Առաջին դասը շաբաթօրյա դպրոցում
Օրերս Շտուտգարտի «Մեսրոպ Մաշտոց» (Mesrob Mashtoz) շաբաթօրյա դպրոցում տեղի ունեցավ առաջին դասը: Էսլինգենի և Շտուտգարտի հայկական մշակութային կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքում Բադեն – Վյուրթենբերգի հայկական համայնքը բացեց շաբաթօրյա դպրոց 6 – 16 տարեկան երեխաների համար: Բացումից առաջ կազմակերպիչները ծնողներին հրավիրել են նախնական զրույցի, որի ընթացքում անցկացվել են քննարկումներ «դպրոց» հասկացության և կազմակերպչական մանրամասների վերաբերյալ: Դպրոցի ուսուցիչները և ուսուցչուհիները նույնպես ներկայացել են ծնողներին:
«Մեսրոպ Մաշտոց» շաբաթօրյա դպրոցը հնարավորություն է տալիս երեխաներին սովորել հայերեն, միաժամանակ հայերենի առկա գիտելիքները կայունացնել կամ խորացնել: Դրա հետ մեկտեղ երեխաները սովորում են նաև Հայաստանի պատմությունը, իրենց ազատ ժամանակ զբաղվում են սպորտով, երաժշտությամբ և նկարչությամբ: Անհրաժեշտության դեպքում կա նաև հնարավորություն ստանալ լրացուցիչ դասընթացներ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, անգլերեն և գերմաներեն առարկաներից: Բացի այդ, ամիսը մեկ անգամ կազմակերպվելու են էքսկուրսիաներ, որոնք կծառայեն երեխաների ավելի լավ ինտեգրմանը:
Հատկապես ուրախացնող է այն փաստը, որ ծնողների ցանկությամբ անցկացվելու են նաև հայերենի դասընթացներ չափահասների համար (յուրաքանչյուր ամսվա առաջին և երրորդ շաբաթ օրերին, ժամը 13:00 – 15:00): Մարտից կգործեն նաև հայկական խոհանոցի և երգ – երաժշտության դասընթացներ չափահասների համար: