Մոսկվայի Հայորդյաց տանը ծանոթանում են Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդներին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/unnamed-230.jpg)
Յուրաքանչյուր կիրակի Հայ Առաքելական Եկեղեցու «Քրիստոնեական» առարկայի շրջանակներում Մոսկվայի Հայորդյաց տան սաները ծանոթանում են նաև մեր եկեղեցու պատմությանը: Իսկ շաբաթ օրերին Միքայել դպիր Փարսադանյանը նրանց ծանոթացնում է Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդներին: Այս դասընթացներին, Հայորդյաց տան հոգևր տեսուչ Տ. Առաքել քահանա Ամիրյանի թույլտվությամբ, կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր Հայորդյաց տան սան չեն:
«Յուրաքանչյուր դասի ընթացքում պարդատիր երկու աղոթք ենք սովորում, իսկ թեմային ծանոթացնելուց առաջ ես նախ ստուգում եմ լսարանի պատրաստվածությունը: Օրինակ, եթե մենք խոսում ենք Մկրտության խորհրդի մասին, նախ լսում եմ իրենց կարծիքը, թե ինչ են հասկանում մկրտություն ասելով, ապա դասը հանգեցնում է նրան, որ ես ներկայացնում են ՀԱԵ դավանաբանությունը, և հասնում ենք միակարծության»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայել Փարսադանյանը:
Այս տարի դասընթացներն անցկացվում են ռուսերենով, քանի որ նորեկների մի մասը հայերեն չի հասկանում: Սակայն գոյություն ունեն հստակ կանոններ. աղոթքները, տերմինները հայերեն են սովորում: Դա հայերենը աղոթքի լեզու դարձնելու հնարավորություն է տալիս սաներին:
«Եթե սանը դժվարությամբ, բայց հասկանում է հայերեն, ապա հարցը կարող է ձևակերպել իրեն մատչելի լեզվով, սակայն պատասխանը հնչում է հայերենով: Իսկ անհասկանալի բառերը կամ հայերենով արդեն իսկ հնչած միտքը թարգմանում եմ նաև ռուսերեն»,- մեզ հետ զրույցում ասաց Միքայել Փարսադանյանը:
Դասերի ժամանակ, սաների խնդրանքով, քրիստոնեության մյուս ճյուղերի հետ նաև դավանաբանական զուգահեռներ են անցկացվում, որը Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանության մասին հստակ պատկերացում կազմելու հնարավորություն է տալիս:
Հայ Առաքելական Եկեղեցու խորհուրդներին ծանոթացող սաներից Տաթև Քոչարյանը մեծ հետաքրքրությամբ և սիրով է մասնակցում դասընթացներին, որոնց ընթացքում ծանոթանում են նաև Սուրբ Պատարագի նշանակությանը: Տաթևը համոզված է, որ Միքայել դպիր Փարսադանյանի վարած դասընթացները շատ օգտակար կլինեն Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների համար. «Որքան էլ որ դասընթացի մասնակիցների թիվը շատ լինի, միևնույնն է, այն կարող է քիչ թվալ, քանի որ որքան շատ հայեր մասնակցեն Հայորդյաց տանն անցկացվող դասընթացներին, այնքան շատ մարդիկ մոտ կլինեն և կծանոթանան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խորհուրդներին »:
Հայ Առաքելական Եկեղեցու Խորհուրդներին կարելի է ծանոթանալ յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը` 15:00-16:50, 18:00-19:50 և 20:00-21:30: Դասընթացներն, առանց սահմանափակման, բաց են բոլոր ցանկացողների համար և անվճար են:
Արմինե Կարեյան, Մոսկվա