Արտավազդ Փելեշյանին պատվեց նաեւ Նորվեգիան

Օրեր առաջ  Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքի Մինիմալեն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը  հայկական ներկայացում ունեցավ.  փառատոնի պատվավոր հյուրը եղավ լեգենդար հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը։ Իսկ սկանդինավյան ֆիլմերի փառատոնի ժյուրիի երեք անդամներից մեկը հայաստանցի կինոգետ, բանասեր Արծվի Բախչինյանն էր, որն իր շվեդ և նորվեգուհի գործընկերների հետ դիտեց և գնահատեց սկանդինավյան հինգ երկրների և նորվեգական վերջին տարիների լավագույն կարճամետրաժ կինոֆիլմերի մի ընտրանի։ Հայկական ֆիլմերը, ցավոք,  բացակայում էին միջազգային ծրագրից (տարածաշրջանից միայն առկա էր մեկ վրացական աշխատանք)։

Մինիմալեն փառատոնն իսկապես շատ փոքր է իր ծավալով (նաև ամբիցիաներով), սակայն ժամանակ առ ժամանակ նրանք կարողանում են իրենց թույլ տալ հրավիրել համաշխարհային որևէ մեծության (օրինակ՝ անցյալում պատվավոր հյուր է եղել Փիթեր Գրինուեյը)։ Փառատոնի օրերին  կայացավ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, որից հետո  տեղի ունեցավ անգլերեն քննարկում Փելեշյանի կինոարվեստի վերաբերյալ՝ կինոռեժիսորի մասնակցությամբ, որը վարում էին հատուկ այդ նպատակով հրավիրված կինոգետներ Դանիել Ֆեյրֆաքսը (Ավստրալիա), Մարիթ Կատրին Կոռնելը (Կանադա-Նորվեգիա) և Թրոնդ Լունդեմոն (Նորվեգիա)։ Նույն օրը տեղի ունեցավ Արտավազդ Փելեշյանի վարպետության դասը, որ վարում էր Թրոնհայմի կինոփառատոնի աշխատակից Էնդրե Էիդսաա Լարսենը։ Այս երիտասարդ նորվեգացի կինոգետն իր դիպլոմային աշխատանքը գրել է Փելեշյանի կինոարվեստի վերաբերյալ և շարունակում է ուսումնասիրել նրա արվեստը։ Կինոյի մեծ վարպետը պատասխանեց Լարսենի և ներկաների հարցերին։ Նրանց մասնավորապես հետաքրքրում էր աշխարհի շատ կինոդպրոցներում ուսումնասիրության առարկա դարձած Փելեշյանի դիստանցիոն մոնտաժի տեսությունը:

Նորվեգիայում թեև անցած տասնամյակներում ձևավորվել է փոքրաթիվ հայ համայնք՝ ցրված ողջ երկրով մեկ, իսկ վերջին տարիներին նորվեգական կինոփառատոներում եղել են հայ մասնակիցներ, և անգամ նկարահանվել է հայ-նորվեգական խաղարկային կինոնկար (Հովհաննես Գալստյանի  «Խճճված զուգահեռները»), այսօր, սակայն,  Նանսենի երկրում հայերը և Հայաստանը մնում են գրեթե անճանաչ։ Փելեշյանի ֆիլմերը որոշակի հետաքրքրություն արթնացրին փառատոնի բոլոր մասնակիցների մեջ, և այդ օրերին նորվեգական համացանցային լրատվամիջոցներում սկսեցին հաճախ շրջանառվել Armenia և armensk (հայ) բառերը։

Ա. Բ.

Թրոնդհեյմ-Երևան

Untitled Untitled1

Scroll Up