Repat Armenia-ն Թբիլիսիում

Մարտի 22-ին Թբիլիսիի Պետական համալսարանում կայացավ Repat Armenia Foundation կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումը հայ ուսանողների հետ: Միջոցառման նպատակն էր թբիլիսահայ ուսանողներին ծանոթացնել  «Repat Armenia» կազմակերպության գործունեության հետ, ինչպես նաև զրույց անցկացնել Հայրենադարձության թեմայի շուրջ:

Միջոցառման սկզբում 100-ից ավելի հավաքված ուսանողներին դիմեց «Վրաստանի Հայ Համայնքի» Ուսանողական միության ներկայացուցիչ Դավիթ Մզիկյանը: «Թբիլիսիում ապրող հայերը շատ սահմանափակ տեղեկություններ ունեն այն հնարավորությունների մասին, որոնք ընձեռում է Հայաստանի Հանրապետությունը հայրենադարձվել ցանկացողներին: Կան շատ ստերիոտիպեր, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Հայաստանի իրականությանը, այլև արմատապես աղավաղում են այն: Այդ պատճառով, երբ Repat Armenia-ն դիմեց մեզ՝ թբիլիսահայ ուսանողների հետ համատեղ միջոցառում անցկացնելու առաջարկով, մենք շատ ուրախացանք և, իհարկե, համաձայնեցինք աջակցել այս միջոցառմանը», -ասաց Դավիթ Մզիկյանը:

Միջոցառման ընթացքում Repat Armenia կազմակերպության ղեկավար Վարդան Մարաշլյանը հավաքված ուսանողներին և երիտասարդությանը մանրամասնորեն ներկայացրեց կազմակերպության գործունեության սկզբունքները: Repat Armenia կազմակերպության շնորհանդեսից հետո Վարդան Մարաշլյանը խոսքը փոխանցեց արդեն հայրենադարձված երիտասարդներին, որոնք կիսվեցին ներկաների հետ այն փորձով, որը նրանք ստացել են Հայրենիք վերադառնալու գործընթացում: Հարկ է նշել, որ այն մարդկանց մեջ, ովքեր հայրենադարձվել են Repat Armenia կազմակերպության օգնությամբ, կան բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաև այնպիսիք, որոնք Հայաստանի համեմատությամբ համարվում են ավելի զարգացած և բարեկեցիկ երկրներ՝ ԱՄՆ, Կանադա, Եվրոպական և Մերձավորարևելյան երկրներ:

Repat Armenia-ի ներկայացուցիչներից բացի հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում գործող IT ընկերությունների (ArmTab, Union of Information Technology Enterprises, SFL)ներկայացուցիչներ և ղեկավարներ, որոնք հավաքված ուսանողներին ծանոթացրին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխատանքային շուկայի իրավիճակին: «Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը արդեն բավականին զարգացած է: Շատ ավելի զարգացած, քան շատ այլ երկրներում: Ամենագլխավորն այն է, որ Հայաստանում տվյալ բնագավառը զարգացման լուրջ պոտենցյալ ունի: Այսօր մեզ հարկավոր են ինչքան հնարավոր է շատ լավ մասնագետներ: Եկե՛ք Հայաստան, և դուք լավ աշխատանքի տեղավորվելու, ինչպես նաև զարգանալու և առաջ գնալու  հնարավորություն կստանաք», -ներկաներին դիմելով՝ հայտարարեց  ArmTab ընկերության ղեկավար Վահան Շաքարյանը:

armenian-community.ge

Scroll Up