Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերը հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունեց երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:
«Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննեսյանը քննարկեցին երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական և մշակութային կապերի առավել զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:
Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Գաուկը հույս հայտնեց, որ Վահան Հովհաննիսյանն իր փորձը և գիտելիքները կներդնի՝ ի նպաստ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը վստահեցրեց, որ ինքը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների խորացման և ամրապնդման ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: