Ժոել լը Մորզելեկ . Ֆրանսիայի կյանքում մեծ դերակատարություն ունեցող շատ հայերի եմ ճանաչում
«Հայերն այսօրի» հարցազրույցը Հայաստանում Ֆրանսիական համալասարանի ռեկտոր, «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի մասնակից տիկին Ժոել լը Մորզելեկի հետ
-Այս համաժողովը շատ կարևոր է, որովհետև հնարավորություն տվեց քննել այն հիմնական առանցքները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Սփյուռքի միջև: Համաժողովն ավելի արժևորվեց տարբեր երկրների ներկայացուցիչների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ, քանի որ նրանք Սփյուռքի հետ աշխատելու որոշակի փորձ ունեն: Հետաքրքիր էր Իտալիայի փորձը. այսօր բազմաթիվ իտալացիներ ապրում են աշխարհի տարբեր երկրներում, հատկապես` ԱՄՆ-ում, և ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Բրունո Սկապինին բովանդակալից ներկայացրեց այդ ամենը: Տարբեր երկրների կուտակած փորձի փոխանակման միջոցով յուրաքանչյուրս կարող ենք մեր երկրի համար կարևոր եզրակացություններ անել:
– Տիկին Ժոել, Ֆրանսիայում այսօր հայկական մեծ համայնք կա, ինչպե՞ս կբնորոշեք այն:
– Դուք իրավացի եք, Ֆրանսիայում հայկական մեծ համայնք կա, այն բնութագրվում է երկու տարրերով. մի կողմից՝ շատ հաջող ներգրավված է ֆրանսիական հասարակության մեջ, մյուս կողմից` կարողացել է պահպանել իր ազգային նկարագիրը, ավանդույթները: Մի համայնք, որ կարևորում է կրթությունն ու անում է ամեն ինչ, որ իր երեխաները լավագույն կրթությունը ստանան: Այն մի համայնք է, որը լուրջ հաջողությունների է հասել Ֆրանսիայում: Ֆրանսիացիների մեծ մասը Ֆրանսիայում ապրող հայերին դիտարկում են որպես ֆրանսիացիներ, իհարկե, տեղյակ լինելով նրանց ծագումնաբանությանը: Շատ կարևոր գործոն է նաև այն, որ մենք միևնույն կրոնն ենք դավանում, քրիստոնյա ենք և ունենք ընտանիքին, հասարակությանը վերաբերող միևնույն հիմնարար արժեքները: Վստահ եմ, որ այս համաժողովը արդյունավետ կլինի, որովհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ցանկություն ունի կոնկրետ քայլեր նախաձեռնել: Հայաստանում ֆրանսիական համալսարանը պատրաստ է աջակցել նախարարին բոլոր նախաձեռությունների ընթացքում:
– Ֆրանսահայերն ի՞նչ են տվել Ֆրանսիային:
– Կարծում եմ՝ հայ համայնքի ներկայացուցիչները կարողացել են իրենց մշակույթը պահպանել և ֆրանսիական մշակույթը իրենց ազգային մշակույթի միջոցով զարգացնել: Ծագումով հայեր բոլոր ոլորտում առկա են`թատրոն, կինո, մշակույթ, առևտուր և այլն: Ընդունված կարծիք է, որ ամենաճանաչված ֆրանսիացի հայը Ազնավուրն է. ես էլ եմ այդ կարծիքին, բայց միաժամանակ կարող եմ շատ անուններ թվարկել, ովքեր մեծ դերակատարություն ունեն Ֆրանսիայի կյանքում:
Զրույցը վարեց Լուսինե Աբրահամյանը