Մեծ Բրիտանիայի պառլամենտում խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման մասին
Պաշտոնական Լոնդոնն անհանգստացած է հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման փաստերի և պահպանվող լարվածության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՄԲ խորհրդարանի պաշտոնական կայքը, այս մասին ասվել է Միացյալ Թագավորության պառլամենտի պատգամավոր Սթիվեն Փաունդի նախաձեռնած բանավեճի ժամանակ, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարկ Սիմմոնսը: Իր ելույթի ժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է խոչընդոտել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի զարգացմանը` պատճառ դառնալով նաև տարածաշրջանում անկայունության համար: «Մեծ Բրիտանիան անհանգստացած է շփման գծում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների կապակցությամբ»,- ասել է Սիմմոնսը` ընդգծելով, որ իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ պաշտոնական Լոնդոնն ու միջազգային հանրությունը պատրաստ են անհրաժեշտ պահին ցուցաբերել իրենց աջակցությունը հակամարտող կողմերին:
«Որքան ավելի երկարաձգվի հակամարտությունը, այնքան ավելի շատ կորուստներ կլինեն, և ավելի բարդ կլինի խաղաղ հանգուցալուծում տալ խնդրին»,- ասել է Սիմմոնսը` կոչ անելով կողմերին զերծ մնալ սադրանքներից: Նա նշել է, որ բրիտանական կառավարությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի` ուժի կիրառումից հրաժարվելու, տարածքային ամբողջականության և ազգերին ինքնորոշման սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան Հայաստանի և Ադրբեջանի ընկերն է` որպես եզրափակում Սիմմոնսն ասել է, որ հակամարտող կողմերի գործադրած ջանքերը կարող են հանգեցնել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ու կայունությանը:
armenpress.am