն խոսեն»: Բայց եկավ պահը, ու ես ափսոսացի իմ խոսքերի համար. իմ երեխաներն արդեն սահուն չէին խոսում իրենց մայրենի լեզվով, ինչն ինձ շատ-շատ տխրեցնում էր: Ես սա նկատել էի ոչ միայն իմ, այլև իմ շրջապատի երեխաների մոտ: Հասկացա, որ մեր երեխաները, կորցնելով մայրենի լեզուն, կկորցնեն նաև իրենց ինքնությունը: Կարծես իմ մեջ արթնացավ մանկավարժի ջիղը (ավարտել եմ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը), ու որոշեցի իմ շուրջը համախմբել աշակերտների: Եվ իմ համախոհներով՝ շուրջ 4-5 հոգի, կազմակերպեցինք դասընթացներ:

Մեկ տարի դժվարություններ ունեցանք գրքերի հայթայթման, տեղի հետ կապված հարցերում, որովհետև վարձով տան մեջ հնարավոր չէր դասընթացներ կազմակերպել, ինչի համար և դիմեցինք համայնքի ղեկավարությանը: Այն ժամանակ այն պարզապես կոչվում էր հայկական համայնքը, որը հետագայում վերանվանվեց «Դիասպորա», իսկ հիմա գործում է որպես Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունք: Համայնքի ղեկավարության օգնությամբ կարողացանք տեղի և դասագրքերի հարցը լուծել: Դպրոցը դասագրքեր է ստացել Դաշնակցություն կուսակցությունից, Եզրաս Սրբազանից: Չեմ ամաչել` եկել եմ Հայաստան և դպրոցներից հին այբբենարաններ  խնդրել: Եվ, փա´ռք Աստծո, հասել ենք նրան, որ այսօր արդեն կայացած դպրոց ունենք, և Սփյուռքի նախարարությունը մեզ նման պատվի է արժանացնում:

Ուրախ և հպարտ ենք, որ օտար հողում կարողացել ենք փոքրիկ Հայաստան ստեղծել, որ կարողանանք հայ ապրել ու հայ մնալ: Օրինակ` վերջերս մենք բեմականացման ձևով  ներկայացրինք հայկական ավանդական հարսանիքի ծեսը: Շատ-շատերը չգիտեին կոսբանդ կապելու, ափսե կոտրելու, լավաշ գցելու և այլ սովորույթներ: Որոշեցինք մեր աշակերտներին սովորեցնելու միտումով ցույց տալ մեր հասարակությանը, որ ունեցել ենք նման ծեսեր, ավանդույթներ, որոնք պետք է շարունակենք պահել ու ապրեցնել:

Զրուցեց  Լուսինե Աբրահամյանը

Scroll Up