Թուրք ազգայնականների կողմից առաջադրված 2 հայ թեկնածուները խոսել են իրենց մասին

Թուրքիայում «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության կողմից Ստամբուլի Բաքըրքյոյի շրջանում ՏԻՄ ընտրություններին ավագանու թեկնածուներ  առաջադրված 2 հայ թեկնածուներ Ներսես Երեմյանը եւ Էլմաս Կիրակոսը Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում խոսել են իրենց մասին։

67-ամյա Ներսես Երեմյանը նշել է, թե սովորել է Մարմարայի համալսարանի ատամնաբուժության բաժնում, որից հետո դասավանդել է հիշյալ համալսարանում, իսկ հիմա աշխատում է որպես ատամնաբույժ։ «Հայերեն չեմ կարող կարդալ, սակայն շատ լավ խոսում եմ։ Մայրս հույն է, հայրս՝ հայ։  Երբեք Հայաստան չեմ գնացել, առիթ չի եղել։ Ես հավատացյալ եմ, ամեն կիրակի գնում եմ եկեղեցի եւ աղոթում եմ։ Թուրքիայում ենք ապրում եւ պետք է սիրենք մեր երկիրը, չնայած մեր կրոնը տարբեր է»,-ասել է Ներսես Երեմյանը՝ հավելելով, թե «Ազգայնական շարժում» կուսակցությունից երբեք վատ բան չի տեսել։

Բաքըրքյոյում ազգայնականների կողմից առաջադրված հաջորդ թեկնածու Էլմաս Կիրակոսը ծնվել է Ամասիայում, սակայն մեծացել է Բաքըրքյոյում։ Նա պատմել է, թե ինքը երբեք չի թաքցրել իր հայ լինելը եւ մշտապես այցելում է եկեղեցի։ «Ես ազգությամբ հայ եմ, սակայն Թուրքիայի քաղաքացի։ Հավատում եմ, որ Բաքըրքյոյում սիրված եմ։ Ընկերներս ստիպում են, որ մտնեմ քաղաքականություն։ «Ազգայնական շարժում» կուսակցությունը հայրենքիը սիրող եւ ազգային փոքրամասնություններին հարգող կուսակցություն է, այն ռասիստական կուսակցություն չէ»,-ասել է Էլմաս Կիրակոսը։

Նշենք, որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը Բաքըրքյոյում եւս 2 հայ թեկնածու է առաջադրել ավագանու ցուցակում՝ Արեւ Ջեբեջի եւ Մարգարիտ Դիքմե։

Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նույն շրջանում ներկայացրել է 3 հայ թեկնածուի անուն՝ Լեւոն Նորայ Օզանաթ, Անդրանիկ Շիրինօղլու ե Անդրանիկ Դիքթաշ։

Իսկ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունն էլ հենց Բաքըրքյոյի քաղաքապետի թեկնածու է առաջադրել ազգությամբ հայ Նվարդ Բաքըրջըօղլուին։

 NEWS.am

Scroll Up