Հայկական գիտավերլուծական հանրությունն ԱՄՆ-ում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/Simavoryan_Arestakes.jpg)
Արդի ժամանակաշրջանում ԱՄՆ-ը համարվում է առաջատարն աշխարհում «ուղեղային կենտրոնների» (ՈւԿ) քանակով, «ինտելեկտուալ արտադրանքով» և այլ առումներով։ Իրենց գործունեությամբ եզակի այս կառույցները զգալիորեն տարբերվում են ակադեմիական կառույցներից։ «Ինտելեկտուալ այն արտադրանքը», ըստ հետազոտողների, որ տալիս են «ուղեղային կենտրոնները»՝ գործնական քաղաքական փորձաքննություն, վերլուծական հետազոտություններ և հիմնարար աշխատություններ, տարբերվում է համաշխարհային գործընթացների ռազմավարական տեսլականով՝ հիմնված քաղաքական, տնտեսական ոլորտներում փոփոխությունների միջոցով ցանկալի արդյունքների հասնելու վրա։ Դա է «ուղեղային կենտրոնների» և ակադեմիական հետազոտությունների գործունեության արդյունքների հիմնական տարբերությունը։
Ներկայումս այս կառույցների շնորհիվ ԱՄՆ-ը վերածվել է տարոլորտ հետազոտություններ կատարող ՈւԿ-ների առաջատար երկրի, որոնց թիվն այդ երկրում, ըստ հետազոտական տվյալների, հասնում է 1823-ի։ Ռազմավարական նշանակության գաղափարներ «արտադրող» այս կառույցները ԱՄՆ-ում ձեռք են բերել քաղաքական նշանակություն՝ իրենց կատարած հետազոտություններով ազդելով ԱՄՆ արտաքին և ներքին քաղաքականության որոշումների կայացման վրա։ Դրանցից շատերը դարձել են պետական կառույցներին, այս կամ այն կուսակցությանը գաղափարական աջակցություն ցուցաբերող «ուղեղային թևեր»։ Այդպիսին է 1973թ. հիմնադրված Heritage Foundation-ը («Ժառանգություն» հիմնադրամը), որն իր «անալիտիկ» խմբերով սատարում է Հանրապետական կուսակցության քաղաքական գործիչներին՝ նրանց տրամադրելով խորհրդատվություններ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Այժմ ԱՄՆ վերլուծական կենտրոնների քառորդ մասն իրականացնում է անկախ/կիսանկախ/ինքնուրույն գործունեություն։ Որոշ կենտրոններ մասնագիտանում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության նեղ բնագավառներում, շատերը կենտրոնանում են տարածաշրջանային խնդիրների վրա, դրանց մի մասն էլ հետազոտում է արտաքին քաղաքականության ողջ սպեկտրը։ Վերլուծական կառույցների նման աննախադեպ զարգացումը բացատրվում է գիտության կազմակերպման հարցում ԱՄՆ բարձր մշակույթով։
Նշենք, որ այսօր ԱՄՆ պետական կառույցներն օգտվում են գիտավերլուծական հանրության մտավոր «արտադրանքից», խորհրդատվություններից, իրավիճակային գնահատականներից, քաղաքական կամ որևէ այլ իրադարձության զարգացման հնարավոր սցենարներից։ Այս հարցում իրենց ներդրումն ունեն նաև ԱՄՆ առաջատար ՈւԿ-ներում ներգրավված հայ փորձագետ-վերլուծաբանները։
ԱՄՆ ակադեմիական հաստատություններում աշխատող հայ գիտնականների վերաբերյալ առկա են հանրագիտարանային տվյալներ, ՀՀ տարբեր կառույցների կողմից պատրաստվել են տեղեկատվական շտեմարաններ։ Սակայն այդ երկրի «ուղեղային կենտրոններում» աշխատող փորձագիտական հանրությունը չի արժանացել պատշաճ ուշադրության։ Մինչդեռ, «ուղեղային կենտրոնները» ժամանակակից աշխարհում դարձել են ոչ միայն ներպետական, այլև, որոշ դեպքերում, համընդհանրական հասարակական-քաղաքական դերակատարներ, որոնց ազդեցության կերպը շատ հեռու է զուտ գիտական և կրթական հաստատության վերաբերյալ հասարակության ավանդական պատկերացումներից։
Սփյուռքի ինտելեկտուալ ռեսուրսներից օգտվելու և դրանց վերաբերյալ տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով այլ երկրների կողմից իրականացված հետազոտություններում ևս մեծ տեղ է հատկացվում ԱՄՆ-ին։ Դա բացատրվում է նրանով, որ Միացյալ Նահանգները, թերևս, լավագույնն է ըմբռնել գիտելիքների կարևորությունը և այն օգուտները, որ կարելի է ստանալ գիտական հետազոտությունները գործնականում ներդնելու արդյունքում։
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ԱՄՆ ՈւԿ-ներում հայերն ավելի շատ են, քան այլ երկրներում։ Սա ընդհանուր առմամբ պայմանավորված է հայկական համայնքի թվաքանակով և ամենագլխավորը՝ աշխարհին բաժին ընկնող «ուղեղային կենտրոնների» քանակով. ինչպես վերը նշեցինք, ԱՄՆ-ն առաջատարներից մեկն է այս ոլորտում, ինչը ևս կարևոր գործոն է։
Ամերիկաբնակ հայ փորձագետների կարծիքով. «Հայաստանը պետք է զարկ տա ինտերնետի միջոցով կադրերի ներգրավման ջանքերին, քանի որ սփյուռքի ամենալուսավոր ուղեղներից ոմանք գուցե հարմար չգտնեն Հայաստան տեղափոխվել, սակայն ուրախ կլինեն իրենց լուման ներդնել հայրենիքի զարգացման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ` առցանց դասընթացներ վարելով կամ հետազոտական աշխատանքներին մասնակցելով ու խորհրդատվություն տրամադրելով»։
Հավելենք, որ հայրենական ակադեմիական և վերլուծական հաստատությունները, ինչպես նաև պետական կառույցները համագործակցության արդյունքում հնարավորություն են ունեցել սփյուռքի գիտավերլուծական շրջանակների ներգրավվածությամբ իրականացնել տարբեր միջոցառումներ՝ համատեղ կոնֆերանսներ, սեմինարներ (այդ թվում՝ առցանց), հոդվածների տպագրում Հայաստանում։ Ինչ վերաբերում է սփյուռքի վերլուծական հանրության հետ համատեղ բարձրակարգ վերլուծական, ռազմավարական հետազոտություններին, խոշոր ծրագրերի իրականացմանը և պետական տարբեր օղակներին խորհրդատվություններ տրամադրելուն, ապա առաջին հերթին անհրաժեշտ է պետական աջակցություն՝ երկարատև և կայուն ֆինանսավորմամբ։ Իսկ դա Հայաստանի այսօրվա պայմաններում բավական դժվար է։ Նույնիսկ Ռուսաստանն այս ուղղությամբ կաղում է։ Մասնավորապես, ռուսական ծագմամբ ամերիկաբնակ գիտնականները պատրաստ են անխախտ համագործակցության՝ առաջին հերթին կայուն ֆինանսավորման պայմանով։
Ֆինանսական խնդիրը կարելի կլիներ կարգավորել, եթե հնարավոր լիներ սփյուռքի և տեղի գործարար միջավայրը ներգրավել այդ աշխատանքներում։ Այդպես աշխատեցին չինացիները՝ համատեղելով երկուսը մեկում։ Սակայն չինացիների պարագայում արդյունավետ համագործակցությանը նպաստող առաջին գործոնն այն է, որ նրանցից յուրաքանչյուրն իրեն համարում է սփյուռքի մի մասնիկը։
Ցավոք, ամերիկյան հասարակությանն ինտեգրվածությունը հաճախ չի զուգորդվում տեղի հայ համայնքի կյանքին բավարար չափով մասնակցությամբ։ ԱՄՆ վերլուծական հանրության հետ մեր համագործակցելու փորձերը ևս վկայում են դրա մասին։ Կարծում ենք, այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունեն անելու առաջին հերթին տեղի համայնքի ներկայացուցիչները և Հայաստանի շահագրգիռ կազմակերպությունները։
Ավանդական հայագիտական կենտրոններից բացի, որտեղ մեծ մասամբ աշխատում են գիտական տարբեր կոչումներ ունեցող հայ մասնագետներ, գործում են նաև հետազոտական վերլուծական հիմնարկություններ, որոնք ստեղծվել են սփյուռքահայերի նախաձեռնությամբ։ Այդպիսիք են 1992թ. հիմնադրված «Հայաստանի համար վերլուծությունների և պլանավորման ARPA ինստիտուտը», «Հայկական միջազգային քաղաքական հետազոտությունների խումբը» (Armenian International Policy Research Group), «Հայաստան քաղաքական ֆորումը»։
ARPA-ն ԱՄՆ-ում բնակվող հայազգի ճանաչված գիտնականներով և փորձագետներով համալրված եզակի կառույցներից է, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից ի վեր համագործակցել է ՀՀ տարբեր նախարարությունների հետ, կատարել վերլուծություններ, հետազոտություններ, տրամադրել խորհրդատվություններ գրեթե բոլոր ոլորտների համար, ինչն այսօր էլ շարունակվում է։ Այս երեք կենտրոնները կարելի է համարել սփյուռքահայ ինտելեկտուալների միավորում։ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց հետազոտական աշխատանքներում չեն սահմանափակվում տեղի հայ և օտարազգի կադրերի հետ համագործակցությամբ։ Վերը նշված հետազոտական կենտրոններում աշխատում են նաև ներկայացուցիչներ ՀՀ-ից։
ԱՄՆ վերլուծական կենտրոններում մեծ թիվ են կազմում քաղաքական հետազոտություններ կատարող փորձագետները, որոնց հաջորդում են տնտեսական, գիտակրթական, սոցիալական, իրավական և այլ հարցերով զբաղվող մասնագետները, որոնք մեծ հաջողությունների են հասել իրենց գիտական ոլորտներում։ ԱՄՆ «ուղեղային կենտրոններում» ընդգրկված հայ փորձագետները բնորոշվում են մասնագիտական բազմապրոֆիլությամբ։ «Ուղեղային կենտրոններում» աշխատող հայ վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը համատեղում է աշխատանքն ակադեմիական հաստատությունների հետ։ Սա վկայում է այն մասին, որ գործունեությամբ տարբեր երկու գիտակրթական համակարգերի հարաբերությունները սերտաճած են։ Դրան նպաստում է նաև այն, որ զգալի քանակությամբ «ուղեղային կենտրոններ» գործում են համալսարաններին կից։
Հայ մասնագետներն աշխատում են կայացած, մեծ հեղինակություն ունեցող վերլուծական կառույցներում և ակադեմիական հաստատություններում։ Գերակշիռ մեծամասնությունը գիտության դոկտորներ են, թեկնածուներ, ասպիրանտներ։ Կան «ուղեղային կենտրոնի» հիմնադիրներ, կառույցների վարչական և այլ օղակների ղեկավարներ։
Թեև ԱՄՆ հայկական վերլուծական հանրությունն ունի իր առանձնահատկությունները, այդուհանդերձ, այս խմբի հետ տարվելիք աշխատանքները մյուսներից չպետք է տարբերվեն, և պետք է առաջնորդվել մեկ ընդհանուր տրամաբանությամբ՝ տեղավորվելով համագործակցության հնարավոր ուղիների շրջանակներում։
Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
«Գլոբուս» վերլուծական հանդես