Disney Non-Stop. սիրելի մուտֆիլմերի սաունդթրեքերը կկատարի Երիտասարդական նվագախումբը
Հայտնի ու սիրելի մուտֆիլմերի սաունդթրեքերը կհնչեն մեկ համերգում ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Նվագախմբի նոր նախագիծը կգրավի ոչ միայն մեծ, այլև փոքր հանդիսատեսին:
Մայիսի 30-ին, 31-ին և հունիսի 1-ին կայանալիք երեք համերգների ընթացքում Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում նվագախումը կներակյացնի իր նոր` «Դիսնեյ նոն-ստոպ» (Disney Non-Stop) համերգային ծրագիրը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նվագախմբի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը նշեց, որ նոր համերգային ծրագիրը` արդեն սիրված «Հոլիվուդ նոն-ստոպ» համերգաշարի շարունակությունն է: «Այս համերգաշարը ևս շարունակական է լինելու և առաջիկայում իրականացվելու են նաև այլ, այդ թվում` «Հայ ֆիլմ non-stop» համերգաշարը»,- պատմեց նվագախմբի տնօրենը: «Դիսնեյ նոն-ստոպ» խորագրով երեք համերգների ընթացքում կհնչեն հայտնի մուլտֆիլմերի սաունդթրեքերը և մեծ էկրանի վրա կցուցադրվեն հատվածներ այդ մուլտֆիլմերից: Ներկայում Երիտասարդական նվագախումը հստակեցնում է մուլտֆիլմերի ցանկը:
Նախքան ստեղծագործությունների ցանկի վերջնական հաստատումը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը կարող էին դառնալ մուլտֆիլմերի ընտրության մասնակիցը: Հայտարարված քվեարկության արդյունքում առավելագույն ձայներ ստացել է The Lion King հայտնի մուլտֆիլմը, որի սաունդթրեքը կկատարվի համերգի ժամանակ:
«Հոլիվուդ նոն-ստոպ»-ը հանդիսատեսի կողմից սիրված և սպասված ծրագիր է, որը մեկնարկել է 2012 թվականին և ներկայացվել երևանյան 8 բուհերում, որտեղ ավելի քան 6000 ուսանողներ ունկնդրել են հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունը։ 2013 թվականին «Հոլիվուդ նոն-ստոպ»-ը ներկայացվել է նաև հանրապետության մարզերում, մասնավորապես՝ Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում, Արտաշատում։ Այս քաղաքներում հանդիսատեսը մեծ ոգևորությամբ է ընդունել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները՝ բարձր գնահատելով ինչպես հոլիվուդյան ֆիլմերի մեղեդիների կատարումները, այնպես էլ դասական երաժշտությունը մարզերում ներկայացնելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ջանքերը։
http://armenpress.am/