ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային համահայկական ձմեռային խաղերի Լիբանանի և Կիպրոսի կենտրոնի անդամներին
Փետրվարի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային համահայկական ձմեռային խաղերի գործադիր կոմիտեի անդամ Միսաք Նաջարյանին, Համահայկական ձմեռային խաղերի Լիբանանի կենտրոնի անդամներ Նշան Համամջյանին, Վահան Համամջյանին և Կիպրոսի գործադիր կոմիտեի անդամ Հարութ Թահմազյանին:
Հյուրերը նախարարին շնորհակալություն հայտնեցին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև ներկայացրին մարզիկների գրանցած հաջողությունները:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց հաղթանակների կապակցությամբ և իր գոհունակությունը հայտնեց Մերձավոր Արևելքի երկրներից հաջողության հասած մարզիկների ելույթների կապակցությամբ: Քննարկվեցին Լիբանանի հայ համայնքի ներկայիս իրավիճակին և Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին առնչվող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին համահայկական երեք մարզական միությունների՝ ՀՅԴ Հայ մարմնակրթական ընդհանուր միության, ՍԴՀԿ Հայ մարմնակրթական միության և ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության կողմից ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հանձնվեց Համահայկական առաջին ձմեռային խաղերը խորհրդանշող հուշանվեր: