Վարդան Ֆերեշեթյանի նոր հայտնությունը

Վարդան Ֆերեշեթյանը ժամանակակից հայ արձակի ամենաինքնատիպ դեմքերից մեկն է՝ սեփական գրի առանձնահատկությամբ, ուշագրավ դիտումներով, յուրատեսակ թափանցումներով: Ուստի պատահական չէր, որ մարտի 6-ին, «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցած նրա նոր գրքի շնորհանդեսը վերածվեց գրողի ստեղծագործության գնահատման և ուշագրավ բանավեճի շարժառիթի:
«Վարդան Ֆերեշեթյանը բացառիկ աշխարհատեսություն եւ բացառիկ հորիզոններ ունի՝ վերելքներից, բայց ոչ վերեւից նայելու աշխարհայացք։ Վարդան Ֆերեշեթյանը այն երջանիկ երեւույթներից է, որի մեջ միաձուլվել են հայ եւ համաշխարհային գրականությունը։ Ֆերեշեթյանի ներկայությունը գրականության համար արդեն իսկ իրադարձություն է»,- այսպես ներկայացվեց գրողը, որի «Գրահավաքը» գիրքը նոր հայտ է, ստեղծագործական ինքնահատուկ համահավաք:
Վարդան Ֆերեշեթյանը նաև հմուտ և հետաքրքիր թարգմանիչ է, ուստի շատ ավելի նվիրված է ուրիշների գրականության հայացմանը, քան սեփական գրականության ստեղծմանը: Քիչ են նրա հրատարակած գրքերը, նշյալ ժողովածուն երկրորդն է՝ «Աքլորականչը» ժողովածուից հետո, սակայն չափազանց հասուն ու խորքային է նրա գրականությունը, երբեմն՝ զարմանալի հայտնություններով լի… «Կա ապրելակերպ, որը քո էությունն է, եւ եթե դա քո էությունն է, ուրեմն հաջողում ես, եթե ոչ, ապա չի ստացվում։ Առատագիր չեմ, բայց ներսում անընդհատ գրում եմ, իսկ արդեն գրելիս նույնիսկ չեմ էլ խմբագրում գրածս, այն ուղղակի գալիս է»,- ասաց գրողը՝ գուցե այսպես արդարացնելով այն հանգամանքը, որ ինքը քիչ է ստեղծագործում, քիչ են իր հրատարակած գրքերը: «Հեշտ չէ կարդալ Վարդան Ֆերեշեթյանին, որովհետեւ դա իմացություն է պահանջում։ Պատրաստված ընթերցող պիտի լինես այդ գրականությանը հաղորդակից լինելու համար։ Վարդանն ասում է՝ գիրքը փոխակերպության տոն է։ Նրա գիրը թանձր է ու խիտ, միգուցե դա է պատճառը, որ նա շատագիր չէ։ Բայց ես գերադասում եմ այդ քչագրությունը իր խորության պատճառով։ Կյանքում լավ բաները շատ չեն լինում։ Վարդանը այն քիչ, բայց շատ «լավ բաներից» է, որը իսկապես մեզ երանություն է պարգեւում», – ասաց Լիլիթ Գալստյանը, ում նախաձեռնությամբ էլ տեղի էր ունենում գրքի շնորհանդեսը: ։
«Տարօրինակ այն իմաստով, որ 20 տարի առաջ ստանալով ազատություն՝ մենք առայժմ գտնվում ենք ազատության մոնադը մեր մտքի մեջ ձեվակերպելու ճանապարհին։ Ինչ է նշանակում ազատ լինել գրի մեջ՝ այս հարցի պատասխանը դեռեւս ե´ւ ֆորմալ, ե´ւ բովանդակային տեսակետից մեզ մոտ վերջնական իր ուրվագծերը չի ստացել։ Բայց կան մարդիկ, որոնք այս կատեգորիայի, ֆորմալ ազատության կարիքը չունեն, որովհետեւ իրենք 20 տարի առաջ նույնքան ազատ էին, որքան հիմա։ Ազատությունն էլ ի ծնե հատկություն է, իսկ Վարդանի դեպքում դա կապված է գեղագիտության հետ… Ինչ վերաբերում է Վարդանի մնջությանը, դա նվազագույնով արտահայտվելու մի ցանկություն է։ Վարդանը «էստրադնիկ» չէ։ Նա էստրադայից այնքան հեռու է, նա ֆագոտի գեղեցիկ մի մեղեդի է, որը հնչում է, եւ որի համար կիրառելի է հայտնի խոսքը. «Ականջ ունեցողը թող լսի»», – իր ելույթում նշեց բանաստեղծ և թարգմանիչ Հակոբ Մովսեսը:
«Հայ մարդը եթե համաշխարհային գրականության մեջ է հայտնվում, մոռանում է հայ գրականությունը, եթե հայ գրականության մեջ է՝ մոռանում է համաշխարհայինը։ Վարդան Ֆերեշեթյանը այն երջանիկ դեպքերից է, որի մեջ այս երկու երեւույթները եկել եւ սիրուն միաձուլվել են։ Մեկը մյուսի ֆոնի վրա պրոյեկտելու, ցուցադրելու կարողությամբ Վարդանին ոչ մեկս հավասար չէ», – ավելացրեց բանաստեղծը:
«Գրահավաքը» ժողովածուն հրատարակել է «Համազգային» հիմնադրամը՝ կանադահայ տեր եւ տիկին Սիմոն եւ Մարալ Հասրջյանների հովանավորությամբ։ Գիրքը ձեւավորել է նկարիչ եւ գրահարատարակիչ Մկրտիչ Մաթեւոսյանը։ Գրքում օգտագործված են Վարդան Ֆերեշեթյանի գծանկարները։ Տպագրիչն է Գրիգոր Պողոսյանը:
Լ.Մ.