Վրաստանի նախագահն այցելել է էջմիածին եւ հանդիպել բանակային տարիների իր ընկերոջը

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելիշվիլին այցելել է Էջմիածին եւ հանդիպել բանակային տարիների իր ընկերոջը` Ռոբերտ Աբրահամյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահը facebook-ի պաշտոնական էջում տեղադրել է հանդիպման լուսանկարներն ու թողել գրառում, որ շատ երջանիկ է հին ու հարազատ ընկերոջը կրկին հանդիպելու համար:

Նախագահը գրել է, որ Ռոբերտ Աբրահամյանի հետ պատահական ծանոթացել է փողոցում՝ Էջմիածնի զորամասում ծառայելու ժամանակ, և մինչ օրս նրանք ընկերական հարաբերությունների մեջ են: Վրաստանի նախագահի խոսքով՝ նա չէր կարող չայցելել իր վաղեմի ընկերոջը, ով ժամանակին վեց ամիս իրեն խնամել է սեփական տանը: Իր էջում նախագահը գրել է, որ հայ-վրացական հարաբերությունները պատմական են եւ այդ պատմական հարաբերությունների լավագույն արտացոլանքն իր ու Ռոբերտի ընկերությունն է:

Հանդիպմանը  Ռոբերտ Աբրահամյանը նշել է, որ ընտանիքում շատ երջանիկ ու հպարտ էին, երբ Մարգվելիշվիլին ընտրվեց նախագահ:

«Երբ կինս ասաց, որ Մարգվելիշվիլին եկել է Հայաստան, շատ ուրախացա: Իսկ երբ մեզ հայտնեցին, որ նա ցանկություն է հայտնել այցելել մեզ, հուզվեցի: Մենք անհամբերությամբ սպասում էինք այս այցին»,- հանդիպմանն ասել է Ռոբերտ Աբրահամյանը:

Աբրահամյանների ընտանիքը զբաղվում է երաժշտությամբ: Ռոբերտ Աբրահամյանը մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում եւ աշխատում է Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում:

armenpress.am

12833315055_24a827561f_b timthumb Untitled Untitled1 Untitled12 Untitled123

Scroll Up