Հայ թավջութակահարը դարձել է Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/03/108604.jpg)
Երիտասարդ թավջութակահար Սևակ Ավանեսյանը դարձել է Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահարը (կոնցերտմայստերը):
Այս մասին «Արմենպրես» -ի հետ զրույցում նշեց երաժիշտի հայրը` Սամվել Ավանեսյանը: Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքները և Սևակի հաղթանակը պարզ են դարձել այս տարվա փետրվարի վերջին:
«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հայտարարվել էր մրցույթ Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահարի (կոնցերտմայստերի) թափուր տեղի համար:
Բնականաբար, համապատասխան եռուզեռ էր սկսվել ողջ աշխարհի երիտասարդ և փորձառու թավջութակահարների շրջանում: Բոլորի համար բաղձալի է այդ պատվաբեր և շատ պատասխանատու աշխատանքը: Եվ ահա մոտ հազարի հասնող դիմողներից մրցույթին մասնակցելու իրավունք է ստանում 128 թեկնածու, որոնց միջև սկսվում է իսկական մրցապայքար: Քանի որ Սևակը թույլ չտվեց, որ մենք էլ ներկա լինենք մրցույթին, օրվա վերջին՝ վախը սրտումս զանգահարեցի, և ասաց, որ 4 հոգով անցել են 3-րդ փուլ, այսինքն` եզրափակիչ»,-պատմում է Սամվել Ավանեսյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ մրցույթի միակ հաղթողի անունը: Հայ երիտասարդը գերել էր բոլորին իր հիասքանչ կատարումով:
Սևակ Ավանեսյանը ծնվել է Երևանում, 1989 թվականին: Նա Մեդեա Աբրահամյանի սաներից է: Փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Բելգիա: Արդեն 20 տարեկան հասակում ավարտել է Բրյուսելի թագավորական կոնսերվատորիան, այնուհետև միաժամանակ սովորել Բելգիայի թագուհի Ելիզավետայի անվան կապելլայում և Բեռլինի ասպիրանտուրայում: Մոտ երկու տարի առաջ նրա մենահամերգներից մեկին ներկա է գտնվում աշխարհահռչակ թավջութակահար Միշա Մայսկին և, տպավորվելով նրա փայլուն կատարումից, անժամկետ և անհատույց նրան է հանձնում Իտալացի վարպետ Գոֆֆելերի պատրաստած հրաշալի թավջութակը, որը գնահատվում է 6 միլիոն եվրո: Մայսկին մաղթել է երիտասարդին նորանոր հաջողություններ:
Սևակը մի շարք միջազգային մրցույթների հաղթող է : Նա եղբոր՝ Հրաչյա Ավանեսյանի հետ ստեղծել է տրիո՝ որը հենց այդպես էլ կոչվում է «Avanesyan Trio»: Երաժիշտները հաջողությամբ ելույթներ են ունենում տարբեր երկրների բեմահարթակներում:
http://armenpress.am/