Աւետիս Հաճեան. «Հայությունը մշակույթ է, հայությունը գիր է…»

Աւետիս Հաճեանին միչև մեր հանդիպումը չէի ճանաչում: Ու ինչպես այսօր հաճախ է պատահում, նախ ծանոթացա մեր ժամանակի ամենահաս «ընկերոջ»՝ համացանցի միջոցով: Բավականին հետաքրքիր ու զարմանալի ծանոթություն ստացվեց:

Երկրորդ «հանդիպումն» արդեն իրական կյանքում էր, որը հարցազրույցի տեսքով ներկայացնում ենք ստորև.

– Պարո´ն Հաճեան, Դուք մի առիթով ասել եք, որ ծնվել եք Հալեպում, բայց փոքր հասակից Հալեպի մեջ մեծանալու առիթից զրկվել եք և դրանից հետո երբեք Հալեպը տեսնելու կարելիություն չեք ունեցել:

Մեր զրույցը կցանկանայի հենց այդտեղից սկսել, որովհետև այն հետքը, որը մանկությունն է թողնում, ամբողջ կյանքի համար է:

– Այո´, ես 1,5 տարեկան էի, երբ ընտանիքս, տարբեր-տարբեր պատճառներով, ստիպված էր Արգենտինա տեղափոխվել: 1970-ական թվականներին հայրս դաշնակցական շրջանակում ազգային գործիչ էր և ապահովության պատաճառներով ստիպվեցավ Արգենտինա տեղափոխվել: Այնտեղ այն ժամանակ ուսուցչի և տնօրենի կարիք կար. հայրս հայկական դպրոցում տնօրենի պաշտոն ստանձնելու համար գնաց:

Ես մեծացա Արգենտինայում, բայց ինչպես և քույրերս ու եղբայրներս՝ հալեպահայու արժեքներով և հալեպահայ մթնոլորտի մեջ:

Արգենտինահայ համայնքը հին, հարյուր տարվա համայնք է  և միշտ հայտնի է եղել իր ոգիով, շատ բուռն հայկականությամբ:

Սակայն երբ ծնողներս փոխադրվեցին, հասկացան, որ Արևմուտքի համայնքները Միջին Արևելքի համայնքների պես չեն: Արևմուտքի համայնքներն ավելի լուծման ենթակա, լեզուն կորցրած համայնքներ են, որտեղ մայրենին այլևս համայնքների առաջին լեզուն չէ: Մինչդեռ ծնողներս կարծում էին, որ հայկական համայնքը աշխարհի տարբեր կողմերում նույնն է` հայալեզու, հայահոծ, համախմբված մեկ աշխարհագրական թաղամասի մեջ: Երբ Արգենտինայում տեսան, որ համայնքն իսպանախոս է, քիչ մը անակնկալի եկան:

Ես ինձ բախտավոր եմ համարում, որ չնայած Արգենտինայում, սակայն  հայախոս, ավանդական արժեքներին կառչած տան մեջ եմ մեծացել, և ատոր շնորհիվ է, որ այսօր ես հայերեն գիտեմ: Այլապես վստահ չեմ՝ պարզապես դպրոցական դաստիարակությամբ ես այսօր հայերեն պիտի խոսեի՞, թե՞ ոչ:

Ես չեմ մեղադրում Սփյուռքի մեր հերոս ուսուցիչներին, ովքեր Եղեռնից 100 տարի հետո էլ կարողացել են մայրենի լեզուն ողջ պահել նույնիսկ ամենահեռավոր ափերում` Արգենտինայում, Ֆրանսիայում, Ամերիկայում: Նրանք մեծ գործ են արել և անում են, բայց իրականության մեջ մենք կը տեսնենք, որ ատիկա պայման չէ, որ Սփյուռքում ծնված ու մեծացած երեխան այլ լեզուներին զուգահեռ սահուն հայերեն խոսի: Եվ այս ամենի հիմնական մեղավորը ընտանիքն է:

– Դարձյալ Ձեր խոսքերն եմ ցանկանում մեջբերել. «Հալեպահայու մը համար Հալեպեն հեռու մեծնալը մանկություն չունենալ է…»: Եթե այս արտահայտությունը փորձենք մի փոքր ընդհանրացնել,  ապա կարո՞ղ ենք ասել, որ եթե հայը Սփյուռքում է ծնվել, ապա նա մանկություն չի ունեցել, զրկված է եղել մանկությունից:

– Նման համոզում մը կա իմ մտքիս մեջ, ու թեև այն կարող է վիրավորական լինել, բայց ես վիրավորական ոգիով չեմ ասել:

Հայաստանի, Հալեպի, Բեյրութի, Միջին Արևելքի հայ համայնքների մեջ ծնվածները, բնականաբար, հայ են ծնվում ու մեծանում: Եվ սա տեղի ընկերության պայմաններու շնորհիվ է: Հետևաբար, Հայրենիքի մեջ հայ մեծանալը բնական երևույթ է, Հալեպի մեջ ևս, Բեյրութի մեջ նույնպես, թեև այսօր, ըստ կարդացածիս, նահանջը կշատանա: Մինչդեռ Արգենտինայում, Արևմուտքի այլ երկրներում` պայքար մըն է: Պայքար մըն է (գոնե իմ ժամանակաշրջանում` 1970-ական թվականներին, երբ ես մեծացա)  տեղի համայնքի հոսանքին դեմ: Ես հայախոս մեծացա մի համայնքում, որն այլևս հայախոս չէր:

Ես կը հիշեմ (ընդունում եմ, սակայն, որ իմ մանկական հիշողությունները կարող են անարդար հիշողություններ լինել), որ այդ ժամանակ հայկական ինքնությունը, գոնե իմ անմիջական շրջանակի մեջ, նախակրթարանում, շատ բարդույթներու (ստորակայության, մերժումի) ենթակա երևույթ մըն էր, որը շատ բարդ հարցերի հետ էր կապված: Այդ ժամանակ որոշ մոտեցում կար, որ մենք` հայերս, Արգենտինայի մեջ ծագումո´վ  ենք հայ: Սա ինձ քրքրում էր մանկության ժամանակ. Ինչպե՞ս թե՝ հայ չենք. ես հայ եմ, ոչ թե` ծագումով հայ: Այո´, Արգենտինայում եմ մեծացել, որոշ չափով նաև արգենտինացի եմ, բայց նախևառաջ հայ եմ: Եվ Արգենտինայում հայ մեծանալը պայքար մըն էր այդ հոսանքի դեմ:

Սա իմ անձնական փորձառությունն է և չի կարող տարածվել բոլոր հայերի վրա: Թեև շատ փոքր տարիքից եմ Արգենտինայում մեծացել, բայց օտար եմ մեծացել, գոնե սկզբնական շրջանում: Օտար` հայկական համայնքի մեջ: Արգենտինահայ համայնքում հալեպահայեր,  Միջին Արևելքից եկած հայեր քիչ կային, այն ուրիշ համայնք էր, ուրիշ ժամանակի մեջ էր ապրում, մենք ուրիշ տեղից էինք եկել:

– Պարո´ն Հաճեան, Դուք անդրադարձել եք իսլամացած հայերի խնդրին: Բայց մինչև այդ մասին խոսելը, որպես թեմայի նախաբան, ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե փորձենք տալ հայի սահմանումը, ապա ո՞վ է հայը` նա, ով խոսում է հայերեն, ապրում է իր հայրենիքում, քրիստոնյա է, թե՞.. . Ո՞վ է հայը…

– Շատ բարդ հարց է, և ինչպես ամեն բարդ հարց` տարբեր տարիքում տարբեր պատասխան է ունենում: Երիտասարդության ժամանակ կարծում ենք, որ պատասխանը գիտենք, սակայն որքան հարցի մեջ խորանում ենք, տեսնում ենք, որ ո´չ, այնքան նրբերանգներ կան, այնքան խորունկ ու բարդ հարցեր, հատկապես հայկական ինքնության առնչությամբ:

Ես հիմա դրա հստակ պատասխանը չեմ կարող տալ, բայց հետևյալը պետք է ասեմ: Կարծում եմ` ամեն մարդ, ով որևէ ձևով կապակցություն ունի հայ ազգի հետ և որ ինքզինքը հայ կնկատե, աշխարհի մեջ մարդ կամ ուժ չկա, որ իրավունք ունենա այդ անհատի հայկականությունը հերքելու կամ վարկաբեկելու: Գիտեմ օրինակ, որ մեծ մորս մեծ մայրը, զարմանալի պատճառներով, որ չենք գիտեր ինչու, կորսիկացի էր: Կորսիկայից չգիտենք ինչու Մարաշ է գնացել, ամուսնացել է և Դամասկոս տեղափոխվել:  Հետևաբար որոշ կապակցություն ունեմ կորսիկացիների հետ, բայց ես ինձ կորսիկացի չեմ զգում: Գիտեմ որոշ բաներ, հետաքրքրված եմ, բայց՝ այդքանը միայն: Ես հայ եմ: Եթե հայության հետ թեկուզ 1/8-րդ կամ 1/16-րդ չափով կապակցություն ունեցող անհատ մը կա, ով կուզի իր արմատներին վերադառնալ և կուզի հայ լինել, զգում է, որ այդ ազգի  պատկանելություն ունի, մարդ չկա, որ այդ անհատի իրավունքը հերքե կամ մերժե:

Ես կարծում էի և կը կարծեմ, որ հայկական ինքնությունը գլխավորաբար մշակութային ինքնություն է, այսինքն՝ ինձ համար արյունը նշանակություն չունի. արյունը արյուն է, թեև իր կարևորությունն ունի: Սակայն այս ամենին սկսեցի այլ կերպ նայել ամերիկացի մի ընկերուհու`  Մոուրին Մքլերնիի (Maureen Mclerney) շնորհիվ, ով Պոլսո մեջ է ապրում: Մի առիթով նա ինձ ասաց, որ այդ փաստարկը շատ տկար է, սկզբունքը խարխուլ է, որովհետև, օրինակ, իսլամացած հայերը, որ այսօր կը վերադառնան իրենց ակունքներին, գլխավորաբար այդ պատճառով կիմանան, որ իրենց մեծ հայրը կամ մեծ մայրը ծագումով հայ էր, ուրեմն՝ արյունը կարևոր է: Արյան պատճառով է, որ սկսում են փորփրել՝ հասկանալու համար, թե որտեղից են գալիս:

Ես հանդիպել եմ մարդկանց, ովքեր բան մը չեն գիտեր իրենց հայկականության, ծագումի, ցեղային, ազգային պատկանելության մասին, և հիմա հետաքրքրված են և ուզում են իրենց արմատներին, ակունքներին, ազգին վերադառնալ, որովհետև իմացած են, որ հայ մեծ մայր կամ հայր ունեն: Հետևաբար կը նշանակե, որ այո´, իրենք իրենց ծագումով և արյունով հայ են և կուզեն վերագտնել կամ սորվիլ, իմանալ այդ մշակույթը, պատմությունը, որի մասին բան մը չգիտեին:

Բայց հակառակն էլ ասեմ. Ի՞նչ կը նշանակե անհատ մը (նման անհատներ Սփյուռքի մեջ լեցուն են), որ հարյուր տոկոսով հայ է, գիտե, որ հայ է, բայց ոչնչով շահագրգռված չէ հայությամբ: Նա բոլորովին կորսված է: Եվ եթե մարդ ինքզինքն այլևս հայ չէ նկատեր, դա էլ իր իրավունքն է:

Ես, անշուշտ, իմ մոտեցումն ունեմ նման հայերու հանդեպ, բայց դա անհատական մոտեցում է: Ի՞նչ անենք, որ նրանք արյունով հայ են, ի՞նչ նշանակություն ունի, ի՞նչ անենք մենք այդ արյունով: Մենք այսօր կը կարողանանք այդ անհատների հանդեպ, որոնց կորսված հայ կը համարենք, մեր մոտեցումներն ունենալ, բայց չենք գիտեր, թե անոնց զավակները և թոռնիկները  օր մը ինչպես կվերաբերվին իրենց ինքնությանը: Օրինակ` իսլամացած հայերը, որոնց մեծ հայրերը վախի, բարդույթներու և այլնի բերումով Թուրքիո մեջ բռնի պայմաններում իսլամացած են և իրենց թոռնիկներուն չեն փոխանցել իրենց հայկական ինքնությունը, բայց այսօր թոռնիկը ձևով մը, երբեմն պատահաբար,  իմանում է, որ հայ է և վերադառնում է իր արմատին: Ուրեմն՝ դա էլ ի´ր կարևորությունն ունի, եթե մարդը, ով այսօր զրո կարժե հայկական առումով, հայության համար, մենք չենք գիտեր, թե ապագայում ինչ պետք է լինի:

 Գերմանացի գրող Զեբալդը մի գիրք ունի՝ «Ոչնչացման մի բնական պատմություն» ( On the Natural History of Destruction) վերնագրով: Գիրքը գլխավորաբար անդրադառնում է Գերմանիայի հետպատերազմական շրջանին և նկատում է, որ նույնիսկ ամենեն կոտորված թաղամասերի, քաղաքների (Ֆրանկֆուրտ, Բեռլին և այլն)  քարուքանդ եղած շենքերի մեջեն մողեսներ, միջատներ են նկատվում, բույսեր են բուսնում: Ուրեմն՝ նույնիսկ ավերակի մեջեն կյանքը նորեն կը վերսկսի` չսպասված տեղից:

Ինչ կուզեմ ասել… Նույնիսկ այն հայերով, ովքեր ջարդված սերունդների շառավիղներն են, կարող է օր մը այդ շառավիղից, որն այսօր չոր է, կյանք ծնվել: Սա չի նշանակում, որ այդ հայերով ծովից ծով Հայաստան կերտելու անիմաստ և անհեթեթ երազանքներ պետք է ունենանք: Բայց պետք է զգույշ լինենք մեր մոտեցումների մեջ: Այսօր չեզոքացած անհատը, ով ծագումով, էթնիկ, ցեղային առումով հայ է, կարող է վաղը, ապագայում հայ մը ծնել, և իր ապագա սերունդները կարող են հայանալ:

– Անդրադառնանք իսլամացած  հայերի խնդրին: Հետաքրքիր է՝ ի՞նչը առիթ հանդիսացավ, որ զբաղվեք այդ հարցով:

– 1985-86 թվականներին արգենտինահայ մի լրագրողի տուն հաճախ էի գնում, ով շատ մեծ անձնական գրադարան ուներ: Ասում են` Արգենտինայի ամենամեծ անձնական գրադարններից է, մոտ 40 հազար կտոր գրականություն ուներ: Ամեն անգամ, երբ նրա տուն էի գնում, թերթում էի գրքերը, փորձում որևէ հետաքրքիր բան գտնել, կարդալ: Մի անգամ ձեռքս ֆրանսերեն մի գիրք ընկավ՝ «Մոռացված իսլամներ» վերնագրով. հեղինակները Ալեքսանդր Բենիքսենը և Դենիս Քելքեժենն էին: Պատահաբար մի էջ բացեցի, որտեղ ֆրանսերենով գրված էր Համշեն և Հեմշին: Ուշադրությունս գրավեց ուրիշ պատճառով. ես կարծեցի՝ խեմսինի և խամսինի կապակցությամբ բառ մըն է, որը արաբերեն հիսուն է նշանակում, ինչպես նաև հովի, քամիի անուն է: Մտածեցի՝ այս կապակցությամբ էր:

Գիրքն իրականում Խորհրդային Միության իսլամ ազգերի մասին էր, մոռցված իսլամների, որոնց մասին մարդ չէր գիտեր` ղազախների, կիրգիզների, տաջիկների: Աշխարհի համար բոլորը ռուս էին, աշխարհը այդպես էր մտածում: Ապշած կարդացի ու հասկացա, որ խոսքը իսլամ հայերի մասին է: Մտածեցի` ինչպե՞ս, իսլամ հա՞յ կա: Հորս մոտ վազեցի և նրան պատմեցի իմ «բացահայտումը»: Նա պատասխանեց, որ այո´, դրանք թրքացած հայեր են: Այդքանով սահմանափակվեցին «գիտելիքներս» մինչև 1996-97 թվականը, երբ համշենահայ բեմադրիչ Օլջան Ալբերը Նյու Յորքում ներկայացրեց իր «Աշուն» ֆիլմը: Ուզում եմ շեշտել, որ Օլջան Ալբերն իրեն համշենահայ է համարում, ոչ թե համշենցի և Դինք ընտանիքի աղջիկներից մեկի հետ է ամուսնացել: Բեմադրությունից հետո Օլջանին հարցրի, թե ինչու համշենահայերը չջարդվեցին 1915 թվականին, և նա բացատրեց՝ իր քաջության, և այն բանի պատճառով, որ իրեն հայ է համարում: Ես խանդավառվեցի, ուրախացա, և հին ծրագիրս իմ մեջ արթնացավ, հիշեցի այն գիրքը, որը կարդացել էի 80-ականներին, և ինքս ինձ ասացի, որ այս մասին գիրք պետք է գրեմ: Երբ համշենահայերով սկսեցի զբաղվել, մեջտեղ ելան, ինչպես այսօր են կոչում, թաքուն հայերը և ինձ «դրդեցին» այդ ուղղությամբ ևս հետաքրքրվել: Բայց այլ պատճառներ էլ կան, որ ենթագիտակցաբար արթնացան իմ մեջ, հատկապես համշենագետ Հովան Սիմոնյանի մի հոդվածը կարդալուց հետո:

Այսօր Սփյուռքում (որոշ տեղեր ավելի արագացած ընթացքով, որոշ տեղեր ավելի դանդաղ) մենք ուծացման ընթացքի մեջ ենք, ինչը շատ մտահոգիչ է: Մենք փոքր ազգ ենք, ինչպես Խորենացին է ասում` «փոքր ածու ենք», և մեր մեջ էլ կա վախը անհետացումի, որը Եղեռնից մնացած հետքերից մեկն է: Ու իմ կարծիքով՝ մենք Սփյուռքի մեջ ուծացման դեմ լավ աշխատանք չենք տանում: Ուծացման դեմ մեր գլխավոր զենքը Եղեռնի ճանաչման համար պայքարը չէ: Ես, ինչպես բոլոր հայերը, կուզեմ, որ Եղեռնը ճանաչվի հատկապես Թուրքիայի, ոչ թե Ամերիկայի կամ այլ երկրների կողմից: Մեր հարցը Թուրքիայի հետ է, այլ ոչ թե այլ պետությունների: Ու մենք մեր բոլոր ճիգերը Եղեռնի ճանաչման վրա ենք դրել, մինչդեռ Սփյուռքը պահպանելու մեր գլխավոր զենքը մշակույթը պահպանելը պետք է լինի: Հայերը կուգան Արևմտյան Հայաստան, եկեղեցիներու, ավերակներու վրա կուլան, բայց բան մը չեն անի` Սփյուռքի մեջ ողջ եկեղեցիները ողջ պահելու համար: Ցավալի է մեր եկեղեցիների վիճակը Սփյուռքի մեջ, և ատոր գլխավոր պատճառը կղերականները չեն, ատիկա ամբոխավար բացատրություն է, որ կուտան հայերը, ովքեր եկեղեցի չեն գնում: Իսկ չեն գնում զուտ կենցաղային պատճառներով. կիրակի է, առավոտ կանուխ չեն ցանկանում եկեղեցի գնալ, հոգնել են շաբաթվա ընթացքում, ցանկանում են տանը մնալ, պտույտի գնալ:

Մեզ համար ինքնությունը պահպանելու դյուրին խողովակը դարձել է Եղեռնի ճանաչումը: Հանգիստ ձգենք մեր նահատակներին, որոնք անթաղ մնացին Դեր Զորի անապատներում, «սուրբ թաղում» կատարենք և փորձենք մեր ողջ մնացած հայությունը փրկել: Ես հասկանում եմ` հոգնած ենք, բայց պետք է նոր քաղաքականություն և նոր աշխատաձևեր որդեգրենք՝ նոր մարտահրավերները դիմագրավելու համար: Ի՞նչ է լինելու, երբ Թուրքիան ճանաչի Եղեռնը:  Մի պարզ համեմատություն անեմ: Ի՞նչ եղավ, օրինակ, երբ Հայաստանն անկախացավ: Անձնական օրինակով փորձեմ միտքս բացատրել: Ես հայեցի, հայհոգի դաստիարակություն եմ ստացել: Հայրս հայկական թերթի խմբագիր էր և կըսեր, որ անկարելի է՝ մեր կենդանության օրոք Խորհրդային Միությունը փլուզվի, մենք պետք է չտեսնենք անկախ Հայաստան: Ու երբ փոքր էի, հիշում եմ, որ ամեն երեկո աղոթում էինք ու այլ բաների հետ նաև խնդրում, որ մեր թոռները անկախ Հայաստան տեսնեն (խեղդելով հուզմունքը` շարունակում է-հեղ.): Մեր աղոթքները տեղ հասան, ու մեր երազանքը կատարվեց: Երբ հայտնի էր, որ Խորհրդային Միությունը պիտի փլուզվեր, մեր գաղութները, որոնք մինչ այդ այդ երազանքով միացած էին, ոգևորված էին մեր հայապահպանությամբ, հայութունը ողջ պահելու համար աշխատանք կը տանեին` ուժաթափ եղան: Հայրենիքի զարթոնքը ոգևորեց Սփյուռքի մեջ ապրող հայերին, բայց ատոր զուգահեռաբար մենք ներքին ճակատում ուժաթափ եղանք, հանգստացանք: Լքեցինք մեր հայպահպանության գործը, որովհետև… հայրենի´ք կա, և հայրենիքով զբաղած ենք, կենտրոնացած ենք հայրենիքի վրա և Ցեղասպանության ճանաչման` առավոտ-գիշեր Ցեղասանության մասին կը խոսինք: Մինչդեռ Սփյուռքի հայկական դպրոցների շրջանավարտը հազիվ հայերենի տարրական իմացություն է ունենում:

20 տարվա մեջ զգալի է ձուլումը: Այս ամենով պետք է զբաղվենք: Նորից եմ ուզում կրկնել` ահավոր, ահավոր ձուլում կա Սփյուռքում, հատկապես` մշակութային: Ողջ կը մնա խոհարարությունը, մեր կերակուրներով կը հպարտանանք, բայց հայությունը մշակույթ է, հայությունը գիր է. Մաշտոցը այբուբեն ստեղծեց, որ չկորսվինք: Մինչև հիմա մեր ազգային ինքնությունը պահպանել ենք մեր մշակույթի շնորհիվ: Մենք մեծ ազգ չենք, դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, բայց մեր ինքնությունը պահպանել ենք մեր մշակույթի և մեր Եկեղեցու շնորհիվ: Ուրեմն՝ պետք է սկսենք այդ երկու ազդակների վրա մեր ուշադրությունը կենտրոնացնել ու հառաջանալ: Դրանք են միակ խողովակները մեր ազգային գոյատևման:

Ու նման իրականության մեջ, երբ Արևմտյան Հայաստանը կորցրել ենք, և հայ չի մնացել, վեր են հառնում իսլամացած հայերը: Հրաշքներ միշտ են լինում, բայց մեր նախատեսելի իրականության մեջ մենք այսօր Արևմտյան Հայաստանը չենք կարող վերականգնել, ինչպես որ կար: Եվ կոգևորվենք, երբ կտեսնենք` Սասունի մեջ, Մուշի մեջ, Վանի մեջ թաքուն հայեր կան, ովքեր եկեղեցիի ավերակների մեջ գաղտնի մոմ են վառում, իրենց ինքնությանը կուզեն վերադառնալ, կուզեն հայերեն սովորել:

Մեր իրականությունը շատ մտահոգիչ է. հայրենիքի մեջ արտագաղթ կա, Սփյուռքում` ձուլում: Եվ այդ իրականության մեջ տեսնել, որ բոլորովին ջարդված չենք, որ մեր ավերակների մեջ, ինչպես Զեբալն է ասում, ծաղիկ է բուսնում, մեզի կոգևորե: Բայց միայն այդքանը… դա ընդամենը ծաղիկ մըն է, ավերակ, այդ շենքը դեռ չի վերակառուցվել:

Այս հուսահատիչ իրականությունն է, որ զիս մղեց իսլամացած հայերով զբաղվել, որը հիանալի և սքանչելի նյութ է:

– Պարո´ն Հաճեան, շատ հետաքրքիր է, նաև հուզիչ, շփվել մարդկանց հետ, ովքեր նոր-նոր են սկսում իրենց ինքնությունը բացահայտել: Իսկ դուք ի՞նչ բացահայտեցիք Ձեզ համար:

– Արևմտյան Հայաստանում ամեն մի պահը, հանդիպումը բացահայտում էր ինձ համար: Շատ հետաքրքիր, հուզիչ դեպքեր կարող եմ հիշել, բայց կառանձնացնեմ Սասունում պատահած մի դեպք, որը կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկը եղավ:

Սասունը բոլոր հայերիս կը հրապուրե: Սասունի մեջ տակավին քրիստոնյա հայեր կան, բնակչության մեծ մասը հայախառն է, ամենն էլ հայ ազգական ունեն: Կը կարծեմ, որ եթե բոլոր հայերս սասունցի լինեինք, մեր պատմությունը տարբեր եղած կլիներ (կարծես «արդարանալով» շարունակում է` ես սասունցի չեմ, կիլիկիահայ եմ-հեղ.):

Պատահական չէ, որ մեր էպոսը «Սասունցի Դավիթ» է կոչվում, և որ Դավիթը սասունցի է: Երբ Սասուն ես գնում, հասկանում ես, թե նա ինչու է հատկապես սասունցի:

Կյանքիս ամենաերջանիկ պահերից մեկը եղավ, երբ Սասունի Քյոմեկ գյուղում երկու հովվի` հայ քրիստոնյա Նուրհանի և արաբ, իսլամ սասունցի հովվի հետ լեռ բարձրացանք: Երբ լեռան գագաթին երկու հոտերը զատվեցան, ես հայ հովիվի հետ գնացի: Լեռան գագաթից երևում էր Սասունի ողջ լեռնաշխարհը, որը կարծես փռված էր առջևս: Եվ անխուսափելի էր մտածելը, թե ինչպես ասիկա կրցած ենք կորցնել: Բայց սա ամենը չէր. ամենահուզիչը դեռ առջևում էր: Երբ հիանում էի առջևս փռված տեսարանով, հանկարծ փչեց մեղմ հովը, ու ականջիս հասավ արաբ հովվի ձայնը` Նուրհան, Նուրհան… Հայի անուն մը լսել այդ սարերի մեջ, Եղեռնից գրեթե 100 տարի վերջ` շատ հուզիչ բան մըն էր…

Նուրհանի կինը, ով Մուշի Արփի գյուղեն էր, սահուն կերպով խոսում էր իր մայրենի` Մուշի հայոց բարբառով և կը կարծեր, որ իմ հայերենը բոլորովին տարբեր է: Շատ հուզիչ էր գտնվել մի տանը, որը Արևմտյան Հայաստանի այն վերջին կղզիներեն էր, որտեղ տակավին ողջ է մնացել հայությունը: Տեսնել հայկականության այդ վերջին բջիջը Հայոց հին աշխարհի մեջ` հուզիչ ապրում մըն էր…

…Պատմություններ շատ ունեմ, հիմա չեմ ուզեր բաժնիլ, կուզեմ, որ գրքիս համար պահպանվի: Կներեք այս անձնասիրության համար, գուցե ագահություն է արածս, բայց կուզեմ, որ հասկանաք ինձ:

– Ձեր ցանկությունը հասկանալի է, ու ինձ, և ոչ միայն, ստիպում է անհամաբեր սպասել, թե երբ այդ պատմությունները կդառնան «բոլորինս»: Այժմ անդրադառնանք հետևյալ հարցին. հետաքրքիր է՝  մեր վերաբերմունքը իսլամացած հայերի նկատմամբ ինչպիսի՞ն պետք է լինի:

– Ես դատավոր չեմ, միայն կարող եմ ասել, որ պետք է զգույշ լինենք, նրանք մեզմե լավ գիտեն, թե ուր կապրին, ովքեր են իրենց դրացիները: Եթե իրենք մինչև հոս կրցան հասնել և ողջ պահել իրենց հայկական ինքնությունը, նրանց պետք է հարգենք: Եթե նրանք օգնության կարիք ունենան, գիտեն, թե ուր և ինչպես դիմել:

Ու որպես հարցի պատասխան` դրվագ մը պատմեմ: Առաջին համշենցին, ում հետ կապվեցա, կպարտիմ ինտերնետին` Ֆեյսբուքին (Դիմատետր): Նա հետս կապվեցավ համշեներենով, որը մեր ամենահին բարբառներից է, որն իրենք ձևով մը ողջ են պահել: Երբ հին ժամանակի ծալքերից եկող հայերենով հետս կապվեցավ, կարծես հազար տարվա կամուրջ մը փռվեցավ առջևս: Այդ մարդը հետս հազար տարվա հայերենով կը խոսեր, և Հայաստանին (սա էր ցնցողն ինձ համար) Հայք կըսեր: Հազար տարվա բաժանումից հետո մենք վերագտանք իրար: Դա շատ տպավորիչ պահ էր ինձ համար:

– Իսկ նրանց վերաբերմունքը Հայաստանի, հայերի նկատմամբ ինչպիսի՞ն է:

– Նրանց մեջ շատերը կան, ովքեր իրենց հայ են համարում, ոգևորված են Հայաստանով, ցանկանում են Հայաստան գալ, իսկ երբ գալիս են` հուզվում են, ուրախանում, որ իրենց ինքնությունը վերագտած են: Մաս մըն էլ կա, որ իրեն թուրք է համարում: Ի՞նչն է պատճառը՝ հայտնի չէ` վա՞խը, թե՞ անկախ կամքով են իրենց թուրք համարում: Բայց ես, օրինակ, չեմ կարողանում նրանց թուրք համարել: Նա կարող է չզգալ, բայց ես եղբայրություն եմ զգում նրա հանդեպ:

– Պարո´ն Հաճեան, շատ հետաքրքիր ու հագեցած զրույց ստացվեց: Ու եթե որևէ բան կցանկանաք հավելել, միայն ուրախ կլինեմ:

– Այո´, բավականին համապարփակ զրույց մը եղավ… Իսկ ինչ կցանկանամ ավելացնել… Ինչպես ամեն հայ` մտահոգ եմ հայության ներկա վիճակով, բայց ավելի գեշ պատմական շրջաններ ենք ապրել: Այո´, Արարատն այսօր անհաս կյանքի փափագ է, բայց ինչպես Սևակն է ասում` «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»: Ես հավատում եմ…

– Միայն թե, ինչպես մի առիթով ասել եք` երանի հայերս պակաս գաղթականի ոգի ունենայինք, կառչած մնայինք այն հողին, ուր ծնվել ենք…

– Այո´, դժբախտաբար կամ բարեբախտաբար, մենք քաղքենի ժողովուրդ ենք: Չենք գիտեր, թե իրականության մեջ ինչ գաղտնի կամ անտեսանելի թելեր են, որ մեզի ողջ կը պահեն: Բան մը կա. թերևս այդ քաղքենիության շնորհիվ է, որ ողջ ենք այսօր: Բայց ես չեմ սիրեր այդ գաղթականության ոգին, ես կուզեի, որ արմատին, հողին կառչած լինեինք: Մենք էլ ծառերի պես ենք, մենք էլ հողի պետք ունենք: Ես ատիկա տեսած եմ Արևմտյան Հայաստանում: Նախանձով, բարի նախանձով տեսել եմ, որ իսլամացած հայերը ի՜նչ հպարտությամբ էին խոսում իրենց հողի մասին: Ինչպես էին հպարտությամբ պատմում, որ այդ հողը իրենց ընտանիքին է պատկանել շուրջ 500 տարի, երբ, օրինակ, իրենց նախնիները Սասունից գաղթել են Մուշ: Եվ այդ ամենը նրանք կը սիրեն, գիտեն ամեն մի սարի, քարի, ծառի պատմությունը: Այդ հողի վրա նրանք պատմություն ունեն: Իսկ ես, ընտանիքս ու ինձ նման շատերը ապրել, ապրում ենք մի վայրում, որտեղ մենք պատմություն չունենք: Ու այդ իմաստով ես նրանց նախանձում եմ:

Երանի՜ չունենայինք այդ ոգին  և կառչած մնայինք մեր հողին, ավելի քաջ լինեինք: Քյուրդը, ով մեր պատմական հողերի վրա նստած է ու կը բազմանա, մեզնից ավելի լավ պայմաններում չի ապրում: Մենք դաժանության զոհ եղած ենք, չեմ մոռանա՝ Ջարդ եղած է, չեմ մոռանա, բայց մի փոքր քաջ պետք է լինեինք, տոկուն լինեինք և դիմագրավեինք: Այո´, նեղ են մեր պայմանները, բայց քյուրդը մեր հողի վրա նստած է ու կըբազմանա: Իսկ նրա պայմանները լա՞վն են…

Դե  իհա´րկե, մենք ավելի խելացի ենք, և քանի որ ավելի խելացի ենք, կարող ենք ավելի շատ դրամ շահել, քանի որ դրամ կարող ենք շահել` կարող ենք Արևմտյան Հայաստանից Պոլիս երթալ և Պոլսից` Փարիզ, Փարիզից` Նյու Յորք: Ես էլ, ցավոք, նման անհատ մըն եմ, բայց… հողը  հող է:

– Հողը հող է  և ուժ ունի…

– Այո´, և այդ ուժը կը փոխանցե, տարբեր է… Հողի տերը նա կարող է լինել, ով այդ հողի վրա է նստած: Դուրսեն գոռալ՝ այդ հողերը մերն են…անօգուտ է…

Հ.Գ. Աւետիս Հաճեանը ազատ լրագրող է, ներկայում ապրում է Նյու Յորքում:  Աշխատակցում է Նյու Յորքի «Ինթերնեշնլ բիզնես թայմս» և Արգենտինայի «Լարանսիոն» պարբերականներին, ինչպես նաև Լիբանանի «Բագին» հանդեսի խմբագրական կազմի անդամ է, Նյու Յորքի Համազգայինի մասնաճյուղի ատենապետ: Աւետիս Հաճեանը իսլամացած հայերի մասին պատմություններն ամփոփել է հրատարակվելիք գրքում, որը լույս կտեսնի ամռանը:

Զրուցեց Լուսինե Աբրահամյանը

Scroll Up