Մեկնարկել է «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

Երևանի քաղաքապետարանի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ամենամյա ակցիան, որը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այս տարի իրականացվում է մատուցվող բուժծառայությունների ու հետազոտությունների ընդլայնված ցանկով, մեկնարկում է երկուշաբթի օրվանից։
Ակցիայից օգտվել կարող են բոլոր երևանաբնակ կանայք, ովքեր հաշվառված են Երևանի որևէ պոլիկլինիկայում և ունեն բժշկական քարտ։
«Ձեզ համար, կանայք» ակցիային մասնակցում են Երևանի բոլոր բուժհաստատությունները՝ անկախ ենթակայությունից։ Ակցիայի շրջանակում կատարվում են բազմակողմանի հետազոտություններ, ինչպես նաև որոշ ուղղվածության վիրահատություններ։ Թանկարժեք և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ հետազոտություններից կատարվում են միայն համակարգչային տոմոգրաֆիա, կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ, դենսիտոմետրիա (կալցիումի պարունակության որոշումը ոսկորներում)։ Ակցիայով կատարվում են հատկապես գինեկոլոգիական (բացառությամբ պլաստիկ վիրահատությունների) և ակնաբուժական (ոսպնյակի փոփոխության անհրաժեշտության դեպքում քաղաքացին վճարելու է միայն ոսպնյակի գումարը) վիրահատություններ։
«Ձեզ համար, կանայք» ակցիայից օգտվելու համար երևանցի կանայք պետք է դիմեն իրենց գրանցման ամբուլատոր համաբուժարաններ, ապա, տեղամասային բժշկի նախնական հետազոտությունից հետո, անհրաժեշտության դեպքում կուղեգրվեն հիվանդանոց։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն