Ժոել լը Մորզելեկ . Ֆրանսիայի կեանքում մեծ դերակատարութիւն ունեցող շատ հայերի եմ ճանաչում
«Հայերն այսօրի» հարցազրոյցը Հայաստանում Ֆրանսիական համալասարանի ռեկտոր, «Սփիւռքի հեռանկարները գլոբալացուող աշխարհում» միջազգային համաժողովի մասնակից տիկին Ժոել լը Մորզելեկի հետ
-Այս համաժողովը շատ կարեւոր է, որովհետեւ հնարաւորութիւն տուեց քննել այն հիմնական առանցքները, որոնք գոյութիւն ունեն Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ: Համաժողովն աւելի արժեւորուեց տարբեր երկրների ներկայացուցիչների եւ ՀՀ-ում հաւատարմագրուած դեսպանների մասնակցութեամբ, քանի որ նրանք Սփիւռքի հետ աշխատելու որոշակի փորձ ունեն: Հետաքրքիր էր Իտալիայի փորձը. այսօր բազմաթիւ իտալացիներ ապրում են աշխարհի տարբեր երկրներում, յատկապէս` ԱՄՆ-ում, եւ ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազօր դեսպան պարոն Բրունոյ Սկապինին բովանդակալից ներկայացրեց այդ ամէնը: Տարբեր երկրների կուտակած փորձի փոխանակման միջոցով իւրաքանչիւրս կարող ենք մեր երկրի համար կարեւոր եզրակացութիւններ անել:
– Տիկին Ժոել, Ֆրանսիայում այսօր հայկական մեծ համայնք կայ, ինչպէ՞ս կը բնորոշէք այն:
– Դուք իրաւացի էք, Ֆրանսիայում հայկական մեծ համայնք կայ, այն բնութագրւում է երկու տարրերով. մի կողմից` շատ յաջող ներգրաւուած է ֆրանսիական հասարակութեան մէջ, միւս կողմից` կարողացել է պահպանել իր ազգային նկարագիրը, աւանդոյթները: Մի համայնք, որ կարեւորում է կրթութիւնն ու անում է ամէն ինչ, որ իր երեխաները լաւագոյն կրթութիւնը ստանան: Այն մի համայնք է, որը լուրջ յաջողութիւնների է հասել Ֆրանսիայում: Ֆրանսիացիների մեծ մասը Ֆրանսիայում ապրող հայերին դիտարկում են որպէս ֆրանսիացիներ, ի հարկէ, տեղեակ լինելով նրանց ծագումնաբանութեանը: Շատ կարեւոր գործօն է նաեւ այն, որ մենք միեւնոյն կրօնն ենք դաւանում, քրիստոնեայ ենք եւ ունենք ընտանիքին, հասարակութեանը վերաբերող միեւնոյն հիմնարար արժէքները: Վստահ եմ, որ այս համաժողովը արդիւնաւէտ կը լինի, որովհետեւ ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը ցանկութիւն ունի կոնկրէտ քայլեր նախաձեռնել: Հայաստանում ֆրանսիական համալսարանը պատրաստ է աջակցել նախարարին բոլոր նախաձեռութիւնների ընթացքում:
– Ֆրանսահայերն ի՞նչ են տուել Ֆրանսիային:
– Կարծում եմ` հայ համայնքի ներկայացուցիչները կարողացել են իրենց մշակոյթը պահպանել եւ ֆրանսիական մշակոյթը իրենց ազգային մշակոյթի միջոցով զարգացնել: Ծագումով հայեր բոլոր ոլորտում առկայ են`թատրոն, կինօ, մշակոյթ, առեւտուր եւ այլն: Ընդունուած կարծիք է, որ ամենաճանաչուած ֆրանսիացի հայը Ազնաւուրն է. ես էլ եմ այդ կարծիքին, բայց միաժամանակ կարող եմ շատ անուններ թուարկել, ովքեր մեծ դերակատարութիւն ունեն Ֆրանսիայի կեանքում:
Զրոյցը վարեց Լուսինէ Աբրահամեանը